Համենայնդեպս՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այդ մասին տեղեկացրել է ԵԽԽՎ նախագահին հունվարի 15-ին ուղարկած նամակում:
Տեղեկացրել ենք, որ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը փետրվարի 11-ին դիմել էր ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության քարտուղար Էսթերա Մկրտումյանին՝ խնդրելով իրենց տրամադրել ԱԺ նախագահի հաստատած՝ միջազգային խորհրդարանական կազմակերպություններում, միջխորհրդարանական հանձնաժողովներում ԱԺ պատվիրակությունների կազմավորման եւ գործունեության կարգերը, նաեւ հունվարի 12-ին ԱԺ նախագահի հրավիրած խորհրդակցության արձանագրությունը, նաեւ ԵԽ գլխավոր քարտուղարին փոխանցված նամակն ու փաստաթղթերի պատճենները՝ պատվիրակության անդամների մանդատների հաստատման վերաբերյալ: Արդեն փոխանցվել են մի քանիսն այդ փաստաթղթերից, որոնցում կան բազմաթիվ ուշագրավ մանրամասներ:
Ասենք, տրամադրվել է «Միջազգային խորհրդարանական կառույցներում ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական պատվիրակությունների գործունեության կարգի մասին» ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի 2003 թվականի հուլիսի 8-ի թիվ 7 կարգադրությունը: Եվ դրա բովանդակությունից պարզ է դառնում, թե ինչու էր այս փաստաթուղթն այսքան ժամանակ գաղտնի պահվում, ու «Ժառանգությունը» հարկադրված էր դիմել ոչ միայն ԱԺ նախագահին, այլ նաեւ մշտական հանձնաժողովների նախագահներին ու պատվիրակությունների ղեկավարներին: Ակնհայտ է, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ խմբակցությունների ղեկավարների միջեւ հունվարի 12-ի խորհրդակցության կազմակերպման ժամանակ չեն պահպանվել վերոհիշյալ կարգադրության պահանջները: «Այն ընթացել է այդ կարգադրության լրջագույն խախտումներո, եթե իհարկե, հիմք ենք ընդունում, թե այս կարգադրությունը գործում է,- մեր զրույցի ընթացքում ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը:- Բայց խնդիրն այն է, որ այս կարգադրությունը չի կարող մինչ այժմ գործել՝ մի շարք պատճառներով: 2009-ի ապրիլին «ԱԺ կանոնակարգ» օրենքում կատարվեց փոփոխություն, որով սահմանվում է, թե ԱԺ նախագահը հաստատում է խորհրդարանական պատվիրակությունների կազմավորման եւ գործունեության կարգերը: Մի կողմ եմ թողնում, որ այս ամբողջ փաստաթղթային բազայի հիման վրա եզրակացությունը մեկն է, թե չունենալով կազմավորման հաստատված կարգը՝ ապօրինի է դառնում ՀՀ խորհրդարանական պատվիրակության վերակազմավորումը: Ստացվում է, թե անցկացվել է խորհրդակցություն ընդամենը մի բանի համար, որ փոխատեղումներ կատարվեն պատվիրակության կազմում: Մինչդեռ վերոհիշյալ օրենսդրական փոփոխությունից հետո սա այդ թեմայով առաջին խորհրդակցությունն էր, ու դրա նպատակը պետք է լիներ օրենքով պահանջված փաստաթղթերի հաստատումը եւ դրանից հետո նոր՝ մնացած խնդիրների կարգավորումը»:
Այնուամենայնիվ՝ հիմք ընդունենք, թե Արթուր Բաղդասարյանի այդ կարգադրությունը մինչ այժմ գործող է: Ըստ այդմ՝ ԱԺ աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչությունը խորհրդակցության մասնակիցներին պիտի նախապես տրամադրեր «խնդրո առարկա նիստի օրակարգը» եւ աշխատանքային այլ փաստաթղթեր: «Նման որեւէ բան չի արվել,- պնդեց Ստյոպա Սաֆարյանը:- Ավելին՝ մեզ հրավիրելիս ուղղակի ասել են՝ եկեք զրուցելու ԱԺ նախագահի հետ, նույնիսկ չեն ասել, թե դա խորհրդակցություն է»: Մեկ այլ օրինակ. ըստ 2003 թվականի այդ կարգադրության՝ «խորհրդակցությանը հրավիրվում են մասնակցելու ԱԳՆ-ում համապատասխան ուղղությունը համակարգող փոխնախարարը եւ (կամ) վարչության պետը»: «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը վստահեցնում է. «Նման մարդիկ ներկա չեն եղել»: Էլի նման խախտումներ թվարկելուց հետո՝ եզրակացրեց. «Այդ խորհրդակցությունը ոտքից գլուխ, ծայրից ծայր եղել է ապօրինի եւ ընդամենը մի նպատակ է հետապնդել՝ Զարուհի Փոստանջյանին դուրս դնել պատվիրակության հիմնական կազմից»:
Հունվարի 12-ի խորհրդակցության՝ ի վերջո տրամադրված արձանագրության մեջ նշված է, թե Ստյոպա Սաֆարյանը հիշեցրել է. «Դեռեւս 2007 թվականին, երբ ձեւավորվում էին միջխորհրդարանական կառույցներում ՀՀ ԱԺ պատվիրակությունները՝ «Օրինաց երկիր» եւ «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցությունների միջեւ եղել է պայմանավորվածություն՝ ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության հիմնական կազմում ընդգրկել «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցչին, իսկ ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության հիմնական կազմում՝ ՕԵԿ ներկայացուցչին: Հեղինե Բիշարյանն այս կապակցությամբ նշեց, որ այսուհետ «Ժառանգություն» խմբակցությունը նման պայմանավորվածություն պետք է ձեռք բերի ՀՅԴ խմբակցության հետ»: Նշենք, որ ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության հիմնական կազմում ՀՅԴ-ն չունի ներկայացուցիչ: Իսկ ՕԵԿ-ն ակնհայտորեն չի պատրաստվում հրաժարվել 2007-ին պայմանավորվածության հետեւանքով ձեռք բերված տեղից:
Խորհրդակցության ընթացքում Նաիրա Զոհրաբյանն, ըստ արձանագրության, «առաջարկեց վերանայել բոլոր միջխորհրդարանական կառույցներում ԱԺ պատվիրակությունների կազմը, նշելով, որ ԲՀԿ խմբակցությունն, օրինակ, ներկայացված չէ ՆԱՏՕ ԽՎ պատվիրակությունում»: Եվ ԱԺ նախագահն էլ խոստացել է, թե մյուս պատվիրակություններին անդրադառնալու են հետո:
Ուշագրավ է նաեւ այն նամակը, որը ԵԽԽՎ նախագահին հունվարի 15-ին ուղարկել է Հովիկ Աբրահամյանը: Ահա թե ինչպես է նա պատճառաբանել պատվիրակության կազմում փոփոխությունները. «I would like to inform you, that in the result of the political reorganization of the factions of the National Assembly during 2009, the composition of the Armenian delegation has been revised for 2010»: Ներկայացնում ենք բառացի թարգմանությունը. «Կցանկանայի տեղեկացնել Ձեզ, որ 2009 թվականի ընթացքում Ազգային ժողովի խմբակցությունների քաղաքական վերակազմակերպման արդյունքում Հայաստանի պատվիրակության կազմը 2010 թվականին վերանայվել է»: «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը նշեց. «Ուղղակի ստել են՝ ԱԺ-ում խմբակցությունների վերակազմակերպում 2009-ին տեղի չի ունեցել»:
Ի դեպ, արձանագրությունից բացահայտվում է նաեւ, որ Հովիկ Աբրահամյանն է առավել վիճահարույց առաջարկի հեղինակը. «ԱԺ նախագահը նշեց, որ ֆինանսական միջոցների սղության պատճառով այսուհետ յուրաքանչյուր նստաշրջանից առաջ պատվիրակության ղեկավարի հետ կքննարկվի հիմնական ու փոխարինող անդամների մասնակցության անհրաժեշտությունը եւ հիմնավորված լինելը: ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն առաջարկեց առաջնորդվել այն սկզբունքով, որ եթե պատվիրակության ընդդիմադիր անդամը չմասնակցի նիստերին, ապա նրան փոխարինի միայն ընդդիմադիր պատգամավոր»: Ստյոպա Սաֆարյանն այս կապակցությամբ ասաց. «Հովիկ Աբրահամյանը եւ Դավիթ Հարությունյանը հիմա պիտի դատարանում պատասխանեն՝ ինչպե՞ս եւ ի՞նչ հիմնավորումներով են որոշել, թե փոխարինողները չպետք է մեկնեն գործուղման: Եվ ինչո՞ւ ԱԺ բյուջեն, որը (ինչպես ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանն էր հաստատել, ու նաեւ մենք գիտենք՝ որպես բյուջեի հաստատմանը մասնակցած անձինք) նախատեսում է Ստրասբուրգ մեկնող պատվիրակության բոլոր անդամների ծախսերը, այժմ բավարար չէ: Մինչ այժմ այս կապակցությամբ չի ներկայացվել որեւէ հոդաբաշխ բացատրություն»: