Փառատոնը ընդարձակել է աշխարհագրությունը
Ազգային թատերական ստեղծագործական միավորման (ԱԹՍՄ) եւ ՀՀ մշակույթի նախարարության համատեղ նախաձեռնած «Թատրոն-X» երրորդ հայաստանյան փառատոնը կկայանա մարտի 2-28-ը: Եթե փառատոնային առաջին տարում մասնակիցները միայն երեւանյան թատրոններն էին, ապա 2009թ. ընդգրկվեցին նաեւ Գյումրիի եւ Վանաձորի պետական թատրոնները, տեղ տալով նաեւ այն օջախներին, որոնք հաճախ բողոքում են ուշադրության պակասից: Նախորդ տարիներին ինքնահաստատվելու առիթ ունեցան մի խումբ երիտասարդ թատերագետներ (Անուշ Ասլիբեկյան, Արմեն Ավանեսով, Վասիլ Գեւորգյան, Տիգրան Մարտիրոսյան եւ այլք), որոնք քննարկումներին հանդես եկան ելույթներով, վերլուծություններով:
Փառատոնի կազմակերպիչներն ի սկզբանե ներկայացումների ընտրությունը թողել են թատրոնների գեղարվեստական ղեկավարներին, ինչը ժամանակին թատերական աշխարհում բանավեճի առիթ տվեց: Չէ՞ որ «Թատրոն- X» ասելով՝ ակնկալվում է ինչ-որ անհայտի բացահայտում, նոր մտածողության եւ նոր ձեւերի հայտնաբերում:
«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ թատերագետ, ԱԹՍՄ նախագահ Արա Խզմալյանը, անդրադառնալով այս հարցին, ասաց, որ փառատոնի նպատակն է ցույց տալ, թե ինչ է ձեռք բերել թատերական աշխարհը նախորդ տարվա ընթացքում. «Այն հանգամանքը, որ տարեցտարի մասնակիցների թիվն ավելանում է, խոսում է փառատոնի կայացման մասին»: Անդրադառնալով փառատոնի աշխարհագրությանը՝ նշեց, որ բացի Երեւանի, Գյումրիի եւ Վանաձորի թատրոններից, այս տարի իրենց նախընտրած բեմադրությունը կներկայացնեն նաեւ Հրազդանի, Արտաշատի, Գավառի, Կապանի թատրոնները, թվով 26 ներկայացում: «Այս տարի թույլ ենք տվել երկու «շեղում»: Ընդգրկված են «Նարեկացի» արվեստների միության Շուշիի մասնաճյուղի ներկայացումներից եւ մեկ առաջնախաղ՝ նվիրված Տոնինո Գուերայի հոբելյանին»,- հայտնեց Ա. Խզմալյանը:
«Առավոտին» հայտնի է, որ այս տարի փառատոնային հայտագրում ներկայացված է Ա. Խաչատրյանի «Սպարտակ» բալետը, մինչդեռ հանձնախմբում ընդգրկված են բացառապես թատերագետներ, որոնք նեղ մասնագիտական խնդիրներից ելնելով՝ հնարավորություն չեն ունենա լիարժեք վերլուծելու եւ քննարկելու երաժշտադրամատիկ երկը: Այս դիտարկմանն ի պատասխան, թատերագետն ասաց. «Օրերս փառատոնի քննարկումների պատասխանատու, դրամատուրգ Կարինե Խոդիկյանի հետ անդրադարձ է եղել նաեւ այս թեմային: Որոշել ենք «Սպարտակի» քննարկման ժամանակ հրավիրել համապատասխան մասնագետների»:
Հարցին՝ ՀԹԳՄ-ն (Հայաստանի թատերական գործիչների միություն) իր ձեռնարկներում ընդգրկում է նաեւ ԱԹՍՄ-ն, օրինակ, դուք ընդգրկված եք «Արտավազդ» մրցանակաբաշխության ժյուրիի կազմում, արդյո՞ք դուք էլ հրավիրելու եք ՀԹԳՄ-ի ձեր կոլեգաներին՝ մասնակցելու «Թատրոն-X»-ին, Ա. Խզմալյանը պատասխանեց. «Ցանկացած համագործակցություն, որն ուղղված է ոլորտի բարեկարգմանը, մենք ողջունում ենք, պատրաստակամ ենք համագործակցելու, հնարավորության դեպքում՝ նաեւ աջակցելու: Այս տարի փառատոնի քննարկումներին կմասնակցի ՀԹԳՄ-ից հրավիրված 5 մասնագետ: Ի դեպ, «Թատրոն-X»-ի հովանավոր «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ նախորդ տարիներին փառատոնի կազմում հրավիրված շուրջ 15 մասնագետների թիվը այս տարի աճել է, հասնելով 25-ի»: