Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հայերին բարոյական պարտք ունենք տալու»

Փետրվար 17,2010 00:00

Ըստ թուրք գործչի, Թուրքիան ենթարկվում է Ադրբեջանի ճնշումներին

«Եթե ես լինեի Թուրքիայի ղեկավարը, ես իմ ժողովրդին կասեի, որ սահմանի բացումն ու հայերի հետ բարեկամություն անելը՝ մեր բարոյական պարտքն է»,- ասում է  Թուրքիայի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Ջեմ Տոկերը, որը թեեւ 5-րդ  անգամ էր Հայաստանում մասնակցում հայ-թուրքական հարաբերությունների ու սահմանի բացման վերաբերյալ քննարկման, սակայն առաջին անգամ էր Երեւանից դուրս՝ Վանաձորում էր:
Բանախոսը չթաքցրեց, իր երկրում խանդավառված չեն սահմանի բացման հեռանկարով եւ ցավով նշեց, որ այդ վերաբերմունքը միջին թուրքի համար ձեւավորվել է իշխանությունների գործունեությունից: Ուստի, ըստ Ջեմ Տոկերի, պետք է աշխատել եւ հասնել նրան, որ Թուրքիայի հասարակ քաղաքացին գիտակցի, որ  լավ հարեւան ունենալով՝ կարելի է շատ հարցեր լուծել:
Ջեմ Տոկերը անկեղծ էր: Չթաքցրեց, որ եղբայրական Ադրբեջանը հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ճակատագրի վրա իր հետքն է թողնում, ճնշում գործադրելով՝ գազի գնի բարձրացման, նոր կառուցվող նավթատարների միջոցով: Իսկ ով փող է տալիս՝ նա էլ երաժշտություն է պատվիրում. «Մեր տարածաշրջանում հակված չեն բացատրելու իրենց ասածը, ուղղակի քշում են: Իսկ սովորական քաղաքացուն պետք է բացատրել սպասվող առաջխաղացման եւ նոր հնարավորությունների մասին: Բայց որ բարեկամական կապեր ստեղծելով երկու կողմն էլ կշահի՝ դա փաստ է»,- նկատեց Ջեմ Տոկերը: Նա  չի զարմանում, որ իր սերնդակիցները Հայաստանի մասին ոչինչ չգիտեն, տեղյակ չեն  նույնիսկ ցեղասպանության մասին, միայն վերջերս է այդ հարցը շոշափվում, այն էլ ոչ այնքան ազատ: Նրա խոսքերով, չիմացությունն էլ է ազդում ժողովրդի կողմնորոշման վրա: Բանախոսի կարծիքով, 2 ժողովուրդների հաշտեցումն անպայման կլինի, ուղղակի Թուրքիան այս պահին ավելի մեծ խնդիրներ ունի լուծելու՝ Եվրամիության անդամակցում, քրդական եւ Կիպրոսի հարցեր, եւ չի կենտրոնանում զուտ հայ-թուրքական հարաբերությունների հիմնահարցի վրա: «Սուտ կլինի, եթե ասեմ՝ 3 թուրք իրար հանդիպելիս քննարկում են հայկական սահմանի բացման հարցը, նրանց ավելի շատ հետաքրքրում են իմ նշած երեք հարցերը: Իսկ եթե հայ-թուրքական հարաբերությունները քննարկում են, ապա ոչ այն մասով, թե ով ինչ կշահի, այլ ով ինչ կկորցնի»,-ասաց նա:
Սեմինարին մասնակից վանաձորցիները  եւ հատկապես ուսանողությունը խիստ հետաքրքրված ու տեղեկացված էին հարցին: Նրանք նույնիսկ մի փոքր ուսումնասիրություն էին կատարել, ըստ որի՝ արձանագրությունների վավերացման ուշացումը ավելի մեծ խոչընդոտներ է ստեղծում եւ կասկածների տեղիք տալիս: Վանաձորցիները Թուրքիայի այս քայլը որակում են ոչ անկեղծ եւ նույնիսկ՝ թշնամական: Ջեմ Տոկերը համամիտ չէր, բայց նկատեց, որ թուրքական մամուլում վերջին շրջանում Հայաստանի մասին վատ հոդվածները եղբայրական Ադրբեջանի պատվերով են՝ մի կլորիկ   գումարի դիմաց:  Ջեմ Տոկերը մտածում է, որ  պետք է սկսել ուղղակի բարեկամություն անել, հետո  ամեն ինչ իր հունով կընթանա եւ պետք չէ տրվել կողքի ճնշումներին: Քննարկման ժամանակ Ջեմ Տոկերը հայտարարեց՝ «հայերին բարոյական պարտք ունենք տալու»:
Նախքան Հայաստան գալը Ջեմ Տոկերը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ, զրուցել արձանագրությունների վավերացման  եւ հայկական կողմի դիրքորոշման մասին: Թուրքիա հասնելուց հետո նա եւս մեկ անգամ կհանդիպի  նախագահ Գյուլի հետ՝ կրկին քննարկելու այս հարցր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել