Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԺ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԸ ՀՊՃՀ-Ի ԽՈՐՀՐԴԻ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀՆ Է

Փետրվար 17,2010 00:00

\"\"Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի բարձրագույն կառավարման մարմինը՝ խորհուրդը, այսուհետ կղեկավարի ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը:

Երեկ, խորհրդի այս տարվա անդրանիկ նիստում, խորհրդի 32 անդամներից ընտրությանը մասնակցեց 29 անդամ: Առաջադրված միակ թեկնածուի՝ ԱԺ փոխնախագահ Ս. Նիկոյանի օգտին կողմ քվեարկեցին 25-ը, դեմ՝ 2-ը, իսկ անվավեր ճանաչվեց 2 քվեաթերթիկ: Պարոն Նիկոյանի խոսքով՝ իր համար մեծ պատիվ է ղեկավարել հենց պոլիտեխնիկի խորհուրդը. «Այս բուհն ինձ չափազանց սիրելի է, որովհետեւ այս բուհի շրջանավարտ եմ, պետության մեջ մեծ ճանաչում ունեցող բուհն իր ուրույն տեղն ունի տնտեսության զարգացման գործում: Այսուհետ, որպես խորհրդի նախագահ, ես ինտենսիվ աշխատելու եմ, մեր հանդիպումները լինելու են հաճախակի եւ ձեւական բնույթ չեն կրելու, այլ բուհի խնդիրների լուծմանը չափազանց օգտակար կլինեն, այն մասնագետների պահանջը, որ պետությունը նախատեսել է, մենք պետք է կարողանանք համահունչ քայլեր տանել այդ ուղղությամբ, մասնավորապես էներգետիկայի համակարգը, որը մեր երկրում զարգանում է եւ մեծ հեռանկարներ ունի»:
 Բուհի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի համոզմամբ՝ իրենք գործ ունեն իսկական «պոլիտեխնիկցու» հետ. «Մի անձնավորություն, ով քաջատեղյակ է շատ եւ շատ նուրբ հարցերի, եւ խորհրդի բարի կամեցողության դեպքում ընտրվելուց հետո նա իր գործունեությունը կծավալի այնպես, ինչպես անհրաժեշտ է»:
Նախագահի ընտրությունից հետո նիստի օրակարգում 2008-2009 ուստարվա գործունեության հաշվետվությունն էր: Պարոն Մարուխյանի խոսքով՝ հաշվետու տարում ռադիոտեխնիկայի եւ կապի համակարգերի դեպարտամենտում միավորվեցին երկու ամբիոններ, նույն կերպ ընդերքաբանության եւ մետալուրգիայի դեպարտամենտում 4 ամբիոնների միավորման արդյունքում ստեղծվեց 2 խոշոր ամբիոն, հաջորդ ձեռքբերումներից մեկն էլ Կապանի մասնաճյուղում մետալուրգիայի ամբիոնի ստեղծումն էր:
Ռեկտորի գնահատմամբ, բավականին արդյունավետ է աշխատել ուսխորհուրդը. «Բավականին արդյունավետ եմ համարում նրանց աշխատանքը բուհի ղեկավարության հետ, մեր համատեղ բոլոր նախաձեռնությունները, ձեռնարկները իրենց ավարտուն տեսքին են հասել՝ սկսած տարբեր տիպի բանավիճային ակումբներ ձեւավորելուց, վերջացրած ավանդական միջոցառումների կազմակերպման աշխատանքներով»:
Պարոն Մարուխյանի տեղեկացմամբ, ճարտարագիտական համալսարանը դիմորդների թվով առաջատար բուհերի շարքում է. «Այն 4 բուհերի շարքում է, որոնց բաժին է ընկել մայրաքաղաքային դիմորդների մոտ 76%-ը, իհարկե, նախորդ տարվա համեմատ մենք մի փոքր զիջել ենք մեր դիրքերը, բայց մնացել ենք լավագույն քառյակում»: Պարոն Մարուխյանի խոսքով, ձախողել են ընդունելությունը հատկապես միջին մասնագիտական կրթական ծրագրերում. «Մենք այդպես էլ չկարողացանք դուրս գալ այն փոսից, որի մեջ ընկել ենք երկար տարիներ, ըստ էության, միջին մասնագիտական կրթական ծրագրով մենք պլանավորված տեղերից շատ չնչին տոկոսն ենք կարողացել ապահովել. պատճառները շատ են, բայց ես նշեմ, որ մեր ֆակուլտետները ոչ այնքան հաճույքով են անդրադարձ կատարել այդ ընդունելությանը եւ այլն, եւ ցանկանում եմ անդրադառնալ նաեւ մեզ համար ցավոտ թեմային՝ ուսանողների հեռացումներին. հաշվետու տարում մենք կարողացանք մոտ 13,6% -ով նվազեցնել ուսանողների հեռացումների թիվը, բայց ես համարում եմ, որ պոլիտեխնիկի համար մեկ ուսումնական տարում 246 ուսանողների ակադեմիական ցածր առաջադիմության համար հեռացնելը մեծ թիվ է, երբ այսօր ուսանողական համակազմի հավաքագրման համար ամենամեծ ճիգերն ենք գործադրում»: Իսկ անհարգելի բացակաների թվով պայմանավորված հեռացումների թիվը կազմել է 87, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 11,2%-ով: Ռեկտորի խոսքով, ամենամեծ մրցութային ցուցանիշը, նախորդ տարիների պես, արձանագրվել է կոմպյուտերային համակարգի եւ ինֆորմատիկայի դեպարտամենտում, մրցույթը եղել է 1:5,4-ի, իսկ ամենապահանջված մասնագիտությունը եղել է ինֆորմատիկան եւ հաշվողական տեխնիկան՝ մեկ տեղի համար հավակնում էր 8 դիմորդ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել