Սարալանջում խլուրդները գերեզմանները տակնուվար են անում, հանգուցյալների ոսկորները ցիրուցան անում, գյուղացիների կարտոֆիլները գողանում:
Արդեն քանի տարի է՝ Շիրակի մարզի Սարալանջ գյուղում խլուրդները գյուղացիների համար պատուհաս են դարձել: Այս կենդանիները շատ վաղուց են այս գյուղում վխտում, սակայն նախկինում այնքան էլ մեծ վնասներ չեն պատճառել, քանի որ մկնդեղի օգնությամբ բնակիչներն այդ հարցը լուծել են: Սակայն այսօր, Սարալանջի բնակիչների խոսքերով, խլուրդների վրա մկնդեղն էլ չի ազդում: «Առավոտի» հետ զրույցում գյուղի 78-ամյա բնակիչ Այծեմնիկ Հովսեփյանը պատմեց, որ մի անգամ խլուրդի բույնը քանդել են ու տեսել, որ մի քանի կիլոգրամ կարտոֆիլ է կուտակել. «Խլուրդները հետզհետե շատանում են գյուղում։ Քանի տարի է՝ վնասում են բանջարանոցները»: Տիկին Անուշի խոսքերով էլ. «Աշնանը՝ բերքահավաքի ժամանակ մեր բանջարանոցում շատ է պատահում, որ կարտոֆիլը քանդում ենք, բայց հողի տակ ոչինչ չկա, խլուրդները մեզանից շուտ են բերքահավաք արել»:
Խլուրդները գրոհել են նաեւ Սարալանջի միջնակարգ դպրոցի տարածքը. գյուղացիների պատմելով՝ այդ կենդանիների առատության հետեւանքով, դպրոցի շրջակայքում ամենուր հողի թմբեր են առաջանում: Բացի այդ, խլուրդները վնասում են նաեւ նորատունկ ծառերն ու ծաղիկները։ Ըստ սարալանջեցիների՝ ամենասարսափելին այն է, որ խլուրդներն այնքան են բազմացել, որ գյուղի գերեզմանոցը տակնուվրա են անում. ննջեցյալների ոսկորները հայտնվում են դեսուդեն: Գյուղի գերեզմանոցի հարեւանությամբ բնակվող Լիովնիկ Մինասյանն ասում է, որ ինքը նկատել է, որ հատկապես այս տարի իր այգում խլուրդները շատացել են եւ այդտեղից էլ ձմռանը տեղափոխվել են գերեզմանոց. «Ես անձամբ եմ տեսել, թե ինչպես են մարդկանց ոսկորները թափված այս ու այն կողմ»:
Գյուղապետ Վ. Հարոյանի ներկայացմամբ, իրենք էլ խիստ անհանգստացած են խլուրդների հարցով, սակայն դրանցից ազատվելու միակ միջոցը մկնդեղն է, որն այլեւս չի ազդում, իսկ նոր պայքարի միջոց առայժմ չեն գտել:
Բնակիչների միակ հույսը համագյուղացի Հայկ Բոբիկյանն է, որը վերջերս մասնագիտացել է խլուրդներին որսալու մեջ: Գյուղապետի աջակցությամբ եւ բնակիչների խնդրանքով, Հ. Բոբիկյանը համբերատարությամբ սպասում է խլուրդին իր բնի մոտ եւ որսում: