Լիբիան հրաժարվել է եվրոպական պետությունների մեծամասնության, այդ թվում՝ նաեւ շենգենյան գոտու 25 երկրների, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի, Ռումինիայի, Բուլղարիայի եւ Կիպրոսի քաղաքացիներին երկիր մուտք գործելու թույլտվություն տալ՝ լարելով Շվեյցարիայի հետ տեղի ունեցած դիվանագիտական սկանդալից հետո առանց այն էլ բորբոքված կրքերը: Դա տեղի է ունեցել անմիջապես այն բանից հետո, երբ Շվեյցարիան հրապարակել է այն լիբիացիների «սեւ ցուցակը», որոնց մուտքը եվրոպական երկրներ արգելված է: Այդ ցուցակում հայտնվել են մասնավորապես Լիբիայի առաջնորդ Մուհամմար Քադդաֆին եւ նրա ընտանիքի անդամները: BBC-ի մատուցմամբ, հյուսիսաֆրիկյան այդ երկրի նկատմամբ միջազգային հանրության կողմից արդեն երկար տարիներ իրականացված մեկուսացման քաղաքականությունից հետո օտարերկրյա ընկերությունները համեմատաբար վերջերս էին սկսել միջոցներ ներդնել Լիբիայի նավթային ոլորտում, եւ հիմա Լիբիայի իշխանությունների այդ որոշումը կարող է մեծ հարված հասցնել երկրի տնտեսությանը: Այդուհանդերձ, դիտորդները կարծում են, որ Լիբիայի դեմարշը երկար չի տեւի: Ֆրանսիայի ԱԳՆ-ի մատուցմամբ, այդ սահմանափակումները մտցվել են կիրակի օրը՝ առանց Լիբիայի իշխանությունների կողմից նախնական ծանուցման: