Ամերիկացիները հայտարարել են Պակիստանում թալիբների ռազմական առաջնորդներից մեկի՝ Մուլլա Աբդուլա Գանի Բարադարին կալանավորելու մասին: Վերջինս թալիբների հիերարխիայում, «Թալիբան» շարժման հոգեւոր առաջնորդ Մուլլա Օմարից հետո, համարվում է «երկրորդ մարդը»: «ABC News»-ի մատուցմամբ, Բարադարը կալանավորվել է մի քանի օր առաջ Պակիստանի Կարաչի քաղաքում՝ Պակիստանի հատուկ ծառայությունների եւ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության գործակալների համատեղ իրականացված հատուկ գործողության արդյունքում: Երկրի կառավարական աղբյուրները շեշտել են, թե նա՝ 2001թ.-ին Աֆղանստանում սկսված պատերազմից ի վեր թալիբների կալանավորված ամենաբարձրաստիճան ներկայացուցիչն է: Ընդ որում, այդ գործողությունը համընկել է Աֆղանստանի հարավում կոալիցիոն ուժերի կողմից թալիբների դեմ սկսված մեծամասշտաբ գործողություններին:
Թալիբների ներկայացուցիչը, սակայն, հերքել է Բարադարի կալանավորման մասին տեղեկությունը՝ հայտարարելով, թե ամերիկացիները դրանով փորձում են շեղել հանրության ուշադրությունը Աֆղանստանում արձանագրած սեփական անհաջողություններից: