Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կրկին չափորոշիչների մասին

Փետրվար 17,2010 00:00

Ինչի՞ն կնպաստեն հեռուստատեսության եւ ռադիոյի մասին չափորոշիչները

«Հասարակական որոշ շրջանակներ դժգոհում էին հեռուստատեսության որակից: Քանի որ «Հ1»-ն իր ռեյտինգով բավականին հետ էր ընկել՝ իշխանությունները ցանկանում են չափորոշիչներով մյուս հեռուստաընկերությունների ստեղծագործական լիցքը եւ հնարավորությունները սահմանափակել, որ «Հ1»-ը առաջ գա, այսինքն՝ Հանրայինի աշխատանքի ապաշնորհության արդյունքում չափորոշիչների գաղափարը ծնվեց»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հեռուստատեսության եւ ռադիոյի նոր չափորոշիչներ սահմանելու որոշման վերաբերյալ ասաց «Անկախ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վահան Իշխանյանը:
«Գոյ» թատրոն- լաբորատորիայի տնօրեն Արմեն Մազմանյանը թերահավատորեն մոտեցավ Իշխանյանի տեսակետին. «Ես կասկածում եմ, որ «Հ1»-ի պատճառով լինի, որովհետեւ Հանրայինի գործերը վատ չեն, այնտեղ սերիալն էլ, գովազդն էլ, բյուջեն էլ տեղում են, պարզապես կարելի է մտածել, որ այդ կերպ իշխանությունները փորձում են սահմանափակել եթերի, մամուլի ազատական մտածողությունը եւ այլն: Ես կարծում եմ, որ մեդիայի ձեւն ու բովանդակությունը ներազդում են ազգի, սերնդի ձեւավորման վրա, եւ այստեղ լուրջ մտահոգություններ ունեմ եւ բազում խնդիրներ եմ տեսնում: Անգամ Հրեաստանում բոդիներով պորտապարը չի կարելի եթերում ցուցադրել, եթե մարդը ցանկանում է դա դիտել, նա հատուկ կանալ է վարձում. բացարձակ ազատությունը ներքին ազատության խնդիր է, թող տանը փակվեն, ինչ ուզում են անեն…»: Պարոն Մազմանյանի խոսքով՝ բռնություն, ագրեսիա, այլասերություն, դեպի պետություն եւ մարդ ատելություն սերմանող երեւույթները պետք է խմբագրվեն, եւ դրանք ստեղծողը պետք է սցենարն այնպես գրի, որ արդյունքում երեխան դպրոցում չգնա ընկերոջ աչքը հանի, ինչպես որ տեսել է սերիալում. «Սրանք, ըստ իս, բավականին լուրջ խնդիրներ են: Պետք է լինի բարոյաէթիկական համակարգի ցենզուրա, եթե արվեստի եւ մասմեդիայի տվածի արդյունքում ագրեսիվ անասուններ են փողոցում շատանում, դա կարելի՞ է, այս հարցերը ո՞վ պետք է տա… ես կարծում եմ, ազատականությունը մեր ազգին, մեր ձագերին պետք է դիլիմ-դիլիմ տալ. ձմեռը մինուս չգիտեմ քանի աստիճանին տոպիկներով, փորբաց աղջիկներ ես տեսնում, իսկ սա արդեն ազգային անոմալիա է. հագնել պուտանկաների շորեր կառավարական ընդունելություններում՝ գավառական տգիտության, ազգային բարոյաէթիկական համակարգի բացարձակ բացակայության արդյունք է»: Պարոն Իշխանյանն էլ մտաբերեց Գոռ Վարդանյանի «Վրիժառու» սերիալը, որտեղ երիտասարդը սպանում էր մի ծերունու, բայց այդ ֆիլմը շատ արտահայտիչ էր նկարված եւ բարոյական մոտիվացիան համապատասխանում էր հասարակության կողմից դավանած բարոյական արժեքներին. «Այստեղ բարու եւ չարի պայքար էր, եթե այս սպանությունը դրվի ցենզուրայի տակ, ուրեմն ընդհանրապես պատերազմական կամ հայրենասիրական թեմայով ֆիլմերը, որտեղ մարդիկ իրար սպանում են, պետք է արգելվեն»: Պարոն Մազմանյանը հակադարձեց, թե արվեստը կամ կադրը իր մեջ հղում ունի:
Վ. Իշխանյանի կարծիքով՝ հեռուստատեսությունն ու հեռուստաֆիլմերը մինիմալ ազդեցություն ունեն. «Սովետական տարիներին մենք անընդհատ տեսել ենք հերոսական ֆիլմեր, որոնք իրականության հետ կապ չունեին, բայց Սովետական միությունում զարգանում էր գողական համակարգը, այսօրվա գողականները այն մարդիկ են, ովքեր տեսել են այն ֆիլմերը, որտեղ դատապարտվում է գողությունն ու հանցագործությունը, հասարակության մեջ կա քանակ, որը դառնում է գող, կա քանակ, որ դառնում է բժիշկ եւ այլն. ցենզուրա սահմանել՝ նշանակում է սահմանափակել ստեղծագործող անհատին, որն էլ կթողնի ու կգնա արտասահման: Այդ չափորոշիչները նպաստելու են, որ Հայաստանը դատարկվի»: Ա. Մազմանյանն էլ ասաց, որ ինքը մշտապես ցանկություն ունի Հայաստանից հեռանալու, բայց ոչ ամենեւին ստեղծագործական սահմանափակ հնարավորություններ ունենալու պատճառով. «Ես ունեմ մի շարք բեմադրություններ, որտեղ կան սպանություններ, արյուն, բայց պետք է առանձնացնել. ստեղծագործական մտքի՞, թե՞ ձեւի ու բովանդակային ցենզուրա. եթե արվեստը միտված է նրան, որ վերջում ես դառնամ մարդասպան, այստեղ խնդիրներ են առաջանում: «Կալիգուլա» ֆիլմից ազատ ու այլասերված ֆիլմ ինձ համար չկա աշխարհում, բայց այն կոչված է գեղեցիկը հաստատելու ու չի բերում կալիգուլայիզմի պրոպագանդմանը, եթե ցույց ես տալիս պոռնո թատրոն, սարսափ թատրոն ու դրանով պրոպագանդվում է պոռնոն ու սարսափը, եթե ցույց ես տալիս հումոր՝ «ղայիշից» ներքեւ՝ «անասուն» ու «արա» բառերով ու պրոպագանդում հակահայկական լեզուն, դրանք բովանդակային չափորոշիչներով պետք է արգելվեն»:
Վ. Իշխանյանը վնասակար է համարում եթերում ժարգոնի սահմանափակումը. «Այդ ժարգոնները օդից չեն առաջացել կամ լուսնի վրա չեն ստեղծվել: Երեխաներին ցանկանում են պաշտպանել ժարգոնից, բայց մոռանում են, որ այդ երեխաներն ամեն օր լսում են փողոցում հեռուստատեսությամբ ցուցադրվող ժարգոնը, որն օգնում է, որ երեխան իրեն ավելի ազատ զգա եւ չթաքցնի այդ լեզուն ծնողներից: Եվ եթե խոսում են լեզվական սխալներից, ապա անթերի լեզվով խոսել ցանկացողները պետք է քարանձավային լեզվով խոսեն, որովհետեւ, եթե սխալի վրա արգելք են դնում, լեզուն սկսում է չզարգանալ ու չի կարողանում աշխարհի մարտահրավերներին, լեզվական փոխասացություններին դիմագրավել»: Պարոն Մազմանյանը, չհամաձայնելով Իշխանյանի կարծիքին, ասաց, որ այդ դեպքում, փաստորեն, բազմապատկվում է ժարգոնի պրոպագանդումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել