Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երիկամը «վաճառվե՞լ» է

Փետրվար 17,2010 00:00

«Պրեզիդենտը» դիմել է երկրի նախագահին

2006թ. հուլիսի 31-ից արդարադատության նախարարության «Վարդաշեն» ՔԿՀ-ում է գտնվում Մյասնիկ Հակոբյանը: Նա հանրապետությունում առաջին կոոպերատիվ «Հայկ» բանկի հիմնադիր-նախագահն էր, անդրանիկ նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուներից մեկը, որի համար նրան մինչ օրս «Պրեզիդենտ» մականունով են դիմում, եւ, վերջապես, 90-ականներին գրանցված «Հայոց ազգային կոնգրես» կուսակցության նախագահը: Մյասնիկ Հակոբյանն օրեր առաջ դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ առողջապահության նախարարին, ՀՀ գլխավոր դատախազին, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին: Իր նամակի մի օրինակն էլ նա ուղարկել է «Առավոտին»:
Մ. Հակոբյանը տեղեկացնում է, որ 2009թ. մայիսի 25-ին երիկամների ուժեղ ցավերի եւ արյունահոսության պատճառով իրեն տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Նա ենթարկվել է լաբորատոր, տեխնիկական, համակարգչային հետազոտությունների, բարձրացվել է հարց՝ նրա ձախ երիկամը վիրահատությամբ հեռացնելու: Մ. Հակոբյանը նշում է, որ մի քանի օր հետո ուղեգրով տեղափոխվել է Ուռուցքաբանության ազգային կենտրոն:
Ըստ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ախտորոշման, նրա մոտ առկա է եղել ձախ երիկամի C-P T36HOMO (3-րդ փուլ), «երիկամային երակի 2,5 սմ տրամագծով ուռուցքային թրոմբ»:
Հուլիսի 3-ին դատապարտյալը դուրս է գրվել հիշյալ կենտրոնից ու տարվել կրկին «Վարդաշեն» ՔԿՀ-ի բուժմաս, ուր գտնվել է մինչեւ վերջերս:
Մ. Հակոբյանը հայտնում է նաեւ, որ 3 ամիս հետո կրկին տարվել է Ուռուցքաբանության ազգային կենտրոն: Ի դեպ, հետազոտությունների եւ դեղորայքի համար վճարումները կատարել է Մ. Հակոբյանի ընտանիքը:
Նշենք, որ յուրաքանչյուր հետազոտության համար վճարվել է 60 000-100 000 դրամ:
Մ. Հակոբյանն ասում է, որ համաձայն ՀՀ կառավարության 26.05.06թ. 825-Ն հրամանի, այդ հիվանդությամբ դատապարտյալին իրավունք չունեն պահել ազատազրկման վայրում:
Դատապարտյալի տեղեկացմամբ, իրեն այս տարվա հունվարի 26-ին «դուրս են գրում» քրեակատարողական հիմնարկի բուժմասից եւ տեղափոխում գաղութ-բնակավայր: Հունվարի 27-ից Մ. Հակոբյանը հայտարարում է անժամկետ հացադուլ: Դատապարտյալը գտնվում էր հացադուլի համար նախատեսված առանձնախցում: Սակայն ահազանգից հետո «Վարդաշենի» իրավաբանական բաժնի պետը հացադուլավորին ասում է, որ կատարվածը թյուրիմացություն է, եւ խնդրում է հացադուլը դադարեցնել:
ՔԿՀ է գալիս միջգերատեսչական բուժհանձնաժողովը: Մոռանալով, որ իրենք են դատապարտյալին տարել Ուռուցքաբանության ազգային կենտրոն, որ դատապարտյալին մինչ այդ հետազոտել է նաեւ իրենց ուռուցքաբանը, այս հանձնաժողովն ակնարկում է, թե գործ ունեն «գրիժայի» հետ, եւ որ իրենք իրենց ուռուցքաբանի միջոցով կրկին կհետազոտեն Մ. Հակոբյանին: Ի դեպ, այս հանձնաժողովը երկրորդ անգամ դատապարտյալին չի տրամադրում իրենց որոշումը, այդպիսով՝ ոտնահարելով դատապարտյալի պահանջը եւ իրավունքները:
Դատապարտյալը խնդրում է երկրի նախագահից, որպեսզի իրեն հետազոտի ցանկացած ուռուցքաբան՝ ցանկացած դիագնոստիկայի բաժնում, որպեսզի բացահայտվի ՔԿՀ միջգերատեսչական բուժհանձնաժողովի ոչ մարդասիրական գործունեությունը:

Հ. Գ. Մյասնիկ Հակոբյանը մի նամակ էլ ուղարկել էր ՀՀ գլխավոր դատախազին:
«Թող գլխավոր դատախազը պարզի՝ իմ երիկամը իրո՞ք համապատասխանում էր կատարված ախտորոշումներին, թե վաճառվել է ինչ-որ անձի, կազմակերպության»,- գրել էր նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել