Լրահոս
Օրվա լրահոսը

Սակագինը որոշելը քաղաքական խնդիր է

Փետրվար 18,2010 00:00

\"\"Կարծում է Հանրային խորհրդի անդամը

Անդրադառնալով գազի սակագնի բարձրացմանը՝ Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանը կարծիք էր հայտնել, որ Հրազդան ՋԷԿ-ին մատակարարվող գազի սակագինը պետք է հաշվարկվի Ռուսաստանի ներքին շուկայական գնով, քանի որ ՋԷԿ-ը Ռուսաստանի Դաշնության սեփականությունն է: Նշենք, որ Հրազդանի ՋԷԿ-ը սպառում է մեր հանրապետություն մտնող գազի շուրջ 15%-ը:
Երեկ պարոն Սաֆարյանի հայտնած տեսակետի առնչությամբ «Առավոտի» հարցին ի պատասխան, «ՀայՌուսգազարդ» ընկերությունից հրաժարվեցին որեւէ մեկնաբանություն անել: Մեզ հետ զրույցում պարոն Սաֆարյանն ասաց, որ գազի սակագնի մասին որոշում կայացնելն ավելի շատ քաղաքական խնդիր է, այլ ոչ թե տնտեսական. «Պետք է «Գազպրոմի» հետ բանակցություններից հետո փոխըմբռնելի տարբերակ ընտրվի, որը ձեռնտու լինի եւ մեզ, եւ ռուսական կողմին, քանի որ գազի գնի բարձրացումը վատագույնս կանդրադառնա ինչպես ժողովրդի սոցիալական վիճակի, այնպես էլ տնտեսության բոլոր ճյուղերի վրա: Սակագնի բարձրացումը կհանգեցնի օգտագործվող գազի ծավալների կրճատմանը»: Նա համոզված է, որ «ՀայՌուսգազարդը» իր կողմից Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացրած իր սակագինը պետք է վերանայի, քանի որ այդ ընկերությունը գազը սահմանի վրա 1000 խմ-ն ստանում է $180-ով, իսկ մեր բնակչությանը ցանկանում է վաճառել $357-ով:
Պարոն Սաֆարյանից էլ հետաքրքրվեցինք, թե որպես Հանրային խորհրդի անդամ գազի սակագնի բարձրացման վերաբերյալ առաջիկայում ի՞նչ նախաձեռնությամբ է հանդես գալու: Ըստ նրա. «Մենք պետք է տեղեկանք պատրաստենք եւ հանձնենք մեր ֆինանսատնտեսական եւ բյուջետային հանձնաժողովին: Քննարկումներից ու ուսումնասիրություններից հետո որոշում կկայացնենք եւ կհայտնենք մեր դիրքորոշումն այդ խնդրի շուրջ»: Նրա խոսքերով, այս ամենը պետք է մինչեւ փետրվարի 24-ն արվի, քանի որ հենց այդ օրն է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գազի գնի վերաբերյալ նոր որոշում կայացնելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել