Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌ՝ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ

Փետրվար 18,2010 00:00

Մասնագետները գտնում են, որ վաղ հասակում սեռական բռնությունների ենթարկված երեխաների ապագան մարմնավաճառությունն է:

\"\"Չնայած մեր երկրում երեխաների դեմ ուղղված սեռական հանցագործությունները, պաշտոնական տվյալներով, մեծ թիվ չեն կազմում, սակայն դրանք ավելանալու միտում ունեն: Անչափահասների նկատմամբ սեռական բռնությունների թվի ավելացման պատճառներն այսօր օրենսդրական բացերն են, հեռուստատեսությունն ու սեռական դաստիարակության բացակայությունը: Չնայած պաշտոնական տվյալներին՝ մասնագետները փաստում են, որ մեր երկրում անչափահասները ենթարկվում են տարաբնույթ սեռական բռնության: Իսկ անչափահասության ընթացքում սեռական բռնության ճանապարհն անցածների ապագան մեկն է՝ մարմնավաճառությունը:
«Առավոտի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայ օգնության ֆոնդի Երեխաների աջակցության կենտրոնի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը: Նրա պատմելով՝ իրենց կենտրոնում դեպք է գրանցվել, որ մարմնավաճառ մայրը իր 16 տարեկան աղջկան 14 տարեկանից ներքաշել է այդ երեւույթի մեջ, եւ երեխան մանրամասն պատմել է, թե այդ տարիների ընթացքում ինչ է կատարվել իր հետ. «Ես չգիտեմ՝ դա թրաֆիքինգ է, թե՝ այլ բան, ես չեմ էլ ուզում որակել, թող իրավաբանը մտածի՝ դրա անվանումն ինչ է՝ որպես հանցատեսակ: Ես դրան նայում եմ սոցիալական տեսակետից, գոյություն ունի երեխա, որը տուժել է: Հարցն այն է, թե ինչպես ենք մտածում եւ ինչպիսի օրենք ենք գրում ու կիրառում. մեղմացնող հանգամանք կա, չկա եւ այլն: Կարեւորն այն է, թե ինչ հետք է թողնում երեխայի կյանքի վրա: Դժբախտաբար, ամեն տարի գրանցում ենք բռնության ենթարկված, ապա մարմնավաճառության ճանապարհը բռնած անչափահասների»: «Երեխաների աջակցության կենտրոնի» տվյալներով՝ 2007 թվականին գրանցվել է անչափահասների հանդեպ սեռական բռնությունների 31 դեպք, 2008-ին՝ 39, 2009-ին՝ 44:
Ցավոք, շատ հաճախ, հայկական մտածելակերպից ելնելով, ծնողները չեն ցանկանում բարձրաձայնել իրենց երեխայի նկատմամբ կատարված սեռական բռնության մասին: Լինում են դեպքեր, որ գործը հասնում է ոստիկանություն, սակայն բռնություն կատարածները պատիժ չեն կրում: Միրա Անտոնյանի ներկայացմամբ՝ Կոտայքի մարզում 14 տարեկան անչափահասը սեռական բռնության է ենթարկվել 5 տղամարդու կողմից. «Երեխայի մայրը Թուրքիայում էր եւ 2 փաստաբան էր վարձել: Երեխան մեր կենտրոնում էր, եւ դրանից ընդամենը 1 շաբաթ անց երեխային մեզ մոտից տարան՝ իբր ոչինչ չի եղել: Ամենայն հավանականությամբ, մայրը կարողացել էր դրանց հետ լեզու գտնել, ընդհանուր հայտարարի գալ: Նման դեպքերը շատ են: Մենք պետք է հստակ բաժանենք իրավական եւ սոցիալական մասերը»:
Ըստ Մ. Անտոնյանի, մի շարք օրենսդրական խնդիրներ կան, օրինակ՝ ապացուցողական փաթեթը. «Ինչպես են բռնության ենթարկված երեխային բացատրում, որ տեղի է ունեցել սեռական բռնություն: Այն, ինչը որպես գործընթաց այսօր գոյություն ունի իրավական ոլորտում, անընդունելի է: Շատ են դեպքերը, երբ բռնության ենթարկվածը դիմում է ոստիկանություն՝ լոգանք ընդունած եւ առանց բռնության հետքերի, ինչպե՞ս պետք է հաստատվի, որ բռնություն է եղել. ապացույցներ չկան: Սա այն մեխանիզմը չէ, որով պետք է շարժվենք: Ամբողջ աշխարհում «միակողմանի հայելի» տարբերակ գոյություն ունի: Սոցիալական աշխատողը կամ հոգեբանը աշխատում են երեխայի հետ, իսկ իրավաբանները հայելու մյուս կողմում հետեւում են ընթացքին եւ եզրակացություն տալիս: Եթե նրանց մոտ հարցեր են ծագում, դրանք ուղղում են հոգեբանի միջոցով: Այսինքն՝ ընդամենը 1-2 հոգի են աշխատում երեխայի հետ, ոչ թե երեխան բարդ հոգեբանական ճնշումներով մի քանի պրոցեդուրա է անցնում: Իսկ այսօր բռնության ենթարկվածները տարբեր ատյաններում պատմում են այդ մասին, իսկ ոստիկաններն էլ ասում են՝ այդ ինչ երեխա է, այնպես է պատմում, կարծես մի կտոր հացի մասին է խոսում»:
Թեեւ հայերս մեզ համարում ենք երեխասեր ազգ, սակայն քիչ չեն դեպքերը, երբ հենց ծնողներն են իրենց անչափահաս երեխային ներքաշում սեռական կապերի մեջ: Մեզ հետ զրույցում տիկին Անտոնյանը պատմեց, թե ինչպես է մայրը աղջկան դրդել սեռական կապի՝ նախ սեփական զուգընկերոջ եւ հետո՝ մեկ այլ տղամարդու հետ: «Այս 12 տարեկան երեխայի ծնողներն ամուսնալուծված են, իսկ ինքն ապրում էր մոր եւ նրա զուգընկերոջ հետ: Այդ կինը երբ զգացել է, որ ինքն առանձնապես չի հետաքրքրում իր տղամարդուն, նրանից չբաժանվելու համար իր անչափահաս աղջկան է հրամցրել: Չկարողանալով տան վարձը տալ՝ մայրը համաձայնել է իր երեխային այդ տան տիրոջ հարբեցող ու թմրամոլ 26-ամյա որդու հետ իբր ամուսնացնել: Այդ 1 տարվա ընթացքում 12-ամյա աղջնակը սեռական բնույթի ամենաահավոր բաների է ենթարկվել՝ հնդկական սեքսի տարբերակներով ու դաժանություններով: Հետո այդ երեխան մի կերպ փախչել է: Այս պահին երեխայի հետ հոգեբան է աշխատում: Նման դեպքերում նրանք դառնում են անտարբեր, քարացած ու զգացմունքային ապատիա է լինում նրանց մոտ, կամ էլ դառնում են սեռապես շատ ակտիվ: Բոլոր մարմնավաճառների կենսագրության սկիզբը վաղ տարիքում կատարված սեռական բռնությունն է»: Տիկին Անտոնյանի վստահեցմամբ՝ անչափահաս աղջիկների նկատմամբ սեռական բռնության առումով խոցելի խմբում են 14-17 տարեկանները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել