Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բրուցելոզը նահանջում է, պաստերելոզ չկա

Փետրվար 17,2010 00:00

Դեռեւս 2009 թվականից Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ գյուղում բռնկված բրուցելոզի հետագա տարածումը կանխելու եւ իրավիճակը վերահսկողության տակ պահելու համար պարբերաբար ստուգումներ են իրականացվում խոշոր եւ մանր եղջերավոր անասունների շրջանում: Թեեւ համաճարակը նահանջում է, այնուամենայնիվ՝ վարակն ամբողջությամբ չի մարել: Ըստ ՀՀ գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության Սյունիքի մարզային կենտրոնի պետ Էդգար Թոխսանցի՝ 2009-ի դեկտեմբերին իրականացրած վերջին ստուգման ժամանակ բրուցելոզով հիվանդ 2 կով է հայտնաբերվել: Սակայն կենտրոնի պետը վտանգ չի տեսնում եւ համաճարակի վերաբռնկում չի կանխատեսում: «Մեր կողմից հսկողություն է սահմանված, արոտավայր գնալիս հիվանդ անասուններ չեն լինի: Անցած տարի Ծղուկում 4615 նմուշ արյուն է հետազոտվել, որի ժամանակ հայտնաբերվել է դրական ռեակցիայով 220 գլուխ կենդանի»,- ասում է պարոն Թոխսանցը:
Անկախ համաճարակից, Ծղուկում խոշոր եղջերավորների գլխաքանակն ավելացել է: Ավելացել է նաեւ մանր եղջերավորների գլխաքանակը, որն էլ պայմանավորված է մեծ պահանջարկով: Իսկ ինչ վերաբերում է համաճարակի հետեւանքով անասնագլխաքանակ կորցրած անասնատերերին փոխհատուցումներ տրամադրելուն, պարոն Թոխսանցը փոխանցեց, որ կառավարության որոշում չկա, մարզպետն էր ասել, որ կօգնի: Մինչեւ օրս Ծղուկի բնակիչները փոխհատուցում չեն ստացել, ինչն էլ պատասխանատուները կապում են ճգնաժամի հետ:
Խոզերի շրջանում հայտնի վարակը՝ պաստերելոզը, ըստ զրուցակցիս, գլուխ է բարձրացնում հիմնականում ամռանը, երբ խոզատերերը խոզերին ազատ տարածքներում բաց են թողնում: Ձմռանը խոզերը փակի տակ են եւ ներկա դրությամբ մարզում դեռեւս հիվանդ խոզ չկա, իրավիճակը կայուն է, սակայն հետագա բարդություններից խուսափելու համար խոզերի շրջանում պատվաստումներ կատարելու անհրաժեշտություն կա: Էդգար Թոխսանցի տեղեկատվությամբ, Սյունիքին դեռեւս պատվաստանյութ չեն հատկացրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել