Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՄՊՈՏԵՆՑԻԱՅԻՆ ՆՊԱՍՏՈՂ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

Փետրվար 17,2010 00:00

Սթրես, տագնապ, դեպրեսիա…

«Իմպոտենցիան՝ սեռական դիզֆունկցիան, դասվում է սեռական հիվանդությունների շարքին: Էրեկտիլ դիզֆունկցիան սեռական օրգանի ձգվածության ձեռքբերման եւ պահպանման խանգարումն է: Օրինակ՝ կարող է սեռական օրգանը ձգվել ակտից առաջ, բայց եթե պահպանման խնդիր կա, ուրեմն դա համարվում է էրեկցիայի խանգարում, այսինքն՝ այդ կոպիտ արտահայտությունը՝ «իմպոտենտ», հենց դա են անվանում: Իմպոտենցիան այն է, որ ոչ թե սեռական օրգանը չի ձգվում, այլ ձգվում է, բայց չի պահվում ակտի ժամանակ, չի պահպանվում մինչեւ ակտի ավարտը: Սակայն լինում են դեպքեր, որ ընդհանրապես չի ձգվում. սա նույնպես խանգարում է համարվում…»,- իմպոտենցիայի մասին խոսելիս մեկնաբանեց բժիշկ-սեքսապաթոլոգ Ռուզաննա Ազատյանը:
Ասում են՝ տղամարդու մոտ կարող է սեռական թուլություն առաջանալ անգամ զուգընկերուհու մեկ արտահայտությունից կամ հումորից: Ռ. Ազատյանը նշում է, որ տղամարդու սեռական խանգարումները կարող են լինել տարբեր աստիճանի՝ սկսած աննշաններից մինչեւ ֆունկցիայի բացակայությունը. «Օրինակ, սեռական մերձեցման ժամանակ սեռական օրգանի ձգվածությունը չի պահպանվում մինչեւ վերջ, բայց նույն տղամարդու մոտ ձեռնաշարժության ժամանակ նորմալ է ամեն ինչ: Սա դասվում է փսիխոգեն սեռական խանգարումների շարքին: Այսինքն՝ տվյալ տղամարդու մոտ անոթները, հորմոնները, ամեն ինչ նորմայի սահմաններում են, այսինքն՝ տվյալ տղամարդը օրգանական շեղում չունի»:
Սեքսապաթոլոգը զգուշացնում է՝ իմպոտենցիան խանգարում է, եւ ոչ մի տղամարդ չի ցանկանա միայն ձեռնաշարժությամբ զբաղվելով բավարարել իր սեռական ցանկությունները:
Ռ. Ազատյանի փոխանցմամբ, էրեկտիլ դիզֆունկցիան ազգային պատկանելություն չի ճանաչում եւ ոչ մի նշանակություն չունի, որ հայ տղամարդիկ ավելի տաքարյուն են կամ ցանկասեր. «Ինչպես հայ, այնպես էլ թուրք տղամարդու համար սա հիվանդություն է, մի հիվանդություն, որը ազգություն չի ճանաչում: Հիվանդությունը չունի վիճակագրություն, չենք կարող ասել՝ հայ տղամարդիկ էրեկցիայի խանգարում ավելի շատ ունեն, քան ռուսները, ուզբեկները: Այստեղ զուտ բիոլոգիայի խնդիրն է, հայ տղամարդիկ ավելի տաքարյուն են, ինչը փոքր-ինչ իրավիճակը փրկում կամ փոփոխում է»:
Սեքսոլոգիայում տարբերում են էրեկցիայի խանգարման երկու հիմնական ձեւեր՝ հոգեբանական եւ օրգանական: Մինչեւ 70-ական թվականները սեքսոլոգիայում կարծիք կար, որ էրեկցիայի խանգարման դեպքերի 90%-ը հոգեբանական ծագում ունի: «Եթե էրեկցիայի խանգարումը բացահայտվում է տղամարդու համար միայն որոշակի պայմաններում, իսկ մնացած դեպքերում ամեն ինչ նորմալ է, օրինակ՝ ձեռնաշարժության ժամանակ, ապա կարելի է ենթադրել, որ այն հոգեբանական ծագում ունի»,- ասում է սեքսոլոգ Ազատյանն ու հավելում, որ այս հարցում կարեւոր է նաեւ զուգընկերուհու դերը եւ նրանց միջեւ եղած հարաբերությունները:
Նրա խոսքով՝ տղամարդու էրեկցիայի խանգարման վրա ազդում են մասնավորապես հուզական վիճակները՝ սթրես, տագնապ, դեպրեսիա. «Երբեմն սեքսոլոգներին դիմող տղամարդկանց մոտ այս երկու պատճառները՝ հոգեբանականն ու օրգանականը, միախառնված են լինում: Ըստ դիմելիության աստիճանի, կարելի է համարել, որ դեպքերի 50%-ն օրգանական ծագում ունի, 50%-ը՝ հոգեբանական: Օրգանական խանգարումների գերիշխող մասը հետագայում նաեւ հոգեբանական երանգ են ստանում»:
Բժշկուհու բնութագրմամբ, օրգանական խանգարումը կախված են տղամարդու բիոլոգիայից: Օրինակ, այն կարող է լինել դեղորայքի կողմնակի ազդեցության էֆեկտ, այսինքն՝ կա դեղերի խումբ, որ ունի կողմնակի էֆեկտ, առաջացնում է էրեկտիլ դիզֆունկցիա: Կան մի շարք հիվանդություններ, որոնք առաջացնում են էրեկցիայի խանգարում: Հոգեբանական պատճառներն էլ նրանք են, որոնք օրգանական հիմք չունեն: Այսինքն՝ տղամարդու անոթները հրաշալի են, նա ֆիզիկապես առողջ է: «Տեւական սթրեսային ազդակները հոգեբանական երկրորդային կապի սկզբունքով առաջացնում են հորմոնալ տեղաշարժ, բայց առաջնայինը իրենց դեպրեսիվ, սթրեսային, նյարդային առանձնահատկություններն են, որոնք վնասելով անոթները, կառաջացնեն հորմոնալ տեղաշարժեր եւ կհանգեցնեն սեռական թուլության: Հաճախ, երբ հիվանդը գալիս է, դժվարանում ենք տարբերակել՝ նրա մոտ որն է առաջանայինը՝ օրգանակա՞ն խանգարումը, թե՞ հոգեբանական: Այդ պատճառով էլ որոշակի կոմպլեքս է առաջանում, բուժական միջամտության մեջ կիրառում ենք եւ դեղորայքային, եւ հոգեթերապեւտիկ, եւ ֆիզոթերապեւտիկ մոտեցումներ, որպեսզի պատճառները բոլոր խմբերի վրա ազդեն»:
Իսկ կարո՞ղ է զուգընկերուհին իր արտաքինով ազդել տղամարդու սեռական թուլության առաջացման վրա, Ռ. Ազատյանն ասաց. «Ժողովրդական մի խոսք կա՝ արտը խախուտ՝ մահանեն կարկուտ… Եթե մարդու «արտը խախուտ է» լինում, ամեն ինչ կարող է իր վրա ազդել: Օրինակ, եթե վերցնենք առողջ 10 տղամարդ եւ նույն կնոջ ռեակցիան, 10-ից 7-ի մոտ կարող է ազդեցություն չթողնել, 3-ի մոտ կարող է խնդիր առաջանալ: Դրա համար չենք կարող հստակ ինչ-որ բան ասել: Կինը կարող է ընդամենը նպաստող գործոն լինել, կարող է իր դեմքի արտահայտությամբ տղամարդու վրա բացասաբար անդրադառնալ…»:
Հարցին՝ հայ տղամարդիկ կարողանո՞ւմ են իրենց էրեկցիայի խանգարման խնդրի մասին բարձրաձայնել, ըստ բժշկուհու. «Դժվարը սեքսոլոգի մոտ հասնելն է: Դժվար է ճանաչել խնդիրը, այսինքն՝ ասել, ես ունեմ այս խնդիրը, եւ ոչ թե՝ այսինչն էր մեղավոր, այդ օրը մութ էր, կամ համակարգչի առաջ շատ նստեցի եւ այլն… Երբեմն հանդիպում են հիվանդներ, որոնք ասում են՝ իմ մոտ ամեն ինչ նորմալ է, պարզապես այդ կինը մի քիչ սիրուն չէր, կամ չգիտեմ ինչ… Իրականում, եթե խնդիրը տղամարդը ճանաչում է եւ այնքան խիզախ է գտնվում, որ զուգընկերուհու ձեռքը բռնած է գալիս, նրան օգնելը հեշտ է լինում: Հայ տղամարդիկ փակ են այդ առումով, մի քանի հանդիպումից նոր բացվում են: Իրենց խնդիրը ճանաչում են կանանց հրահրմամբ, այսինքն՝ իրենք իրենց չեն խոստովանում, որ ունեն սեռական թուլություն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել