Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԵՍ ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ՍՏԵՂԾԵԼ ԵՄ ՆՄԱՆ ԿԼԻՆԻԿԱ»

Փետրվար 17,2010 00:00

«Առավոտի» հետ զրույցում ասաց «Ռաֆայել» առողջապահական կլինիկայի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արմեն Մելիքյանը:

\"\"
Աշխատասենյակում

\"\"
ՌԲԿ-ի շենքը

\"\"
Լազերային սարք՝ աչքի մի շարք հիվանդությունների
բուժման համար:

– Վերջերս բացվեց ձեր բժշկական կլինիկան՝ «Ռաֆայելը», բացմանը ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ, երկրի վարչապետը: Ե՞րբ է ծնվել նման կլինիկա ունենալու գաղափարը եւ ի՞նչ միջոցներով եք այն կառուցել:
– Այս ծրագրի գաղափարն իմ մեջ ծագել է դեռեւս 90-ական թվականներից, երբ Հայաստանում արդեն սկսել էր զարգանալ էնդոսկոպիկ վիրաբուժությունը: 1992-ին վիրաբուժության այդ ձեւը ես ներդրեցի Հայաստանում եւ արդեն 95-97 թվականներին այն լայն թափ էր ստացել; Աշխարհում արդեն ընդունված էր ունենալ մեկ օրվա վիրաբուժական կենտրոններ, որտեղ արվում էին փոքր կտրվածքով միջամտություններ եւ կարճ ժամանակ անց հիվանդը վերադառնում է արդեն առողջացած: Այս վիրաբուժության հիմնական իմաստը հետեւյալն է՝ հիվանդին քիչ ցավ պատճառել, հիվանդը շատ արագ ապաքինվի եւ անցնի ակտիվ աշխատանքի: Սրանք վիրաբուժության այն հիմնական սկզբունքներն են, որ արմատացած են ամբողջ աշխարհում: Եվ մենք պետք է ձգտենք դրան: 2001-ին, երբ արդեն այդ ծրագիրն իմ մեջ ամբողջությամբ հասունացել էր, դիմեցի նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանին եւ նա խոստացավ, որ կօգնի հողատարածքի հարցում: Այդպես էլ եղավ, այս տարածքը, որի վրա կառուցվել է կենտրոնը, Անդրանիկ Մարգարյանի շնորհիվ կարողացա ձեռք բերել եւ սեփականաշնորհել: Իհարկե, այս հողատարածքի վրա ես կարող էի կառուցել ցանկացած այլ բան, սակայն, քանի որ ես ունեմ իմ սկզբունքները եւ իմ կյանքի իմաստը հենց այն էր, որ կառուցվեր նման կենտրոն, իմ բոլոր ուժերը ներդրեցի այս գործի մեջ:
Մինչեւ 2008 թվականը բավականին աշխատանքներ արվեցին, շենքի կառուցման «սեւ գործը» արվեց: Հետո առաջացան ֆինանսական խնդիրներ, եւ ես չէի կարողանում տրամաբանական ավարտին հասցնել սկսած գործը: Անցյալ տարի ինձ հաջողվեց գործն ավարտել: Այս ամենը կառուցվեց մեր ընտանիքի անձնական միջոցների հաշվին: Մեր ընտանիքը 2 միլիոն 700 հազար դոլար ներդրեց այս գործն ավարտին հասցնելու համար:
– Ի՞նչ սկզբունքով է գործելու ձեր կենտրոնը, պետպատվերն այստեղ գործելո՞ւ է, թե՝ ոչ, սպասո՞ւմ եք հիվանդներ հարեւան երկրներից:
– Հիվանդանոցն ունի ակնաբուժական, էնդոսկոպիկ վիրաբուժության եւ կոսմետիկ, ավելի ճիշտ՝ գեղեցկության վիրաբուժության բաժանմունքներ: Ակնաբուժական կլինիկան կազմած է պոլիկլինիկական եւ ստացիոնար ծառայություններից: Կլինիկան ղեկավարում է պրոֆեսոր Ա. Հ. Վարդանյանը, կլինիկան համալրված է բարձրորակ մասնագետներով: Ակնաբուժական կլինիկան հագեցած է գերժամանակակից հանրահայտ Alcon ֆիրմայի սարքավորումներով, առաջին անգամ Հայաստան է ներմուծվել Infiniti Faco էմուլսիֆիկատորը, որն անսահման հնարավորություն է տալիս վիրաբույժին՝ օգտագործել գերձայնային համակարգչային տեխնոլոգիաները՝ միկրոկտրվածքների միջոցով հեռացնել նույնիսկ հասուն կատարակտը: Գործում են նաեւ լազերային բուժման սարքավորումներ, որոնք կիրառվում են շաքարային դիաբետ, գլաուկոմա, կարճատեսություն եւ ցանցենու այլ պաթոլոգիաներով տառապող հիվանդների բուժումը պատշաճ կազմակերպելու համար: Գործում է նաեւ մանկական ակնաբուժական ծառայություն, որը ղեկավարում է պրոֆեսոր Հ. Վ. Եղիազարյանը: Կլինիկայում գործում է նաեւ Էնդոսկոպիկ վիրաբուժության բաժանմունք, որը ես եմ ղեկավարում: Գիտեք, որ նաեւ Առողջապահության ազգային ինստիտուտի էնդոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքի ղեկավարն եմ: Իմ օրդինատորները եւ ասպիրանտները այստեղ են հաճախում, այս կլինիկայում են մասնագիտանում ու կատարելագործվում եւ արդեն որպես պատրաստի վիրաբույժներ կարող են աշխատել ցանկացած կլինիկայում: Մեր կլինիկան հագեցած է վիրաբուժական ամենաժամանակակից տեխնիկական միջոցներով: Այստեղ կատարում ենք լապարասկոպիկ բոլոր տեսակի վիրահատությունները: Աշխարհում 2-3 տարին մեկ նոր սերնդի սարքավորումներ են ստեղծվում, եւ այսօր աղքատ երկրները, ես մեզ չեմ համարում հարուստ երկիր, ի վիճակի չեն այդքան հաճախ թարմացնել եւ նորացնել իրենց սարքավորումները: Հայաստանում, 2009-ի տվյալներով, առողջապահության համար մեկ շնչին ընկնում է 70 դոլարին համարժեք դրամ, այն դեպքում, երբ եվրոպական երկրներում մեկ շնչին 5-6 հազար եվրո է նախատեսվում: Իսկ սա նշանակում է, որ առողջության պահպանման համար եվրոպական երկրներում մեկ շնչին հատկացված է 150 անգամ ավելի գումար: Իսկ սարքավորումները, որ մենք ձեռք ենք բերում, եւ Եվրոպայում, եւ ԱՄՆ-ում, եւ ամբողջ աշխարհում նույն գինն ունեն, ոչ մեկը մեզ չի ասում՝ քանի որ ձեզ մոտ 150 անգամ քիչ գումար է հատկացվում մեկ շնչին, մենք ձեզ 150 անգամ էժան ենք վաճառում այս ամենը: Բժշկությունը թանկ հաճույք է եւ սա այն օբյեկտիվ պատճառներից մեկն է, որ մենք ետ ենք մնում: Իհարկե, կան բազմաթիվ սուբյեկտիվ պատճառներ եւս: 90-ականներից ես միշտ ասել եմ, որ ամենակարեւորը հնարավորինս արագ ապահովագրական բժշկության ներդրումն է: Կապ չունի, այդ ապահովագրությունը կլինի պետական, թե մասնավոր, բայց դա պարտադիր է: Գուցե կան ուժեր, որոնց համար ձեռնտու չէ բժշկության մեջ ապահովագրության ներդրումը, ինչը կարող է խանգարել ոմանց անձնական բիզնեսին: Սա անընդունելի է: Պետք է ծառայությունները մատչելի դարձնել ազգաբնակչության համար: Երեւի նաեւ սա է հիմնական պատճառը, որ մենք չենք կարողանում հավասար քայլել ժամանակակից բժշկության հետ: Ամբողջ աշխարհում այս ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով շատ հսկա հիվանդանոցներ փակվեցին, նույնիսկ այնպիսի հզոր երկրներում, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, տարին մի քանի հիվանդանոց է փակվում եւ ես զարմանում եմ, թե ինչպես են մեր այս աղքատ երկրում հիվանդանոցները դեռ կանգուն:
 Պրոֆեսոր Արմեն Վարդանյանն իմ ընկերն է եւ մենք որոշեցինք, որ կարող ենք այս կլինիկայում համագործակցել: Այսօր ես կարող էի այլ բաժանմունքներ եւս բացել, բայց երբ գալիս է ժամանակը եւ մասնագետ ես փնտրում, տեսնում ես, որ Հայաստանում ոչ միայն սարքավորումներ չկան, այլ նաեւ որակյալ մասնագետների կարիք կա: Ես այստեղ կրթական պրոցեսի եւ ուսուցման հետ կապված խնդիրներ եմ տեսնում եւ պատահական չէ, որ մենք ստեղծել ենք նաեւ ուսումնական եւ ուսուցողական կենտրոններ: Իմ ընկերոջ, Մեծ Բրիտանիայի նախկին առողջապահության նախարար լորդ Արա Դարզիի (Արա Թերզյան) օգնությամբ մենք կարողացանք ձեռք բերել վիրտուալ սիմուլյատոր, սա արժե մոտ 100 հազար եվրո: Արան այդ սարքը նվիրեց ինձ, իհարկե, ես էլ դա տրամադրեցի էնդոսկոպիկ վիրաբուժության ամբիոնին: Հիմա մեր վիրաբույժները ոչ թե մեծ գումարներ կծախսեն արտերկրում սովորելու, վերապատրաստվելու, այլ՝ այստեղ: Դա շատ հզոր սարքավորում է եւ կլինիկայի հանդիսավոր բացման ժամանակ այդ սարքը տեսնելով՝ ՀՀ վարչապետը եւս շատ ոգեւորվեց, որ կա նման սարքավորում եւ հնարավորություն՝ տեղում պատրաստելու մեր բժիշկներին: Ունենք նաեւ կոնֆերենց-դահլիճ-լսարան՝ ժամանակակից բոլոր աուդիո-վիդեո սարքավորումներով հագեցած: Այն ամենը, ինչ ունեն մեր կլինիկայում, համապատասխանում է բոլոր միջազգային չափորոշիչներին: Մեր դահլիճները կարող են տրամադրվել բժշկական կազմակերպություններին, մասնագիտացված միություններին՝ այստեղ կազմակերպելու իրենց գիտաժողովները:
Ունենք նաեւ գեղեցկության-վիրաբուժության բաժանմունք: Այս բաժանմունքի համար ձեռք եմ բերել մի սարքավորում, որը կոչվում է LipoSmart, սա նոր սերնդի սարքավորում է, որը 2009 թվականին ձեռք եմ բերել Մեծ Բրիտանիայից: Ի տարբերություն Հայաստանում եւ տարածաշրջանում եղածների, սա լազերային լիպոսակցիա է, այսինքն, ճարպային բջիջները ոչ թե մեխանիկորեն են հեռացվում, այլ լազերով լուծվում եւ հեղուկը դուրս է քաշվում: Բազմաթիվ առավելություններ ունի սովորական լիպոսակցիայի հետ համեմատած: Մի երկուսը նշեմ՝ սա կատարվում է տեղային անզգայացման տակ, ոչ թե ընդհանուր նարկոզով, ցելյուլիտի միակ բուժումը հնարավոր է այս սարքավորման միջոցով եւ երկրորդը՝ կանանց մոտ գոգնոց ասած հասկացությունը վերացվում է: Կարծում եմ, սա հայ կանանց հատկապես կհետաքրքրի, որովհետեւ բոլորս էլ գիտենք, որ 30-35 տարեկանից հետո ցանկացած ծննդաբերած կնոջ որովայնի ներքեւի մասը կախվում է եւ ոչ մի կնոջ եւ տղամարդու դուրը չի գա այս թերությունը: Ուրախալի է, որ այսօր գիտությունը կարող է ուղղել բնության այդ կարգի սխալները:
Ունենք նաեւ ախտորոշիչ (դիագնոստիկ) բաժանմունք՝ հագեցած ժամանակակից սարքավորումներով, ունենք «Սիմենս» ֆիրմայի համակարգչային տոնոգրաֆ, սոնոգրաֆ եւ լաբորատոր բաժանմունք, որտեղ ունենք անալիզատորներ՝ տարբեր հետազոտությունների համար. հեմատոլոգիական, կենսաքիմիական, մեզի, իմունային եւ էլեկտրոլիտների:
– Ինչո՞ւ է կենտրոնը կոչվում «Ռաֆայել»:
– Շատերը մտածում են, թե կլինիկայի «Ռաֆայել» անունը կապված է իմ որդու անվան հետ: Ես պարզ ասեմ, որ այս կենտրոնը անվանակոչել եմ հորս պատվին, ես շատ հպարտանում եմ իմ հոր անվամբ, եւ եթե նա այսօր ողջ լիներ, ինքն էլ կկարողանար այստեղ աշխատել: Իմ հայրն իմ ուսուցիչն էր, ես վիրաբուժությունը իրենից եմ սովորել: Ես իրոք հպարտանում եմ նրանով: Կցանկանայի, որ մեր երկրում հնարավորություններ ունեցող մարդկանցից յուրաքանչյուրը թեկուզ փոքր, բայց քայլ անի՝ այս քաղաքը, այս երկիրը շենացնելու ուղղությամբ, որովհետեւ այն, ինչ մենք ստեղծում ենք, այն, ինչ կառուցում ենք, թողնում ենք մեր երկրին, մեր ժողովրդին, մեր սերունդներին: Ես համարում եմ, որ շատ ճիշտ քայլ եմ արել եւ հպարտանում եմ իմ կատարած գործով:
– Դուք շատ ոգեւորված խոսում եք բժշկության մասին, մինչդեռ ես տեսնում եմ, որ խորհրդարանում քաղաքական հարցերի քննարկումների ժամանակ նույնքան ակտիվ չեք:
– Քաղաքականություն ոչ մեկը միանգամից չի մտնում, ժամանակ է պետք քաղաքական գործիչ դառնալու համար, ոչ մեկը մի կուսակցություն կամ կառավարություն եւ խորհրդարան մտնելով, թող իրեն չհամարի քաղաքական գործիչ: Դրա համար տարիներ են պետք, մարդ պետք է այդ ոլորտում աճի, որպեսզի դառնա քաղաքական գործիչ: Ես այսօր իմ ուժերի չափով փորձում եմ: Իհարկե, ինձ տեսնում եմ այն ոլորտներում, որոնք կապված են առողջապահության եւ բժշկության հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել