Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԶԻՆՎՈՐԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ՀՈԳԵԲՈՒԺԱՐԱՆ

Փետրվար 17,2010 00:00

Իրավապաշտպան գրասենյակը դիմել է նախարարին

\"\"2009թ. հոկտեմբերի 21-ին «Վանաձորի հելսինկյան ասամբլեա» իրավապաշտպան գրասենյակին է դիմել Շիրակի մարզի Հողմիկ գյուղի բնակչուհի Դալար Տոնոյանը, իր որդու՝ Գրիգոր Հակոբյանի պաշտպանության խնդրանքով:
Ըստ իրավապաշտպան գրասենյակի պատասխանատու Արթուր Սաքունցի՝ Գ. Հակոբյանը 2009 թ. ապրիլի 15-ին ծանուցվել է բանակ զորակոչվելու մասին: Նա անցել է տեղական բուժզննություն, որի արդյունքների հիման վրա որոշվել է, որ Գ. Հակոբյանը բանակ է զորակոչվելու 2009 թ. մայիսի 17-ին: Սակայն նույն օրը հավաքակայանից նրան ուղարկել են Երեւանի օրթոպեդիկ հիվանդանոց՝ հետազոտման նպատակով: Հետազոտման տվյալների համաձայն՝ նրա մոտ առկա է եղել ձախ ոտնաթաթի ձեւախախտում, ողնաշարի ծռություն: Հետազոտության եզրակացությունն ստանալուց հետո, այնուամենայնիվ, հունիսի 8-ին Աշոցքի զինկոմիսարիատից Գ. Հակոբյանին զորակոչել են Սիսիան՝ զինված ուժերում ծառայելու:
Հուլիսի 15-ին զինվորը տեղափոխվել է Մեղրի, մի քանի օր հետո նրա մոտ առաջացել են ուժեղ գլխացավեր, քթի արյունահոսություն, դժվարացել է շնչառությունը: Նրան տեղափոխել են Սիսիանի հոսպիտալ (տիկին Մարգարիտայի միջոցով, որի հավաստմամբ՝ զինվորն անընդհատ բողոքել է գլխացավերից), չնայած՝ ծնողի հավաստմամբ հրամանատարը հայտնել է, որ զինվորը դիտավորյալ է բողոքում գլխացավերից եւ քթի արյունահոսությունից՝ մեկ այլ վաշտ տեղափոխվելու պատրվակով:
Սեպտեմբերի 12-ին զինվորին տեղափոխել են Երեւանի զինվորական հոսպիտալ, քանի որ Գ. Հակոբյանը բողոքել է ոտքերի թուլությունից, գլխի ու մեջքի ուժեղ ցավերից:
Հելսինկյան գրասենյակին փոխանցած տվյալների համաձայն, երբ մայրը հոկտեմբերի 15-ին գնացել է որդուն այցելության, նրան հայտնել են, որ որդուն 10 օր ժամկետով ցանկացել են ուղարկել տուն, սակայն վերջինս չի ցանկացել: Իսկ ծնողների այն խնդրանքին, որ այդ օրը իրենց զավակին ուղարկեն տուն, պատասխանել են, որ մեկ շաբաթից նա անցնելու է բուժզննություն: Այն հարցին, թե 10 օր հետո տղայի առողջական վիճակը լավանալո՞ւ է, թե՞ ոչ, պատասխանել են, որ իրենք ոչինչ չեն կարող անել, քանզի տղան կարիք չունի դեղերի կամ բուժման: Նրան զննել է նաեւ հոգեբանը, սակայն որեւէ խնդիր չի հայտնաբերվել:
Հոկտեմբերի 22-ին (ըստ ծնողի) Գ. Հակոբյանին կրկին ենթարկել են բուժզննության եւ, ըստ եզրակացության, նրա մոտ առկա է քթի միջնապատի ծռություն, որը խանգարում է շնչառությանը, ոտնաթաթի ձեւափոխում, սրտանոթային անբավարարություն, ձախ ուսահոդի գերշարժունակություն, որի հետեւանքով ցավեր ունի ուսի հատվածում՝ հետեւաբար տեղափոխվել է Երեւանի «Կանազ» հիվանդանոց, եւ նրան հայտնել են, որ պետք է շարունակի ծառայությունը: Հերթական անգամ առողջության վերաբերյալ բուժզննության եզրակացությունը չի տրամադրվել զինվորին կամ նրա ծնողին:
ՀՀ պաշտպանության նախարարի ավագ օգնական-վարչական ապարատի ղեկավար Գ. Հայրապետյանը 2009թ. դեկտեմբերի 16-ի ՊՆ/510-ՎԱ-649 գրությամբ հայտնել է, որ ՀՀ ՊՆ զորամասի զինծառայող, շարքային Գրիգոր Հակոբյանը 25.08.09թ. ընդունվել է Զանգեզուրի կայազորային հոսպիտալ, որտեղ կատարված հետազոտությունների արդյունքում նրա մոտ ախտորոշվել է «Ձախ ուսահոդի հետվնասվածքային գերշարժունություն», եւ նա 12.09.09 թ. տեղափոխվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վնասվածքաբանական բաժանմունք՝ հետագա հետազոտման եւ բուժման նպատակով: Հանձնաժողովը զինծառայողին, ՊՆ 378 հրամանի համաձայն, ճանաչել է պիտանի ոչ շարային ծառայությանը եւ կայացրել որոշում՝ «Սոմատոգեն պայմանավորված ասթենոնեւրոտիկ համախտանիշ» ախտորոշմամբ տեղափոխել ԵԿՀ հոգեբուժական բաժանմունք՝ մասնագիտական հետազոտման եւ փորձաքննության նպատակով: Զինծառայողը համալիր հետազոտման է ենթարկվել ԵԿՀ հոգեբուժական բաժանմունքում, ապա ներկայացվել է Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի փորձաքննությանը, որի որոշմամբ ճանաչվել է «հոգեպես առողջ», պիտանի ոչ շարային ծառայությանը եւ սահմանվել է բուժծառայության հսկողություն: 25.11.09 թ. զինծառայողն ուղարկվել է զորամաս:
Սակայն մի քանի օր ծառայելուց հետո՝ դեկտեմբերի 18-ին, Գ. Հակոբյանին կրկին տեղափոխել են Երեւանի կայազորային հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք: Ա. Սաքունցին շարքայինի ծնողը տեղեկացրել էր, որ «իրենք տեղյակ չեն, թե ինչու է իրենց որդին տեղափոխվել հոգեբուժարան», որտեղ, ի դեպ, նա կրկին բողոքել է ձախ թիկունքի եւ ոտքի ցավերից: 
Իրավապաշտպանները դիմել են պաշտպանության նախարարին, խնդրանքով՝ վերստին բուժզննություն կազմակերպել: Երեկ ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավարը հայտնել է, որ «Գ. Հակոբյանը 18.12.09թ. կրկին ընդունվել է Երեւանի կայազորային հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք, իսկ նախնական հետազոտումից հետո զինծառայողի մոտ ախտորոշվել է՝ «Տարել է իրավիճակային ռեակցիա, ինքնավնասումներով եւ գտնվում է հետազոտման ու բուժման փուլում»: 
Գ. Հակոբյանը ներկայումս կրկին գտնվում է Երեւանի «Կանազ» հիվանդանոցում: 2009թ. սեպտեմբերի 12-ից մինչ օրս, Գ. Հակոբյանը 6 անգամ ենթարկվել է բուժզննության: Այդ իսկ պատճառով զորամասում նա չի կարողանում իրականացնել զինվորական շարային կամ ոչ շարային ծառայություն: «Անհասկանալի է նաեւ, թե զինվորի առողջական վիճակի քանի հետազոտում է անհրաժեշտ իրականացնել, որպեսզի ստացվի վերջնական եզրակացություն: Նման վերաբերմունքը քաղաքացու նկատմամբ կարելի է գնահատել հոգատար, բայց բժշկական զննության տեւողությունը, բժշկական եզրակացության չտրամադրելը հիմք են տալիս եզրահանգելու, որ Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը չի համարձակվում միանշանակ եզրակացություն տալ եւ Գ. Հակոբյանին ճանաչել ոչ պիտանի ծառայության համար, որի բոլոր հիմքերն առկա են»,-ասում է Ա. Սաքունցը:
Վերջինս խնդրում է ՊՆ-ից՝ աջակցել Գ. Հակոբյանի զինվորական ծառայության խնդրին վերջնական լուծում տալու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել