ԱԺ-ի ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի խոսքով՝ իրենք դեմ չեն համայնքների ֆինանսական կարողությունների հզորացմանը, տեղական ինքնակառավարման համակարգի զարգացմանը, կողմ են տեղական հարկերի գաղափարախոսության ճշգրիտ ներդրմանը. «Բայց դեմ ենք, երբ չմշակված, չկանխատեսված առաջարկներ են անում ու փորձում են ներկայացնել այնպես, իբր թե երկրի փրկությունը այդ հարկատեսակների մեջ է»:
Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարոն Մինասյանը կրկին հիշեցրեց իրենց մտահոգությունները հարկային փաթեթի վերաբերյալ՝ «Հարկատեսակների ներմուծումը տնտեսական, սոցիալական, իրավական եւ քաղաքական ուղղություններով չունի անհրաժեշտ հիմնավորում»: Բանավեճին ներկա ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, հանրապետական պատգամավոր Վարդան Այվազյանի կարծիքով էլ, դեռ վաղ է քննադատել հարկատեսակները. «Ես էլ առարկություն ունեմ այս հարկատեսակներից, որոնք պետք է կիրառվեն եւ հերթական մեխանիզմներ պետք է լինեն, բայց մենք դեռ անունների մասին ենք խոսում, օրինակ, ինչ է վաճառքի հարկը՝ ես չեմ իմանում ու այս հարցադրումը տվել եմ: Հարկատեսակները սկզբունքորեն ընդունելի են, բայց ճշգրտման խնդիր կա»: Պարոն Մինասյանն էլ զարմանում է. «Ասում եք՝ չեք հասկանում, թե ինչ է վաճառքի հարկը, բայց գնալու եք կողմ քվեարկեք», պարոն Այվազյանն էլ հակադարձեց. «Վաճառքի հարկը դուրս է գալու այնտեղից, եթե որեւէ մեկը ասի ինձ, թե ինչ հարկատեսակ է ու ինչպես է գործելու, ես կասեմ շնորհակալություն»:
Պարոն Մինասյանն էլ հարց տվեց. «Կառավարությունը բերել է հարկատեսակների անվանումների մի փաթեթ, մենք էլ հիմա ասում ենք՝ սա հանենք, սա թողնենք, բայց ի՞նչ հիմնավորմամբ, նախ ինչո՞ւ եք բերել եւ ի՞նչ հիմնավորմամբ ենք հանում, սրանց պատասխան պետք է տանք»: Պարոն Այվազյանն էլ պատասխանեց. «Բերել են, որ դուք ձեր սեփական կարծիքով ասեք՝ վաճառքի հարկը հանեք ու ենթադրենք, մտցրեք մեկ այլ հարկատեսակ, կառավարությունը ձեզ հնարավորություն է տալիս կառավարմանը մասնակցելու»: