Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն դիրքորոշումը չի փոխել

Փետրվար 18,2010 00:00

Որոշ հանրապետականներ ծանոթ չեն իրենց կուսակցության դիրքորոշմանը

Արդեն երկրորդ օրն է, ինչ որոշ հանրապետականներ մամուլի ասուլիսներում սենսացիոն հայտարարություններ են անում, թե՝ չսպասելով Թուրքիայի կողմից հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը՝ Հայաստանը պետք է, որպես նախաձեռնող կողմ, ինքը առաջինը վավերացնի դրանք: Երկու օր առաջ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը հայտարարել էր, որ իր անձնական կարծիքով՝ «Արձանագրությունների վավերացման հարցում նախաձեռնությունը պետք չէ զիջել Թուրքիային: Հարաբերությունների կարգավորման նախաձեռնողը եղել է Հայաստանը, եւ ճիշտ կլինի այդպես էլ շարունակել: Մի բան է, երբ անընդհատ սպասում ես, թե ինչ պետք է անի Թուրքիան, որ հետո քայլեր անես, այլ բան է, որ դու քայլեր ես կատարում, եւ Թուրքիան կամ պատասխանում է դրան, կամ սկսում է արդարանալ»։
Մեկ այլ հանրապետական՝ ԱԺ հանրային կապերի եւ մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆիկ Պետրոսյանը երեկ հայտարարեց. «Քանի որ մեր նախագահն է նախաձեռնել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, փոխգործակցության պրոցեսը, մենք էլ պետք է շարունակենք: Ինձ մոտ տպավորություն կա, որ ԱԳ նախարարը մտածում է, որ մենք ձգձգենք վավերացումը Ազգային ժողովում, որ Թուրքիան իր վերաբերմունքը ցույց տա, եւ հետո մենք շարունակենք այդ պրոցեսը: Բայց ես չեմ կիսում այդ մոտեցումը: Եթե մենք սկսել ենք, ուրեմն պարտավոր ենք մինչեւ վերջ ցույց տալ, որ Հայաստանը, իր Սահմանադրությունից եւ իր շահերից ելնելով, այս նախաձեռնությունը մինչեւ վերջ պատրաստ է տանելու: Եթե Թուրքիան դեռ Մեջլիսում քննարկումը չավարտած՝ մենք վավերացնենք այդ պայմանագրերը, ցցուն կերպով կերեւա, որ Հայաստանն իր խոսքի տերը պետություն է եւ իր ձգտումների մեջ անկեղծ է, չի նայում, թե դիմացինը ինչ խորամանկությունների կգնա… Իմ կարծիքով՝ ՀՀԿ-ականների ճնշող մեծամասնությունն այս մտքին է, եւ քիչ են այդ ձգձգման կողմնակիցները, ես էլ այդ ճնշող մեծամասնության մեջ եմ մտնում եւ գտնում եմ, որ եթե սկսել ենք, անպայման պետք է շարունակենք»: Նա նույնիսկ հայտարարեց, որ «այդ արձանագրությունները 100%-ով ԱԺ-ն կվավերացնի, որովհետեւ կոալիցիան 90 եւ ավելի ձայներ ունի, իսկ քննարկումները ցույց են տալիս, որ ՀՀԿ-ում չկան վավերացմանը դեմ մարդիկ»:
Կարծում եմ, որ եթե պարոն Պետրոսյանը լիներ դաշնակցական, ապա կուսակցության դիրքորոշումից սկզբունքորեն տարբեր տեսակետ բարձրաձայնելու համար նրա անդամակցությունն, անշուշտ, կսառեցվեր: Սակայն, քանի որ նա ՀՀԿ-ական է՝ հատուկ պատժամիջոցի չի արժանանա, չնայած, կարծես, ծանոթ չէր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի լոնդոնյան ելույթին, որում շատ պարզ ասվեց. «Եթե հաստատվեն մեր կասկածները, որ Թուրքիայի նպատակը ժամանակ ձգձգելն է եւ ոչ թե հարաբերությունները կարգավորելը, ապա ստիպված ենք լինելու դադարեցնել այս գործընթացը»:
Երեկ, մամուլի ասուլիսում, «Առավոտի» եւ 7or.am-ի լրագրողները փորձում էին պարոն Պետրոսյանին բացատրել, որ իր ասածը չի համապատասխանում իր կուսակցության առաջնորդի խոսքի տրամաբանությանը: Ռ. Պետրոսյանն անդրդվելի էր եւ պնդում էր, թե դա ոչ միայն իր, այլեւ ՀՀԿ մեծամասնության տեսակետն է:
Մտածեցինք, որ այս օրերի ընթացքում գուցե սկզբունքային փոփոխություն է տեղի ունեցել ՀՀԿ դիրքորոշման մեջ: Ճշտելու նպատակով ասուլիսից հետո դիմեցի ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովին, ով վերջին շրջանում բացառապես պնդում է, որ արձանագրությունները ՀՀ Ազգային ժողովում կվավերացվեն միայն Թուրքիայի խորհրդարանում դրանց վավերացումից հետո: Է. Շարմազանովին հարցրի՝ փոխվե՞լ է ՀՀԿ-ի տեսակետը, եւ ՀՀԿ մեծամասնությունը իրո՞ք ուզում է արձանագրությունները վավերացնել մինչեւ Թուրքիայի կողմից դրանց վավերացումը: Ի պատասխան՝ նա ասաց, որ ՀՀԿ-ն իր դիրքորոշումը չի փոխել, եւ արձանագրությունները կվավերացվեն միայն եւ միայն Թուրքիայի խորհրդարանում դրանց վավերացումից հետո, իսկ պարոնայք Պետրոսյանը եւ Նիկոյանը արտահայտել են իրենց անձնական կարծիքը, որը համահունչ չէ կուսակցության դիրքորոշմանը. «Թե Ռաֆիկ Պետրոսյանը, թե Սամվել Նիկոյանը արտահայտել են իրենց անձնական կարծիքը եւ ասուլիսներում այդպես էլ ասել են: Հանրապետականի կարծիքը շատ հստակ է եւ չի փոխվել, այդ կարծիքը Լոնդոնում հնչեցրել է երկրի նախագահը՝ այո, մենք պատրաստ ենք վավերացնել այդ արձանագրությունները, բայց Թուրքիայի կողմից դրանք վավերացվելու դեպքում, որովհետեւ մշտապես այդ երկիրն է խոչընդոտներ հարուցել եւ  խոսել նախապայմաններով: ՀՀԿ մոտեցումը շատ հստակ է, եւ որեւէ բան չի փոխվել: Նախագահն այդ հարցերի մասին շատ հստակ խոսել է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել