Երեքշաբթի օրը, Մոսկվա կատարած այցի ավարտին, Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն հանդիպել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ: «Newsru»-ի մատուցմամբ, այդ հանդիպման ժամանակ Իսրայելը փորձել է Կրեմլից աջակցություն ստանալ Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման հարցում: Բայց, ի տարբերություն նախագահ Մեդվեդեւի, որը չի բացառել նման հնարավորությունը, Պուտինը նման հայտարարություն չի արել: Աղբյուրի փոխանցմամբ, ռուս փորձագետները դա բացատրել են նրանով, որ Պուտինն ու Մեդվեդեւը Մերձավոր Արեւելքի հետ կապված խնդիրների առնչությամբ տարբեր մոտեցումներ ունեն: Նեթանյահուն եւ Մեդվեդեւը թեեւ քննարկել են Իրանի միջուկային ծրագիրը փակ դռների ետեւում, այդուհանդերձ, նրանք առայժմ այդ բանակցությունները չեն մանրամասնել եւ պաշտոնական հայտարարություններով հանդես չեն եկել:
Նախօրեին Նեթանյահուն ռուսական ԶԼՄ-ների համար հերթական անգամ հայտարարել է, որ Իրանը ձգտում է միջուկային զենք ստեղծել, եւ դա բոլորին է արդեն պարզ: Նա կոչ է արել անհապաղ կոշտ պատժամիջոցներ կիրառել Իսլամական Հանրապետության դեմ՝ առարկելով Իրանի կառավարության փաստարկներին, թե միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ նպատակներ է հետապնդում: Իսրայելի վարչապետի համոզմամբ, բժշկական իզոտոպների օգտագործման համար բալիստիկ հրթիռներ ունենալ պետք չէ: Միաժամանակ Նեթանյահուն կտրականապես հրաժարվել է Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների թեման շոշափելուց: Աղբյուրի մատուցմամբ, Իսրայելը, թերեւս, համաձայնի դադարեցնել Վրաստանին զենք մատակարարել, եթե Ռուսաստանը հրաժարվի Իրանին ռուսական C-300 տիպի հրթիռներ մատակարարելու մտադրությունից: