Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵԿՄ-Ն ՍՊԱՐԱՊԵՏԻ ԿԱՌՈՒՑԱԾ ՏՈՒՆՆ Է

Փետրվար 18,2010 00:00

\"\"Այնտեղ պետք է գնալ նախ Վազգենին հարգելու համար: Այսպես է մտածում նաեւ նախկին քաղբանտարկյալ երկրապահների մի մասը:

Փետրվարի 16-ին տեղի ունեցած «Երկրապահ կամավորականների միության» հերթական համագումարի վերաբերյալ հայաստանյան մամուլում հնչած գնահատականների ամփոփումը, ըստ էության, այս էր՝ «Երկրապահը» ձերբազատվեց իր վարչության կազմում ընդդիմադիր անդամներից ու բռնեց իշխանությունների պոչը՝ «սերժանտացավ»: Այսօրինակ գնահատականների համար առիթ հանդիսացավ նաեւ այն, որ նախկին քաղբանտարկյալներից շատերը, այդ թվում՝ ԵԿՄ վարչության փոխնախագահ Մյասնիկ Մալխասյանը, վարչության անդամներ Աշոտ Զաքարյանը, Սմբատ Այվազյանը (նա, ի դեպ, համագումարի օրը Հայաստանում չի եղել, թեեւ նրա ընկերների ասելով, եթե Երեւանում էլ լիներ, համագումարին չէր մասնակցի) ու էլի այլք համագումարին չէին գնացել: Չգնացողների մի մասն էլ բացատրել էր, թե իրենց չեն հրավիրել: Միակ ընդդիմադիր երկրապահները, որոնք համագումարին ոչ միայն մասնակցեցին, այլեւ վերընտրվեցին վարչության նորընտիր կազմում՝ նախկին երկու քաղբանտարկյալներ, վերջերս ազատ արձակված Մկրտիչ Սափեյանն ու «Արաբկիր» ջոկատի հրամանատար Հովհաննես Հարությունյանն էին:
Թե ինչո՞ւ մյուս քաղբանտարկյալ երկրապահները համագումարին չկային, չե՞ն հրավիրել, ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը այսպես էր պատասխանել. «Ոնց որ դու չեթաս ձեր տուն, վաղը քեզ ասեն՝ խի՞ տանը չես: Ինձ որեւէ մեկը հրավիրե՞լ ա ստեղ կամ որեւէ մեկին: Նրանք անդամներ են, պարտավոր են գալու: Հրավիրում են հրավիրյալներին, իսկ որեւէ մեկը եթե իրան երկրապահ է կարծում կամ երկրապահի անդամ, նրան ի՞նչ հրավիրենք: Փոխնախագահը պարտավոր էր ավտոմատ գալու կամ մասնակցելու։ Եթե որեւէ մեկը նեղացած է, թող գնա՝ հանգստանա»:
Իհարկե, ե՛ւ գեներալ Մանվելը, ե՛ւ մյուս բոլոր երկրապահները հստակ հասկանում են, որ քաղբանտարկյալ իրենց ընկերների բացակայությունն այդ համագումարին ուներ իր պատճառները. ԵԿՄ-ն մարտիմեկյան իրադարձություններից հետո այդպես էլ ոչ մի անգամ հանդես չէր եկել իր ընկերներին ազատ արձակելու պահանջով կամ հորդորով, նրանց սատարելու կոչերով, չէր հետաքրքրվել անազատության մեջ եղած երկրապահների եւ նրանց ընտանիքների ճակատագրով, որեւէ կերպ չէր ողջունել նրանց ազատ արձակման փաստը, նրանց չէր այցելել: Սա քաղբանտարկյալ երկրապահների համար, անշուշտ, վիրավորական էր եղել, ու այդ նստվածքն էր ԵԿՄ համագումարն արհամարհելու հիմնական պատճառը:
«Արաբկիր» ջոկատի հրամանատար, ԵԿՄ նորընտիր վարչության անդամ Հովհաննես Հարությունյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց, թե իրեն էլ համագումարին մասնակցելու հրավեր չէր ուղարկվել. «Է, ինչի՞, պիտի հրավիրեի՞ն: Ես վարչության անդամ եմ: Հակառակը՝ ես եմ համագումարից առաջ գնացել ԵԿՄ՝ իմանալու, թե երբ ու որտեղ են մանդատները տալու»: Հովհ. Հարությունյանն ասաց, թե ինքը տեղյակ չի եղել, որ ԵԿՄ անդամ նախկին քաղբանտարկյալները համագումարին չեն գնալու, «որովհետեւ եթե իմանայինք, որ չեն գալու, հնարավոր է, որ հրավիրատոմս ուղարկեինք»: Իսկ քաղբանտարկյալների կողմից համագումարը բոյկոտելու առնչությամբ նա դժվարացավ ասել՝ արդյոք դա իր զինակիցների կողմից բոյկո՞տ էր, ԵԿՄ-ից նեղացածությա՞ն արդյունք էր. «Ես ի սկզբանե մտածել եմ, որ ԵԿՄ-ն, երկրապահ լինելն այսօր ինձ համար ամենաթանկ բանն է: ԵԿՄ-ում ես բազմաթիվ եւ ինձ համար շատ թանկ ընկերներ ունեմ: Մենք վերջապես հասկանում ենք, որ բոլոր այդ տղաները՝ անկախ իրենց քաղաքական դիրքորոշումներից, այս երկրին նվիրված մարդիկ են եւ իրենց համար ամենաթանկ բանը՝ արյունը, չեն խնայել մեր Հայրենիքի համար: Ես էլ դրանով հպարտ եմ: Ես գնացել եմ, հանդիպել, խոսել եմ մեր երկրապահ տղերքի հետ, ու այնպես չի եղել, որ մտածելու տեղ ունենայի՝ գնա՞լ համագումարին, թե՞ չգնալ»: Հրամանատարն ասաց, թե նեղացածություն կամ այդպիսի նստվածք իր մեջ չկա, որովհետեւ այն, ինչ եղել է, ինքը բնական է համարել, ըմբռնումով է մոտեցել. «Չգնամ որ ի՞նչ, ինչո՞ւ: Ես համարել եմ, որ գնում եմ իմ օջախը, Սպարապետի կառուցած տունը, եւ չգնալով՝ առաջին հերթին ես չեմ ընդունում նրա ստեղծածը, չեմ հարգում նրա պատգամը: Ո՞նց կարող եմ չգնալ»:
Նախկին քաղբանտարկյալի համար, իր ասելով, մեծ ցավ էր ոչ միայն այն, որ իր զինակիցների մի մասն այդ համագումարին ներկա չէր, այլեւ այն, որ իր լավագույն ընկերների մի մասը ժամանակին լքեց ԵԿՄ-ն, հիմնադրվեց մեկ այլ կառույց՝ «Ոգու փորձություն» հ/կ-ն: «Երկրապահը ընտանիքի նման բան է, ու նրա ցանկացած անդամի հեռանալը ցավ է: Ես ժամանակին այդ մարդկանցից էլ չեմ նեղացել, ըմբռնումով եմ վերաբերվել, որովհետեւ նրանք էլ իրենց պատճառաբանություններն ունեին»,- ասաց Հովհ. Հարությունյանը:
ԵԿՄ համագումարում գեներալ Մանվելը երկրապահներին համախմբման կոչ էր արել, ավելի ուշ հստակեցրել էր՝ համախմբվել պետության եւ ժողովրդի շուրջ: Բայց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «սրբագրել» էր գեներալին ու հստակեցրել՝ համախմբվել, կանգնել «մեր հանրապետության ղեկավարության, մեր՝ նաեւ մարտական ընկերոջ, հանրապետության նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի կողքին»: Ու քանի որ այդ կոչը համագումարի ընթացքում անպատասխան էր մնացել, եզրակացությունն էլ մեկն էր եղել. լռությունը համաձայնության նշան է, ուստի՝ ԵԿՄ-ն համախմբվում է հենց Ս. Սարգսյանի շուրջ: Մենք Հովհ. Հարությունյանին հարցրինք՝ նա հիմա իրեն համարո՞ւմ է Սերժ Սարգսյանի շուրջ համախմբված երկրապահ: Նախկին քաղբանտարկյալի պատասխանը միանշանակ էր. նա եղել եւ մնում է այն նույն հայացքների կրողը, ինչպիսին եղել է մինչ այս: Բայց նա նաեւ համագումարում հնչած այդ ելույթները միանգամայն այլ կերպ մատուցեց: Հովհ. Հարությունյանի ասելով՝ Մ. Գրիգորյանի կողմից Ս. Սարգսյանի շուրջ համախմբվելու կոչ չի եղել. «Մ. Գրիգորյանը կոչ էր անում համախմբվել պետության եւ ժողովրդի շուրջ, բայց երբ դահլիճում հարց հնչեց Սերժ Սարգսյանի շուրջ համախմբվելու մասին, նա վրդովված ասաց, թե՝ դա ի՞նչ հարց է, որ տրվում է. Սերժ Սարգսյանը երկրի փաստացի նախագահն է, գերագույն հրամանատարը՝ ուզած-չուզած: Սա էր նրա ասածը»: ԵԿՄ վարչության անդամը չհամաձայնեց այն դիտարկումների հետ, թե ԵԿՄ-ն անցավ իշխանության թրի տակով: Ավելին, մեր հարցին ի պատասխան՝ ասաց. «Ես դա չեմ էլ պատկերացնում: Ես հաստատապես ասում եմ, որ երբեւէ, որեւէ երկրապահ չգիտեմ, որ ասի, թե ինքն այս իշխանության կողմնակիցն է: Ես հանդիպել, խոսել եմ շատ երկրապահների հետ՝ նաեւ մարզերում, եւ ոչ մեկից չեմ լսել, որ իշխանության գործունեության մեջ գնահատելի որեւէ տարր տեսնի: Իսկ համախմբվել պետության շուրջ՝ մեր ընդհանուր թշնամու դեմ, մենք պատրաստ ենք, որովհետեւ թե՛ Արցախը, թե՛ Հայաստանը մեր Հայրենիքն է: Ես ոչ մի քաղաքականություն չեմ տեսնում այն բանում, որ ԵԿՄ-ն համախմբվի մեր վաղվա ապագան կերտելու, մեր Հայրենիքը պաշտպանելու համար: Ես եւ էլի շատերը կարող ենք այս իշխանություններին դեմ լինել, բայց պիտի համախմբվենք, եթե վտանգը Հայրենիքին է սպառնում»:
Ի դեպ, երեկ մի նախկին քաղբանտարկյալ երկրապահ էլ, որը չցանկացավ խոսել երկրապահների միջեւ առկա խռովածության մասին, «Առավոտի» հետ զրույցում միայն նկատեց, որ իր զինակիցները շատ էլ իզուր չեն գնացել համագումարին: Նրա համոզմամբ, ԵԿՄ-ն այն կառույցը չէ, որից կարելի էր եւ պետք էր խռովել: «Նրանք երկրապահներ էին ու առանց հրավերի պիտի գնային համագումարին, իրենց ասելիքն ասեին: Էդ Վազգենի ստեղծած կառույցն ա, ուրիշինը չի, մերն ա: Հենց դրա համար չպիտի թողնեն, որ ԵԿՄ-ն իրանց ասած՝ շունուգելի բաժին դառնա: Որ մեկը, մյուսը խռովեն ու չգնան, էդ ա՝ կառույցը տանք, պրծնե՞նք»,- ասաց ԵԿՄ ներկայացուցիչը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել