Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԵՄ ԳԱՂՏՆԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԽՈՐԱՄԱՆԿՆԵՐԻ

Փետրվար 17,2010 00:00

\"\"ՀՀ համայնքների ֆինանսիստների միության նախագահ Վահան Մովսիսյանը վստահ է, որ «Հարկերի մասին» օրենքի փոփոխությունները կնպաստեն տեղական ինքնակառավարման համակարգի զարգացմանը:

Երեկվա «Առավոտում» անդրադարձել էինք «Հարկերի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին: Գաղտնի մնալու պայմանով կարծիք հայտնած փորձագետը նկատել էր, որ անթույլատրելի է նոր հարկատեսակներ սահմանելը, ՏԻՄ-երին հարկի չափ սահմանելու լիազորություն տալը եւ նկատել, որ նախագիծը օրենք դառնալու պարագայում մնալու է թղթի վրա: ՀՀ համայնքների ֆինանսիստների միության նախագահ Վահան Մովսիսյանը, ով օրինագծի մշակմանը մասնակցել է փորձագետի կարգավիճակով, համաձայնեց դառնալ ընդդիմախոս եւ ապացուցել, որ տեղական հարկեր սահմանելը սոցիալական լարվածության չի բերի եւ, ընդհանրապես, տեղական հարկերից գյուղի կամ քաղաքի սովորական բնակիչը չի տուժի, բայց կարող է շահել:
Մեր զրուցակիցը նախ նկատեց, որ տեղական հարկերի համակարգի ներմուծումը ինչ-որ մեկի անձնական ցանկության կամ քմահաճույքի արդյունք չէ: ՀՀ Սահմանադրության 106-րդ հոդվածի համաձայն, «Համայնքները սահմանում են տեղական հարկեր եւ տուրքեր՝ օրենքով նախատեսված սահմաններում»: Այս դրույթը գործում է 2005-ից եւ հարկավոր էր օրենսդրորեն ձեւակերպել, թե ի՞նչ է «տեղական հարկը»:
«Եթե գրեինք առանձին օրենք տեղական հարկերի մասին, ապա պետք է մի հատ էլ օրենք լիներ պետական հարկերի մասին, կրկնություններից խուսափելու պատճառով որոշվեց «Հարկերի մասին» գործող օրենքում փոփոխություններ կատարել եւ հենց այդ օրենքում նկարագրել տեղական հարկերը: Օրենքում տեղական հարկերի վերաբերյալ փոփոխությունները երկու ուղղություն ունեին. առաջին՝ տեղական հարկերի մասով վարչարարության յուրահատկությունների սահմանում, եւ երկրորդ՝ տեղական հարկերի տեսակների սահմանում: Արդյունքում՝ տեղական հարկերի մասով սահմանվել են ութ նոր հարկատեսակներ ու հարկային վարչարարության վերաբերյալ նոր մոտեցումներ: Հարկային վարչարարության մասով որեւէ լուրջ արձագանք չի եղել: Սրա համար, կարծում եմ, պետք էր մասնագետ լինել եւ հարցը խորությամբ ուսումնասիրել: Իսկ ահա հարկատեսակների մասով, ինչպես տեսանք՝ աղմուկ բարձրացավ»,- հայտարարեց Վահան Մովսիսյանը: Ու թեեւ հարկային վարչարարությունը ոչ մեկին չի հետաքրքրել, մեր զրուցակիցը հիշեցրեց, որ նախագծում կարեւոր սկզբունքներ են ամրագրված. 1.տեղական հարկերը, կիրարկման մասով, համայնքի համար կարող են լինել պարտադիր եւ ազատ, պարտադիր են հողի հարկը եւ գույքահարկը, իսկ մնացածները համայնքը կարող է սահմանել, կարող է չսահմանել, 2.տեղական ինքնակառավարման մարմինները իրենց համայնքի համար սահմանում են տեղական հարկի դրույքաչափը, այդ հարկի համար օրենքով սահմանված դրույքաչափի միջակայքում, 3. տեղական հարկերի մասով հարկային վարչարարությունն ամբողջությամբ իրականացնում են համայնքները, բացառությամբ ստուգումների անցկացումը, որը կարգավորվում է «Ստուգումների մասին» ՀՀ օրենքով: Տեղական հարկերի տեսակները սահմանելու համար մերոնք ուսումնասիրել են Եվրոպայի, նախկին խորհրդային երկրների ու, ինչու չէ, նաեւ մեր հարեւանների փորձը:
Այս նախագծի ընդունումը Հայաստանում տեղական հարկերի համակարգի ներմուծման միայն սկիզբն է լինելու, հետագայում յուրաքանչյուր տեղական հարկի մասին առանձին օրենք պետք է մշակվի եւ ընդունվի: Այս պահին նման ոչ մի օրենք չկա, բայց կան մոտեցումներ եւ որոշակի պատկերացումներ: Օրինակ, ըստ Վահան Մովսիսյանի, չօգտագործվող գյուղատնտեսական հողերի հարկի մասին օրենքում անպայման կնշվի, որ սույն օրենքը չի տարածվում անհատույց սեփականաշնորհված կամ փոքր մակերեսով հողի վրա, այս հարկը հիմնականում կվերաբերի վերջին տարիներին օլիգարխների ձեռք բերած հազարավոր հեկտարներով հողերին, որոնք չեն մշակվում: Մարդիկ գնել ու «մի կողմ են դրել»: Կամ սպասում են հարուստ մեկը գա գնի, կամ հողը թանկանա ու վաճառեն: Այս հարկի մասին օրենքում կարող է սահմանվել նաեւ, որ օրենքը տարածվում է, օրինակ՝ երեք հեկտարից ավելի հողերի վրա: Իսկ «խեղճ գյուղացին», ում մասին աղմկում էին ԱԺ-ում, այդքան հող չունի:
Կամ` վաճառքի հարկը: Վաճառքի հարկը չի կարող կիրառվել, քանի դեռ Հայաստանում կա ավելացված արժեքի հարկի նման բարձր դրույքաչափ: Սրանք նույն տրամաբանության մեջ, նույն դաշտում հարկվող հարկեր են եւ չեն տարածվելու քաղաքացու տան, բնակարանի վաճառքի գործարքների վրա: Եթե հանկարծ պատգամավորները որոշեն ԱԱՀ-ն այսօրվա 20%-ի փոխարեն սահմանել, ասենք, 10%, կարելի է տեղերում էլ մինչեւ 5% վաճառքի հարկ սահմանել:
Անավարտ շինարարության եւ ոչ պատշաճ պահպանված շինության հարկը: Այսօր, հատկապես Երեւանում, կառուցված բնակելի շենքերի մեծ մասը շինարարության ավարտման ակտ չունեն եւ փաստաթղթորեն շահագործման չեն հանձնված: Ըստ «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի՝ սրանք դիտարկվում են որպես անավարտ կառույցներ եւ գույքահարկով չեն հարկվում: Հայտնի չէ՝ դեռ ինչքան ժամանակ այդ շենքերը կմնան կիսակառույց վիճակում, անհարմարություններ պատճառելով բնակչությանը եւ կեղտ ու փոշի տարածելով քաղաքում: Ամենայն հավանականությամբ, կառուցապատողները սպասում են կառուցված բնակարանները վաճառվեն՝ նոր շարունակեն: Բայց նման շենքերը շատ են, վաճառքը՝ քիչ, ու իրականում հնարավոր է դեռ երկար սպասել այդ շենքերի ավարտի գրանցմանը եւ գույքահարկի դաշտում հայտնվելուն: Այս հարկի կիրարկումը վերջ կդնի նման «խորամանկությանը»: Իսկ գյուղացու կառուցած ու անգամ կիսատ մնացած գոմը այնքան արժեք չունի, որ նույնիսկ գույքահարկով հարկվի: Այս հարկի մասին օրենք մշակելիս կարելի է սահմանել. եթե շենքի կառուցման ողջամիտ ժամկետը երեք կամ հինգ տարին է, ապա երեք կամ հինգ տարի հետո չավարտված շենքի սեփականատերը պետք է վճարի կիսատ թողած շինարարության տեղական հարկը:
Հյուրանոցային հարկ: Հյուրանոցները, առանց այն էլ, բնականաբար, հարկ են վճարում: Թող դրանցից, ասենք, 1-2%-ը սահմանվի տեղական հյուրանոցային հարկ ու գնա տեղական բյուջե, ու ՏԻՄ-ն էլ օրը չորս անգամ մաքրի հյուրանոցի մատույցները, ծաղկանոց կառուցի, լուսավորություն ապահովի:
Ըստ Վահան Մովսիսյանի, ենթադրվում է, որ փոքր, ասենք՝ մինչեւ 300 բնակիչ ունեցող համայնքում ավագանին կամավոր հարկերից ոչ մեկն էլ չի սահմանելու: «Տեղական հարկերը առավելապես եւ հիմնականում մեծ քաղաքների համար են: Օրինակ, հյուրանոցային հարկը՝ Երեւանի, Ջերմուկի, Ծաղկաձորի, Իջեւանի, Դիլիջանի, Սեւանա լճին մերձակա բնակավայրերի»,- պարզաբանեց Համայնքների ֆինանսիստների միավորման նախագահը: Իսկ ընդհանրապես, տեղական հարկերն ուղղված են տեղական ինքնակառավարման համակարգի կայացմանը:
Զարմանալի է, որ ԱԺ-ում ժամանակին դեմ չեն եղել, որ համայնքապետերն ու համայնքապետարանները հողը վաճառելու իրավունք ունենան, բայց դեմ են, որ այդ նույն համայնքապետերն ու համայնքապետարանները հարկեր սահմանեն: Ստացվում է, որ, ըստ մեր պատգամավորների, մեր համայնքապետերն ու համայնքապետարանները հող վաճառելու համար խելք ու որակներ ունեն, իսկ հողը չափելու եւ դրա համար, ըստ ընդունված բանաձեւի, հարկ սահմանելու խելք ու որակներ չունեն:
Վահան Մովսիսյանի խոսքից առաջին եզրակացությունն այն է, որ այս օրինագիծը օլիգարխների, խոշոր գործարարների ու հողատերերի թաքցրածը բացահայտելն է: Մյուս կողմից գաղտնիք չէ, որ ԱԺ-ում օլիգարխներ են, խոշոր գործարարներ ու հողատերեր: Այս պարագայում նախագիծը կընդունվի՞: Մեր այս հարցին ի պատասխան՝ Վահան Մովսիսյանը հայտարարեց. «Ես համոզված եմ, որ օրենքի նախագիծը կընդունվի, համոզված եմ, որ ողջամտությունը կհաղթի, եթե ոչ այսօր, ապա վաղը, դա է տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման հրամայականը եւ կառավարման համակարգի ապակենտրոնացման՝ մեր երկրի որդեգրած ուղին, բայց որ նախագիծը ընդդիմախոսներ է ունենալու, մենք հիմա արդեն տեսնում ենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել