Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պետք է վերացնել բանդան

Փետրվար 18,2010 00:00

Սարիբեկ Սուքիասյանի հայտարարությունը

«Սիլ» կոնցեռնի համասեփականատեր, «Հայէկոնոմբանկի» խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը երեկ հանդես է եկել Հայաստանի իշխանություններին ուղղված հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Կուզեի խոսքս ուղղել այս երկրի առաջին դեմքերին. եթե ուզում եք այս երկրում մարդ մնա, աշխատի, գործարարությամբ զբաղվի եւ հարկ վճարի, ուրեմն պետք է բանդան վերացնեք: Ես, Գոռ Դավթյանը եւ Արտաշես Ստեփանյանը այդ բանդայի զոհն ենք։ Եթե չպարզեք ճշմարտությունը, չվերացնեք այդ բանդան, ուրեմն մեր երկիրը կգնա կործանման: Ես կարծում եմ՝ ձեր պարտքն է պաշտպանել յուրաքանչյուր քաղաքացու կեղծիքից եւ բանսարկությունից»։
Ս. Սուքիասյանը երեկ իր հայտարարությունն առանց մանրամասնելու՝ «Ազատություն» ռ/կ-ին միայն ասել է, թե՝ քանի որ դիմում է երկրի առաջին դեմքերին, նշանակում է՝ ակնկալում է, որ իրենք ինֆորմացված չեն, կամ իրենց խաբել են: Նրա համոզմամբ, իր ընտանիքի դեմ ուժային կառույցների ձեռնարկած քայլերը պայմանավորված են Սուքիասյանների ընդդիմադիր քաղաքական կողմնորոշմամբ. «Եղբորս՝ Խաչատուր Սուքիասյանի դիրքորոշման հետ է կապված: Այսինքն՝ ինքը պաշտպանել է Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը նախագահական ընտրությունների ժամանակ, եւ դրա համար մենք այսօր ականատես ենք լինում այս ամբողջ ապօրինություններին եւ անօրինականությանը»:
Ի դեպ, ավելի վաղ տեղեկատվական կայքերում հայտնվել էր Ս. Սուքիասյանի՝ փետրվարի 13-ին թվագրված հայտարարությունը, որ նա պատրաստել էր ՁՊՎ 10-րդ խցում գտնվելու ժամանակ՝ ձերբակալությունից մեկ օր անց, երբ դեռ անազատության մեջ էր: Այդ հայտարարության մեջ ասված էր. «Երբ եղբորս՝ Խաչատուրի նկատմամբ մարտի 1-ի կապակցությամբ ապօրինի քրեական հետապնդում սկսեցին, ինձ թվաց, թե սրանք մարդկություն կունենան եւ մեր տնտեսությունը ու մեզ հանգիստ կթողնեն, հատկապես, որ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում: Այդ օրվանից մինչ այսօր ես որքան ուժ ունեմ, վազում եմ, եւ դիմացս մթություն է: Որքան արժեքդ բարձրանում է, այնքան թշնամիներդ շատանում են: Ես պաշտպանում եմ նրանց, ում սիրում եմ»:
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին Սարիբեկ Սուքիասյանն ու «Այրարատ» տոնավաճառի տնօրեն Արտաշես Ստեփանյանը ձերբակալվել էին «Աուդիտ» ՍՊԸ տնօրեն Գոռ Դավթյանի կողմից, իբր, ոստիկանությունում տրված հաղորդման հիման վրա, առ այն, թե Սուքիասյանն ու Ստեփանյանը «սպանության սպառնալիքի» տակ ստիպել են Դավթյանին ինչ-ինչ փաստաթղթեր ստորագրել: Ստեփանյանը նաեւ կասկածվում է «ապօրինի զենք կրելու» մեջ, թեեւ բերման ենթարկելու ժամանակ նրա մոտից զենք չի հայտնաբերվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել