Տեսնելով, որ մայրաքաղաքը ավտոմեքենաներից բեռնաթափելու հարցը ոչ մի կերպ չի լուծվում, երեւանցիները սեփական «նախագծերն» են առաջարկում:
Երեւանի կենտրոնում, «Կարապի լճի» հարեւանությամբ, Սայաթ-Նովայի եւ Տերյան փողոցների հատման ստորգետնյա հատվածում, որը հետագայում կարող է ծառայել նաեւ որպես գետնանցում, իմ կողմից առաջարկված՝ մետրոյի «Երիտասարդական» կայարանի լրացուցիչ մուտք ու ելքի կառուցման գաղափարն արդեն երրորդ տարին է՝ քաղաքային իշխանությունների կողմից որեւէ արձագանք չի ստանում: Առաջարկության հիմնական նպատակն է Երեւան քաղաքի չափազանց մեծ փոխադրական պոտենցիալ ունեցող մետրոպոլիտենի հնարավորություններն առավելագույնս օգտագործել՝ ինչ-որ չափով լուծելու մայրաքաղաքի փոքր կենտրոնի տրանսպորտի դժվարին եւ բարդ խնդիրը: Ակնհայտ է, որ այսօր մետրոպոլիտենը նվազագույն չափով է ծառայում քաղաքի տրանսպորտի աշխատանքին: Եվ զարմանալի չէ, որ այսօր մետրոյից օգտվում է քաղաքի բնակչության ընդամենը 5-6%-ը:
Մետրոյի՝ առաջարկվող լրացուցիչ մուտքի առկայության հանգամանքը կարող է մեծ փոփոխություն մտցնել կենտրոնի տրանսպորտի համակարգում: Զգալի չափով կավելանա մետրոյից օգտվողների թիվը, դրանով իսկ հնարավորություն կընձեռվի որոշ չափով կրճատել փոքր կենտրոնում գործող վերգետնյա բոլոր տեսակի փոխադրամիջոցները, բացի այդ, կնվազի օդի աղտոտվածությունը: Արտակարգ իրավիճակների դեպքում էլ այն կօգնի հնարավորինս արագ ապահովել, առանց խոչընդոտների եւ կարճ ժամկետում դատարկել կենտրոնը բնակիչներից: Եվ, վերջապես, նրա հետագա շահագործումը մոտ ապագայում կարող է անգամ դառնալ շահութաբեր:
Խանջյան-Կոմիտաս ավտոճանապարհի շինարարությունը կիսով չափ անգամ չլուծեց մայրաքաղաքը ավտոմեքենաներից բեռնաթափելու, ավտոխցանումների խնդիրը: Այդ իսկ պատճառով քաղաքի փոքր կենտրոնը դեռ կանգնած է տրանսպորտի գերհագեցվածության, հետագայում էլ՝ էլ ավելի աճմանը միտված բարդ պրոբլեմի առջեւ, որը, անկասկած, մայրաքաղաքի պատասխանատուներին, այնուամենայնիվ, կստիպի վերանայել այն եւ այս անգամ արդեն ավելի լուրջ զբաղվել այդ հարցով:
Արդեն խոսակցություններ կան, որ մետրոյի ծառայությունների գինը թանկանալու է, ինչի արդյունքում, իմ կարծիքով, էլ ավելի կնվազի նրա ծառայություններից օգտվողների թիվը:
Ուստի, առաջարկվող կառույցի իրագործման գաղափարից հրաժարվելը կամ դրա հետաձգումը, երկրի առջեւ այսօր ծառացած ծանր ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով, վերջնականապես կխաթարի տրանսպորտի՝ առանց այն էլ ոչ այնքան հուսադրող եւ բարվոք աշխատանքը քաղաքի փոքր կենտրոնում:
Չի բացառվում, որ առաջարկությանը ծանոթանալուց հետո կգտնվեն բարեգործներ, որոնք կօգնեն այս կարեւոր կառույցի իրագործմանը: