Չնայած հայ փորձագետների այն հաշվարկներին, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ իրական շրջանառությունը հասնում է Հայաստանի ապրանքաշրջանառության ողջ ծավալի շուրջ 25%-ին, ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների, այդ ցուցանիշը 2009-ի վերջին կազմել է 179 մլն դոլար կամ երկրի ապրանքաշրջանառության ողջ ծավալի ընդամենը 4,5%-ը: Վիճակագրական ծառայությունից «Արմինֆոյին» տրամադրված տվյալների համաձայն, 2009թ. ճգնաժամային տարում երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կրճատվել է 33,7%-ով: Հիշեցնենք, որ օրերս պաշտոնական աղբյուրներից հայտնի է դարձել, որ Երեւանն ու Անկարան բանակցություններ են վարում Հայաստանից Թուրքիա ցեմենտի եւ ալյուրի արտահանման շուրջ: Այդ նախագծի իրացումը կարող է նպաստել Հայաստանից Թուրքիա արտահանման ծավալների աճին, որը 2009-ի վերջին կազմել է շուրջ 1.2 մլն դոլար՝ Թուրքիայից Հայաստան ներմուծման 177 մլն դոլար ծավալի դեպքում: Մինչդեռ հայ-թուրքական սահմանի բացման դեպքում Հայաստանը կարող է զգալիորեն դիվերսիֆիկացնել միջազգային շուկաներ ելքի ուղիները՝ ավելացնելով իր ապրանքների արտահանման ծավալները: