Երբեմն անհրաժեշտություն է առաջանում վարձել երեխային խնամող դայակ, հիվանդապահ կամ կենդանապահ: Եվ մինչ ինչ-որ մեկի ծառայությունից կօգտվես՝ ցանկանում ես որեւէ կերպ տեղեկանալ նրա աշխատանքի, ծառայությունների որակի մասին, սակայն այսօր չկա մի կազմակերպություն, որը կմիավորի այդ ծառայությունները մատուցող բոլոր անհատներին, որոնք կտրամադրեն հստակ տեղեկատվություն (կրթության, առողջության, աշխատանքային փորձի, դատվածության, դավանանքի եւ այլն) նման ծառայություններ առաջարկող անձանց մասին: Քաղաքակիրթ երկրներում, երբ ցանկանում ես բնակարանդ վարձակալության հանձնել, ինտերնետային համապատասխան կայքերի միջոցով կարող ես պարզել, օրինակ՝ քո սեփականության վարձակալը դատապարտված եղե՞լ է, թե՞ ոչ: Իսկ ինչ վերաբերում է երեխայի համար դայակ գտնելու հարցին, ապա մեր առաքելական եկեղեցու հետեւորդները չեն ցանկանա, որ նույնիսկ 1 շաբաթով իրենց մանուկին խնամի մի անձ, որը, ասենք՝ աղանդավոր է՝ Եհովայի վկա: Կամ հիվանդապահը լինի մաշկային վարակիչ հիվանդ: Այսպես շարքը կարելի է շարունակել: Նման կենտրոնները նույնպես որոշ պատասխանատվություն կկրեն անազնիվ կամ անբարեխիղճ գործելակերպի համար: Ուստի կենտրոնները շահագրգռված կլինեն իրենց մոտ գրանցել միայն փորձնական աշխատանքային փուլ անցած, լավագույն երաշխավորագրեր, որակներ ունեցող անձանց: