Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀՅԴ-Ի ԺԱՄԱՆԱԿՆԵՐՆ ԱՆՑԵԼ ԵՆ»

Փետրվար 18,2010 00:00

\"\"Հային կործանող 3 «էությունները»՝ ըստ Արամ Մանուչարյանի

«1998 թվականից Դաշնակցության հետ գործ չունեմ ու չեմ էլ ուզում ունենալ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Արամ Մանուչարյանը, ով ներկայումս «Սարդարապատ» շարժման համակիր է, բայց Դաշնակցության հետ անցած ճանապարհ ունի: Ավելին, իր մատուցմամբ, եղել է Հրանտ Մարգարյանի «աջ ու ձախ ձեռքերը միաժամանակ»: 1990-94-ականներին Արամ Մանուչարյանը եղել է ՀՅԴ մարտական ջոկատների կազմավորման, մարզման, մարտական գործողությունների մշակման եւ իրագործման պատասխանատուն: Մինչեւ 1992 թվականը մարտական գործողությունների ակտիվ մասնակից է եղել: Շուշիի ազատագրումից հետո Շուշիի առանձնակի գումարտակի կազմում առավելապես զբաղվել է ջոկատների մարզումներով: ՀՅԴ անդամ, սակայն, երբեք չի եղել: «Առավոտի» զարմանքին՝ ՀՅԴ-ի հետ մարտական անցյալ ունեցող անձին ի՞նչն է ստիպել նման կտրուկ վերաբերմունք դրսեւորել Դաշնակցության նկատմամբ՝ ասաց. «Ես գտնում եմ, որ ՀՅԴ-ի, այսպես կոչված, ազգային գաղափարախոսության ժամանակն անցել է: Հիմա ավելի վեհ, ազգային, ճիշտ ու նաեւ հոգեւոր, արժեքային համակարգ ունեցող գաղափարներ կան: Դրանք Աստծո պատվիրաններն են: Դրանք նաեւ Դաշնակցությանն են խանգարում»: Նկատեցինք, որ դրանք պատվիրում են՝ չխաբել, չգողանալ, չշնանալ, այսինքն՝ ՀՅԴ-ն միանգամից խախտում է բոլո՞ր պատվիրանները: «Չէ, չեմ կարծում, որ միայն Դաշնակցությունն է խաբում: Պարզապես նաեւ հասարակությունն է հոգեւոր այնպիսի վիճակում, որ կամա թե ակամա՝ այդ ամենը թափանցում է թե պետական, թե կուսակցական կառույցներ»,- եղավ պատասխանը:
Համեմատելով ներկայիս հայ իրականությունն անցյալ դարասկզբի ողբերգական իրադարձություններին հաջորդած ժամանակաշրջանի հետ՝ Արամ Մանուչարյանը կարծիք է հայտնում, որ հայդատականները «դեռ դոփում են նույն տեղում»: Բացատրությունն այսպիսին է. «Այն ժամանակ մեր երկիրը կործանվեց երեք էությունների շնորհիվ. թուրքական էությունը կոտորեց, հետո՝ քուրդը եւ սուտ եվրոպացին: Այդ երեք էությունների պատճառով մենք այսօր նույն եղեռնն ենք ապրում: Թուրքն այսօր պճնամոլությունն ու շահամոլությունն է, քուրդը հրոսակն ու բարբարոսն է: Սրանց գումարվել է նաեւ սուտ եվրոպացին»: Հետաքրքրվեցինք, թե՝ ըստ մեր զրուցակցի, ի՞նչ պետք է անի այսօր հայն իր ազգապահպանման խնդիրը լուծելու համար, հատկապես, երբ առկա են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, իսկական եվրոպացի դառնալու եւ ԼՂՀ չլուծված հարցեր: «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին այժմ խոսելը դեռ վաղ է, որովհետեւ դեռ չեն հստակեցվել բոլոր այն եզրերը, որոնցով կարելի էր նստել բանակցությունների: Իսկ այն, ինչը հիմա արվում է, ընդամենն Արեւմուտքի պարտադրանքն է: Իսկ այս ամենից դուրս գալու համար, այն էլ՝ հաղթանակած, մեր ժողովուրդն իր մեջ պետք է վերականգնի ազգային եւ հոգեւոր արժեքները: Այն, ինչ տեղի ունեցավ 1988-ին: Ի դեպ, 88-ին տեղի ունեցածը նման էր ձայնային-ռեզոնանսային թնդանոթ կոչվող զենքին, որի մի նոտայի տակ պատեր կարելի էր ջարդել: Այսօր այդ նոտան չունենք, կամակատար ենք դարձել»,- կարծում է նա: Հարցին՝ ազգային հոգեւոր արժեքներին վերադառնալու հարցում իշխանությո՞ւնն ավելի շատ անելիք ունի, թե՞ ընդդիմությունը, Արամ Մանուչարյանը պատասխանեց. «Սարդարապատի կռիվը որ սկսվեց, առաջինը հոգեւորականները զենք վերցրեցին: Տրամաբանությունը հուշում է, որ եկեղեցին պիտի դրանով զբաղվի, բայց… Իսկի իշխանություն չունենք. այ, երբ կունենանք մեր իշխանությունը՝ նոր կմտածենք, թե ով ինչով պիտի զբաղվի»:
Հարցին՝ չե՞ք կարծում, որ հասարակությունն այնքան հուսալքված ու անտարբեր է, որ արդեն ոչնչի եւ ոչ ոքի հավատալ չի ուզում, Արամ Մանուչարյանը հակադարձեց. «Եթե համեմատենք Սարդարապատի ճակատամարտի շրջանի հետ՝ չէ: Այն ժամանակ ավելի կոտրված էր, եղեռն տեսած: Չնայած այն ժամանակ ֆիզիկապես էին ոչնչացրել, իսկ հիմա հոգեւոր եղեռն է. դա ավելի վտանգավոր է: Արեւմուտքից եկած շահամոլությունը, որը մտավ մեր ժողովրդի մեջ, շատ դժվար է հանել: Վաղը-մյուս օրն Արեւմուտքն իր Աստվածաշունչն էլ է փոխելու. եթե գրված է՝ «Ի սկզբանէ բանն էր», իրենք գրելու են՝ ի սկզբանէ բանկն էր, հետո Աստված հիպոթեքային վարկ վերցրեց՝ սարքեց երկինքն ու երկիրը: Այդ ամենն արմատախիլ է պետք անել մեր ժողովրդի միջից: Երբ սկսվեց կոմունիստական տոտալ ռեժիմի դեմ եւ ազատության համար պայքարը, մարդիկ այս ազատության համար չէին պայքարում: Սա ազատություն չի: Սա ավելի մեծ զնդան է, քան այն, ինչն ունեինք: Այն ժամանակ հարգում էին մարդուն, կարեւորում, եւ դա մատուցվում էր: Հիմա մատուցվում է սուրճ ու ջերմուկ: Ազգով դարձել ենք սպասարկող երկիր»: Բայց մեր զրուցակիցը լավատես է. «Պատմությունը ցույց է տալիս, որ նման իրավիճակներում միշտ էլ հայտնվում է այն մեկը, ում հետեւից ժողովուրդը գնում է եւ ասում իր «ոչ»-ը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել