Այսօր լրանում է բանաստեղծ Դավիթ Հովհաննեսի ծննդյան 65-ամյակը
Ծննդյան օրվա առիթով Դավիթ Հովհաննեսն ասում է՝ «Իմ բոլոր տարիներն իմն են՝ լավ թե վատ»: Հետո էլ հավելում, թե հոբելյանները գալիս են 70-ից հետո. «70-ից հետո հանրագումարի ես բերում քո կյանքն ու գործը… 65-ը մի տեսակ անհասկանալի տարիք է՝ մանավանդ ինձ համար, որովհետեւ ինձ առույգ ու երիտասարդ եմ զգում, դեռ շատ բան ունեմ ասելու եւ անելու: Մյուս կողմից էլ՝ երեւի միջանկյալ հանրագումարի կարիք կա»: Բանաստեղծը հիշում է, որ մի առիթով իրեն հարցրել են՝ «Ո՞նց ես այսքան ապրել, դիմացել, ո՞նց քեզ չեն կերել, կոխոտել»: Ինքն էլ նախ զարմացել է անակնկալ հարցից, ու հետո մտածել. «Հարցն օրինաչափ էր, եթե նկատի ունենանք իմ բնավորությունը, ճակատին խոսքն ասելը, շատուշատ հարցերում անհաշտությունը, երբ կարելի էր կոմպրոմիսի գնալ… Չէ՞ որ իմ նմաններին եւ ինձանից լավերին իսկապես կերան, տրորեցին, թունավորեցին կյանքը: Ո՞վ գիտե, գուցե ինչ-որ իմաստով բացառություն եմ՝ Աստծո կամոք, ու այս տարիքում իմ փոխվելն այլեւս ուշ է՝ չեմ կարող, չեմ էլ ուզում… Ծանր կորուստներ շատ ունեցա, դիմակայեցի 1999-ի հոկտեմբերի 27-ը, երբ ամբողջ 18 ժամ ավտոմատների տակ պատանդ էի խորհրդարանում, տեսա անմարդկային, անողորմ, զրպարտչական հարձակումներ, երբ 2 տարի առաջ արժանացա պետական մրցանակի՝ «Նոր քրոնիկոն» ժողովածուիս համար, սրանց ավելացրած՝ կենցաղային հոգսերը, ամենօրյա դժվարությունները, որոնք ամեն հայ մարդու բաժինն են այսօր: Ունեցել եմ եւ հաղթության տարիներ՝ մեր հաղթանակները ռազմի դաշտում, ի վերջո, անփոխարինելի արժեք անկախությունը, որը հպարտության զգացում է առաջացնում, նաեւ գրական ասպարեզում հաջողություններս: Այս բոլոր տարիներից չեմ հրաժարվում…»:
Դ. Հովհաննեսը մեկնաբանում է նաեւ այն պարադոքսը, թե ինչու խորհրդային ռեժիմի օրոք ստեղծված գրականությունն ավելի շատ ընթերցող ուներ, քան Երրորդ հանրապետության տարիների գրականությունը. «Կարծես գրի ու գրականության եւ արվեստի ժամանակներ չեն, բայց, իմ կարծիքով, դրանք հենց այդպիսին են՝ գրի ու գրականության տարիներ: Նախկին երկրի լճացած, ապահով, փափուկ կյանքի թմբիրում գրելու նյութը հաճախ մարդիկ մատից էին ծծում, ստեղծում սուրոգատ, պսեւդո գրականություն: Գրողներից մեկը մի անգամ ակամա խոստովանություն արեց, թե երբ ռեժիմն ու գլավլիտը վերացան՝ մենք էլ դադարեցինք գրել: Ասում էր, թե այն ժամանակ գրում էին սովետի դեմ եւ ընդդիմադիրի լուսապսակով փառք ու հռչակ վայելում… Անկեղծորեն արտահայտված այս տեսակետը ցույց տվեց այդ տարիների գրական խթանիչների ողջ սնանկությունը: Ու հիմա մեր օրերում, երբ երկիրն ու իշխանությունը մոտ էլ չեն գալիս արվեստի եւ գրականության հարցերին, եւ չկա ցենզուրա, շատ-շատերի գրելու նյութը սպառվել է, պարզ երեւում է՝ ով է գրողը… Հիմա ասելիքն անսպառ է, մեզ շրջապատում է մարդկային ողբերգություն, դրամատիկ իրավիճակներ, մտահոգություններ՝ առօրյա հոգսերից մինչեւ ազգայինն ու պետականը: Այնպես որ, գրողը կգրի, կան բանաստեղծներ, արձակագիրներ, արվեստի այլ ժանրի մշակներ… Ինչ վերաբերում է վավերական գրողների ընթերցողների պակասելուն, պատճառները բազմաթիվ են՝ սկսած գայթակղություններից, վերջացրած առօրյա կենցաղային հոգսերը: Ճիշտ է, այսօր գրականությունը դժվարին օրեր է ապրում, բայց ես, ի տարբերություն շատերի, մտածում եմ, որ եթե իմ ընթերցողը այսօր չկա, վա՛ղն է գալու: Վավերական գրողները թեւաթափ են լինում այն գռեհկությունից, որ թափվում է էկրանից, մարդիկ հիասթափվում են, երբ անարժեքն է արժեւորվում, կամ ինչպիսի՜ փափուկ ու սիրուն նախադասությունների տակ ուզում են սանձ հագցնել արվեստին ու գրականությանը: Կարծում եմ՝ ՀՌԱՀ չափորոշիչների հայտնի աղմուկը ոչ այլ ինչ է, քան քաղքենիական նախացենզուրա, որն անպայման վերաճելու է ցենզուրայի: Եթե այդքան շատ են ուզում հակագեղարվեստական բաներ ցույց չտալ, թող, օրինակ, ցույց չտան պառլամենտի հայերենը կամ որոշ լեզվուսույցների հաղորդաշարերով մատուցվող թորած ջուր հայերենը…»: Դավիթ Հովհաննեսը, դառնալով իր անցած ճանապարհին ու ձեռքբերումներին, ասում է, որ կարոտով է հիշում ուսանողական տարիները՝ «խմություններով, թափառումներով, կարոտով, սերերով, բաժանումներով ու միացումներով», բայց դրանք ավելի թանկ չեն իր համար, քան վերջին տարիների տանջանքն ու տառապանքը: Այդ շրջանում են ծնվել նրա բանաստեղծական 10 ժողովածուները, իսկ «Հավերժական հայը» համարում է իր բանաստեղծական անձնագիրը:
Մեր դիտարկմանը, թե հորոսկոպով ջրհոս է ու կարծես հաշտ չէ իր նշանի հետ, որովհետեւ բռնկուն է ու հախուռն բնավորությամբ, Դ. Հովհաննեսը պատասխանում է, որ ժամանակին «Իմ հորոսկոպը» վերնագրով բանաստեղծություն ունի գրած, որն ավարտվում է հետեւյալ տողով. «Իսկ արճիճը մետաղն է իմ, որ ինձ պիտի խոցի մի օր»: Ասում է, դա այն բանաստեղծական կանխազգացումն է, որ գրականության մեջ հաճախ է հանդիպում, չնայած շտապում է ավելացնել, որ բանաստեղծությունը գրվել է վաղուց, երբ ինքը տարված էր զոհված-հերոսացած գրողների ռոմանտիկ ողբերգական կերպարով: Քիչ անց էլ հավելում է. «Հիմա Ջրհոսի դարաշրջան է, կարծեմ մի 1000 տարի էլ պիտի ձգվի: Չգիտեմ՝ ինչո՞վ է այդ դարաշրջանն ինձ օգնում, համենայնդեպս, ես ու իմ՝ Ջրհոսի դարաշրջանը իրար ներհակ ենք, բայց մի մոռացեք, որ շաբաթ օրվա ծնունդ եմ, իսկ այդ օրը ծնվածների կյանքը, ասում են, դժվար է լինում»:
Ինչ վերաբերում է աղմկահարույց «Նոր քրոնիկոնին», որ ժամանակին դիտարկվեց բարոյական-անբարոյական տեսանկյունից, շուտով կհրատարակվի նաեւ նրա երկրորդ մասը կամ տրամաբանական շարունակությունը, որը ամփոփելու է Դավիթ Հովհաննեսի 1988-2000թթ. հրապարակախոսությունը: Հեղինակն ասում է, որ այս գիրքն էլ, մեղմ ասած, աննկատ չի անցնի:
Նկատի ունենալով մեր զրուցակցի՝ գրական դաշտում միայնակ գայլի կարգավիճակը, հետաքրքրվեցինք՝ ո՞ւմ է համարում հեղինակություն գրական աշխարհում եւ ո՞ւմ շնորհավորանքը կուզենար այսօր լսել իր ծննդյան օրվա առիթով: «Միայնակ գայլի կարգավիճակը ինձ թույլ է տալիս ոչ մեկից չսպասել որեւէ խրախուսում, միեւնույն է՝ պիտի անեմ այն, ի՛նչ պիտի անեմ, չնայած ամեն դեպքում հաճելի է լավ խոսքեր լսելը: Նրանք, ումից կուզենայի դրվատանքի խոսքեր լսել, հիմա պանթեոններում են, չկան: Կուզեի նաեւ, որ հայրս կամ պապս ինձ դրվատեին, չնայած ես ու հայրս լրիվ այլ աշխարհընկալման ու խառնվածքի բանաստեղծներ ենք: Հայրս անկեղծ ապշում էր՝ ո՞նց կարելի է այդպես գրել: Պոեզիայի, տեխնիկայի ու մետաֆորի առումով պրետենզիա չուներ, այլ զուտ աշխարհընկալման: Իսկ ես այն հոռետեսը չեմ, որ լավ իրազեկված լավատեսն է, ես լավ իրազեկված հոռետես եմ՝ գիտեմ կյանքը եւ սիրում եմ այն՝ իր բոլոր դժվարություններով: Միայն մի ձգտում ունեմ՝ ներդաշնակ լինեն հոգիս ու մարմինս, թե չէ հոգիս անընդհատ մնում է երիտասարդ»:
Մեկ հարց էլ Սեւակի հայտնի բանաստեղծության տողով «ձեւակերպեցինք»՝ արդյո՞ք հասակակից կանանց արդեն քրոջ պես է նայում: «Եվ հասակակից, եւ ինձանից մեծ գեղեցիկ կանանց ես չեմ կարող նայել քրոջ պես, դա մի քիչ էլ աննորմալ եմ համարում… Ես որեւէ կնոջ, բացի ամենամոտ հարազատներից, չեմ կարող նայել քրոջ պես, պատճառն այն է, որ չեմ կարողանում ընկալել կնոջը՝ իր կնոջական դերից դուրս, լինի պաշտոնյա, նույնիսկ ռազմիկ ու ֆիդայուհի: Շատ լավ բան է, երբ անգամ 65 տարեկանում անելիքներիդ մասին ես մտածում ու չես կլորացնում տարիքդ, եւ անելիքներիդ մեջ կինը էլի կենտրոնական դեր է գրավում… Դեպի 70-ը որ գնամ, գուցե ավելի իմաստուն, խոհուն, խոհեմ մտքեր արտահայտեմ, բայց այն ժամանակ էլ գուցե պակաս հետաքրքիր լինեմ, քան հիմա եմ»,- ամփոփում է Դավիթ Հովհաննեսը: