ՀՀԿ-ական եւ ՀՅԴ-ական պատգամավորների կարծիքով՝ պարտադիր չէ խնձորից բացի՝ այլ միրգ ուտել, լոլիկ, բազուկ, սմբուկ կամ այլ բանջարեղեն համտեսել եւ ամսական 4 խմ-ից ավելի գազ վառել:
Ո՞վ կարող է հստակ ասել, թե տարեկան քանի կիլոգրամ կարտոֆիլ, ձու կամ միս պետք է ուտի, քանի բաժակ թեյ պետք է խմի կամ քանի զույգ կոշիկ պետք է հագնի թոշակառու տատիկը՝ իր գոյությունը պահպանելու համար: Դուք կասեք՝ նայած տատիկ, նայած ախորժակ: Սակայն ԱԺ պատգամավորները կարողացել են ամենայն մանրամասնությամբ հաշվարկել, թե միջին հաշվով տատիկները տարեկան քանի ներքնազգեստ եւ հիգիենիկ պարագաներ պետք է օգտագործեն, քանի բաժակ ջուր պետք է խմեն, քանի անգամ լողանան եւ քանի հատ դեղ ընդունեն, որ չմեռնեն: Այդ հաշվարկները ներկայացված են «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին երկու նախագծերում: Դրանցից մեկի հեղինակը ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանն ու ՀՀԿ խորհրդի անդամ Կարեն Ավագյանն են, իսկ մյուսինը՝ դաշնակցության ներկայացուցիչներ Հրայր Կարապետյանը, Արծվիկ Մինասյանը, Ռուզաննա Առաքելյանը, Վահան Հովհաննիսյանը, Արա Նռանյանը եւ այլք:
Այս նախագծերից պարզ է դառնում, թե հայ երեխաների, աշխատող բնակչության եւ կենսաթոշակառուների ստամոքսի, գոյության նվազագույն պահանջների մասին ինչ պատկերացումներ ունեն հանրապետականներն ու դաշնակցականներն առհասարակ:
Այսպես, ըստ ՀՀԿ անդամների՝ երեխաներն օրական պետք է ընդունեն 200 գրամ հացամթերք: Դրա մեջ է մտնում ոչ միայն հացը, այլեւ ալյուրը, մակարոնեղենը, ձավարեղենն ու ընդեղենը: Այսինքն, եթե 16 տարեկան երեխան օրը մեկ ափսե չոր ու ցամաք փլավ ուտի՝ նրա հացամթերքի լիմիտն արդեն սպառված պետք է լինի, իսկ հետն էլ մի կտոր հաց ուտելու դեպքում՝ արդեն ավելցուկ կտա: Աշխատող միջին տարիքի մարդկանց համար անհրաժեշտ է օրական 360 գրամ հաց, կենսաթոշակառուներին՝ 280 գրամ: Դաշնակցականների կարծիքով՝ երեխաները, թոշակառուներն ու աշխատունակ բնակչությունը պետք է ուտեն օրը 200-270 գրամ հաց, 10-12 գրամ մակարոն, 27-30 գրամ ձավարեղեն եւ 8 գրամ ընդեղեն: Երկու կուսակցությունների առաջարկած նվազագույն զամբյուղի կազմում զուտ հացամթերքի քանակը տեսնելով՝ պարզ է դառնում, որ հանրապետականները մեր ազգին ուզում են խիստ դիետայով պահել ու դարձնել «չոփեր»:
Հայտնի է, որ մեծահասակները երեխաների պես կալցիումի պակաս են ունենում: Նրանց ոսկորները խիստ փխրուն են լինում, եւ նրանց պարզապես օդ ու ջրի պես անհրաժեշտ է ընդունել կալցիում, որն ամենաշատը կաթնամթերքի եւ մսամթերքի մեջ է: Մինչդեռ թե ՀՅԴ, թե ՀՀԿ ներկայացուցիչները գտնում են, որ մեր կենսաթոշակային տարիքի մարդկանց ո՛չ կաթնամթերք, ո՛չ էլ մսամթերք անհրաժեշտ չէ: Պարզ է, որ առանց այդ էլ մեր տատիկ-պապիկների թոշակն այնքան բարձր չէ, որ կարողանան ամսական գոնե մեկ անգամ մսով ճաշ ուտել՝ այն էլ ներկայիս բարձր գնաճի պայմաններում: Ինչ վերաբերում է կաթնամթերքին, հանրապետականների համոզմամբ՝ լրիվ բավական է, որ կենսաթոշակառուն օրական պանրից մի փոքր կճմթի, մի կում կաթ խմի, իսկ կաթնաշոռի կամ թթվասերի գոյության մասին կարող է հիշել ամիսը մեկ: Համեմատության համար նշենք, որ հանրապետականների պահած կատվի ձագի մեկանգամյա նախաճաշն անգամ ավելի հագեցած է կաթնամթերքով, քան մեր կենսաթոշակառուների համար առաջարկվող կաթնամթերքի ամսական քանակը: ՀՅԴ անդամների հաշվարկներով՝ տատիկ-պապիկները կարող են օրական 1 բաժակ կաթ խմել, ամսական 1 տուփ կաթնաշոռ ուտել եւ 19 գրամ պանիր: Ողջ տարվա ընթացքում թթվասեր նրանց ընդհանրապես պետք չէ՝ դժվարամարս է:
Ինչ վերաբերում է բանջարեղենին, Սամվել Նիկոյանի ու Կարեն Ավագյանի համար նորմալ է, երբ մարդիկ ուտում են սոխ, սմբուկ, լոլիկ, կաղամբ, բազուկ եւ բանջարեղենի այլ տեսակներ՝ օրական 250-300 գրամ ընդհանուր քաշով: Իսկ դաշնակցականների համար բանջարեղեն ասելով՝ պետք է հասկանալ միայն կարտոֆիլ, կաղամբ ու սոխ, բանջարեղենի այլ տեսակներ ո՛չ երեխաներին, ո՛չ աշխատունակ բնակչությանը եւ ո՛չ էլ կենսաթոշակառուներին պետք չէ: Ընդ որում, ՀՅԴ-ի հաշվարկներով՝ մինչեւ 16 տարեկան երեխաները սոխ էլ պետք է չուտեն: Սա այն դեպքում, երբ հատկապես հասունության եւ աճման շրջանում բժիշկները նրանց պարտադրում են ռացիոնում սոխի մեծ քանակություն ընդգրկել: Ի տարբերություն այս «համեստ» օրինագծային առաջարկի՝ դաշնակցականներն իրենց մի խորովածի վրա կիլոգրամով սոխ են լցնում, մինչդեռ մարդկանց առաջարկում են օրական 40 գրամից ավելի սոխ չուտել: Դաշնակցականները գտնում են, որ մրգերից՝ մարդկանց պետք է միայն խնձոր, այն էլ օրական 1 հատ, սալորի, ծիրանի, դեղձի, սերկեւիլի, առավել եւս՝ բանանի ու անանասի մասին մարդիկ պետք է միայն երազեն: Նույնիսկ ցիտրուսային մրգերը, որոնք վիտամին C են պարունակում եւ խիստ անհրաժեշտ են՝ տարատեսակ գրիպներին ու վիրուսներին դիմակայելու համար, ըստ ՀՅԴ-ի, ավելորդ ճոխություններ են: Դաշնակցականները նաեւ գտնում են, որ կենսաթոշակառուները օրական պետք է 49 գրամ շաքարավազ օգտագործեն. կուզեն՝ թեյի մեջ, կուզեն՝ թխվածքների, իսկ մարգարինի ու կարագի օգտագործումը հաշվարկել են տարեկան 4 կգ: Ինչպիսի՜ շռայլություն…
Սա՝ սննդային մասն էր: Առավել ուշագրավ են պատգամավորների հաշվարկները՝ ոչ պարենային ապրանքներից եւ ծառայություններից օգտվելու հետ կապված: Սամվել Նիկոյանն ու Կարեն Ավագյանը գտնում են, որ երեխաներին տարեկան՝ 1, իսկ մեծերին՝ տարեկան 2.5 տաք հագուստը լրիվ բավարար է, առաջարկում են գնել տարեկան 10-11 ներքնազգեստ, գուլպեղեն՝ տարեկան 4-6 զույգ: Թե՛ ՀՀԿ, թե՛ ՀՅԴ ներկայացուցիչները գտնում են, որ յուրաքանչյուր անձ պետք է օգտագործի ամսական 4 խմ գազ: Շատ հետաքրքիր է, թե, օրինակ, Սամվել Նիկոյանը կամ Վահան Հովհաննիսյանը ամսական որքա՞ն են վճարում «ՀայՌուսգազարդին», քանի՞ խմ գազ են օգտագործում: Ծայրը ծայրին հասցնող, 6 անդամից բաղկացած ընտանիքը, օրինակ, որքան էլ տնտեսի, ամսական գազամատակարարման համար վճարում է 25-30 հազար դրամ, այսինքն՝ մոտ 270 խմ, որը 1 անձի հաշվով 45 խմ է կազմում: Հասկանալի է, որ ամռանը գազի ծախսն ավելի քիչ է կազմում, բայց 4 խմ-ի մեջ տեղավորվել՝ նշանակում է սուրճը մոմի վրա եփել, բնակարանը չջեռուցել եւ ամսական 1 անգամ կամ ճաշ եփել կամ՝ լողանալ: Թող ընտրեն: