«Ընդհանուր ծախսերի շուրջ 65%-ը բաժին է ընկնում բնակչության հատվածին, այն դեպքում, երբ այդ խմբի կողմից սպառվում է իրացված գազի ընդհանուր ծավալի 36%-ը: Բնակչությանը վաճառվող բնական գազի վաճառքի նախորդ սակագներում պահպանված չէ շահագործման եւ սպասարկման ծախսերն ըստ սպառողական խմբերի տարանջատման համամասնությունը, որն ընկերության կողմից հաշվի է առնվել առաջարկվող սակագնում»,- երեկ սպառողների շահերը ներկայացնող հ/կ-ների եւ «ՀայՌուսգազարդի» միջեւ եղած քննարկման ժամանակ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում այսպիսի հիմնավորում ներկայացրեց «ՀայՌուսգազարդի» փոխտնօրեն Վահագ Առաքելյանը: Այս մասին տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից: Պարոն Առաքելյանի խոսքերով, գազի սակագնի բարձրացումը պայմանավորված է մեր երկիր ներկրվող բնական գազի գնման գնի շուրջ 17% եւ ԱՄՆ դոլարի ու ՀՀ դրամի փոխարժեքի 27% աճով, ինչպես նաեւ 2009 թվականին համակարգում կատարված 11.2 միլիարդ դրամի ներդրումներով, շահագործման եւ սպասարկման ծախսային որոշ հոդվածների փոփոխություններով:
Ըստ ընկերության փոխտնօրենի՝ ներկրվող բնական գազի գնման գնի 40%-ով աճի պարագայում բնակչությանը վաճառվող բնական գազի գինն աճել է ընդամենը 14.3%-ով, իսկ 2010-ին ներկրվող բնական գազի գնման գնի 17%-ով աճի պարագայում ընկերության կողմից առաջարկվել է բնակչությանը վաճառվող բնական գազի գինը բարձրացնել 41.7%-ով: