Թերթում եմ թուրքական մի քանի հանրագիտարաններ, կարդում Արեւելյան կամ Արեւմտյան Հայաստանին վերաբերող հոդվածները: Իհարկե, թուրքական հանրագիտարաններում կամ գրքերում Արեւմտյան Հայաստանի մասին խոսք չկա՝ միայն Անատոլիա: Բացում եմ 2000թ. տպագրված տասներկու հատորանի հանրագիտարանի չորրորդ հատորի 276-րդ էջը, կարդում Հայաստանի մասին. «Աշխարհի փոքրագույն պետություններից մեկն է: Երկամյա անկախությունից հետո՝ 1920թ.-ին, մտել է Սովետական Միության կազմի մեջ:
Յոթանասուն տարի անց, ԽՍՀՄ-ի փլուզումով, նորից ձեռք է բերել անկախություն: Լեռնային Ղարաբաղի հարցը բարձրացնելով՝ պատերազմի մեջ է մտել Ադրբեջանի հետ: Ունենալով ռազմական հաջողություններ՝ գրավել է Ադրբեջանի տարածքները: Չնայած այդ հաջողություններին, երկիրը ծանր տնտեսական ճգնաժամի մեջ սուզվեց: Երկրում տնտեսական կայունության հաստատման համար Հայաստանը պետք է Ադրբեջանի հետ հաշտություն կնքի, Թուրքիայի հետ հաստատի բարիդրացիական հարաբերություններ, որպեսզի վերջինս բացի նրա համար դեպի արեւմուտք տանող ճանապարհը»:
Սա հանրագիտարանային տեղեկության միայն ենթավերնագիրն էր: Հետո վրա է հասնում մշակույթի խեղաթյուրումը, պարզվում է, որ մեր ամենամեծ կոմպոզիտորը Վրաստանում ապրած եւ ստեղծագործած Սայաթ-Նովան է: Այսքանով էլ վերջանում է երաժշտական մշակույթի բաժինը: Անդրադառնալով ընդհանրական հայկական մշակույթին՝ թռուցիկ կերպով գրված է. «Ծագումով հայ, աշխարհահռչակ Սերգեյ Փարաջանովը ապրելով եւ ստեղծագործելով Վրաստանում, նկարել է նաեւ ֆիլմեր հայկական թեմաներով»:
Թե պատմությունն ինչքան է խեղաթյուրված, դրան չեմ անդրադառնում, թերեւս կարելի է լավ պատկերացնել: Պարզվում է, այբուբենն էլ պահլավական գիրն է: Գրականությունը լռում է մինչեւ 10-րդ դար, երբ Նարեկացին գրել է «Երգ երգոցի մեկնությունը»: Թովմա Արծրունին ու Հովհաննես Դրասխանակերտցին էլ Նարեկացուց հետո հայ գրականության ներկայացուցիչներն են: Հետո, փաստորեն, նորից գրականությունը լռում է՝ մինչեւ 19-րդ դար, եւ բաժանվում երկու մասի՝ արեւելահայերեն կամ, ինչպես փակագծերում տալիս է հանրագիտարանը՝ ռուսահայերեն, եւ երկրորդ ճյուղը արեւմտահայերեն կամ թրքահայերեն՝ դարձյալ ըստ հանրագիտարանի:
Մտածում ես, թե ինչի՞ համար է այս բացարձակ ոչ գիտական մոտեցումը, մի՞թե ատելությունը սերմանում են տգիտությամբ: Չէ՞ որ այսօր տեղեկատվական դաշտն այնքան մեծ է, որ ոչինչ չես կարող թաքցնել, այնքան հարուստ են աղբյուրներն ու այնքան մատչելի:
Ոչ մի խոսք չկա ցեղասպանության, կոտորածի, մշակութային հարուստ ու իրենց կողմից յուրացրած ժառանգության մասին: Նախարարական զինանշաններով զարդարված եկեղեցիների կողքին էլ մի մինարեթ են կանգնեցրել, յուրացրել թրքավարի, մի բան էլ մեկնաբանում են, թե մշակույթների խաչաձեւման արդյունքում մեր պապերը նման մզկիթներ են կառուցել:
Թերթում եմ այլ աղբյուրներ՝ Կովկասի կամ էլ տարածաշրջանը պատկերող քարտեզներով: Հանրագիտարանում քարտեզի վրա տպագիր եղանակով ջնջված է Հայաստան տեղանունը: Ինչո՞ւ եմ ասում այս ամենը, միացրեք թուրքական որեւէ հեռուստաընկերություն ու լսեք եղանակի տեսության թողարկումը, բոլոր երկրները կան՝ բացի Հայաստանից: Սա մի երազանք է թուրքերի կողմից վաղուց փափագած՝ թե իբր Հայաստանն էլ չկա, վերացել է, ձուլվել…