Ստրիպտիզ ցուցադրող օբյեկտների տերերն իրենց բիզնեսը հանձնելու են իշխանություններին, հաճախորդներին էլ՝ Ծերեթելիի մարմնավաճառներին:
Օրերս մեր կառավարությունը որոշել է «բնակչության հանգիստը զերծ պահել անհարկի խաթարումներից, առավել հուսալի դարձնել կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաեւ նպաստել բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի ձեւավորմանը»: Այդ վեհ գաղափարներին հասնելու համար կառավարությունը հերթական նիստում հավանություն է տվել մի շարք օրենքների նախագծերի փաթեթին, ըստ որի՝ առաջարկվում է հիմա էլ ստրիպտիզ ակումբները քաղաքից ու բնակելի տարածքներից հեռու տանել եւ դրանով մեր ազգը փրկել կործանումից: Այդ օրենսդրական նախաձեռնության համաձայն՝ պետք է «Առեւտրի եւ ծառայությունների մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում, ինչպես նաեւ «Լիցենզավորման» եւ «Գովազդի մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարեն, որպեսզի կարգավորեն «հեստապարային ծառայություններ մատուցող օբյեկտների» գործունեությունը: Նշենք, որ «հեստապար» ասվածը մերկապար բառի կառավարության թարգմանությունն է: Մայրաքաղաքի խաղատները Ջերմուկ տանելուց հետո, հիմա էլ կառավարությունը որոշել է, որ հեստապարային կազմակերպությունները պետք է բնակելի շենքերից, մանկապարտեզներից, ուսումնական եւ բժշկական հաստատություններից, կրոնական կազմակերպություններից, պետական մարմինների վարչական շենքերից, նույնիսկ զբոսայգիներից ու գրադարաններից 300 մետր շառավղով հեռու լինեն: Սա նշանակում է, որ մայրաքաղաքի ստրիպտիզ-բարերը պետք է տանեն, ասենք, Շամշադինի «չոլերն» ու կորցնեն: Ըստ սահմանված չափանիշների, դրանք պետք է լինեն փակ տարածքներում, ունենան անթափանց դռներ եւ պատուհաններ, այսինքն, եթե մարդիկ Մարալիկի ինչ-որ մի սարի վրա տեսնեն սեւ ապակիներով ինչ-որ խորանարդներ, պետք է հասկանան, որ դրանք ստրիպտիզ-բարեր են:
Հետաքրքիր է, որ շատ ստրիպտիզ պարողներ համոզված են, որ իրենք ոչ մի վատ բանով չեն զբաղվում, որ իրենց պարն իսկական արվեստ է, եւ դրանից պետք է էսթետիկական հաճույք ստանալ, մինչդեռ, մեր իշխանությունների համոզմամբ՝ այդ պարուհիները մարմնավաճառներից ոչնչով չեն տարբերվում, նրանք ընտանիքներ են քանդում եւ պետք է «թույլ» տղամարդկանց հնարավորինս հեռու պահել նման գայթակղություններից:
Հասկանալի է, որ կառավարության այս նախաձեռնությունը լավ փող աշխատելու միջոց է: Սկսած հեստապարային օբյեկտները լիցենզավորելու բարդ ընթացակարգից, տարեկան 1 մլն դրամ պետական տուրք վճարելուց մինչեւ ստրիպտիզ պարուհու «շաբաշները» հարկային դաշտ մտցնելու պահանջները, կառավարության հաշվարկներով՝ բավականին խոշոր գումարներ կհավաքվեն: Զուտ բյուջեն լցնելու տեսանկյունից, իշխանություններն իսկապես գտել են հերթական բիզնեսն իրենց ձեռքն առնելու եւ որպես «կթու կով» ծառայեցնելու ձեւը, որը, գուցեեւ, շատ կանանց ու աղջիկների սրտով է, որովհետեւ նրանք, ում ամուսինները ժամանցի այդ տարբերակի սիրահարներ են եւ հաճախ են սիրում վայելել ստրիպտիզի էրոտիկ ազդեցությունները, պատրաստ են ողջունել ու կառավարության ճակատը պաչել՝ այդ «ճիշտ» նախաձեռնության համար: Սակայն, մյուս կողմից, խուճապի մեջ են ընկել մերկապարուհիների միջոցով գումար վաստակող գործարարները. հասկանալի է, որ եթե կառավարության այդ օրենսդրական փաթեթը, որն արդեն ԱԺ է մտել, ընդունվի, ընդամենը 6 ամիս հետո իրենք հաջողություն կասեն այդ եկամտաբեր բիզնեսին: «Առավոտի» հետ զրույցում նրանք խոստովանում էին, որ կառավարության սահմանած չափորոշիչներով պարզապես հնարավոր չէ գործել, որովհետեւ, եթե մինչ օրս օբյեկտի սեփականատերն էր որոշում՝ քանի աշխատող պահել, ինչ պարուհու կամ մատուցողի աշխատանքի ընդունել, հիմա նոր օրինագծով հստակ սահմանված է, որ այդ օբյեկտների մատուցողները պետք է լինեն 21, իսկ պարուհիները կամ պարողները՝ 18 տարեկանից բարձր: Ստացվում է, որ բարոյականության տեսանկյունից ստրիպտիզ պարուհի լինելն ավելի լավ է, քան նման օբյեկտների մատուցող լինելը: Բացի տարիքը, աշխատանքի ընդունելիս պետք է հաշվի առնվի, որ պարողները որեւէ սեռավարակ կամ վարակիչ հիվանդություն չունենան, իսկ մուտքի մոտ պետք է ստուգվի, որ հաճախորդները նույնպես չափահաս՝ 18 տարեկանից բարձր մարդիկ լինեն: Պարզ է, որ ինչքան մեր հանրապետությունում ծխախոտ չեն վաճառում 18 տարեկանից ցածր երեխաներին, այնքան էլ նույն անչափահասները կօգտվեն հեստապարային օբյեկտների ծառայություններից: Սակայն գործարարների համար ամենամեծ պրոբլեմը քաղաքից իրենց գործող բարերի ապամոնտաժումն է: «Օմեգայի» մենեջերի խոսքերով՝ «ստրիպ-բարերը կազինոներ չեն, որ Ջերմուկում մի տարածք տան, մի քանի ապարատներ դնեն ու աշխատեցնեն: Մեր գործունեությունը կխաթարվի: Գուցե «Կլուբնիչկայի» կարգի ստրիպտիզ-օբյեկտների համար նորմալ է այդ տեղափոխությունը, բայց կոնկրետ մեր պարագայում դա բավականին մեծ ծախսերի հետ է կապված, որովհետեւ մենք չենք կարող մի քանի ձող դնել ու աշխատել: Մեր միայն լուսավոր էֆեկտները հարյուր հազար դոլարից անցնում են»: «Օմեգայի» ներկայացուցչի համոզմամբ՝ իրենց օբյեկտը ոչ մեկի չի խանգարում եւ ոչ մեկի տունը չի քանդում, քանի որ իրենց աշխատողները «շատ մաքուր» են. «Ում խանգարում է ստրիպտիզը՝ կարող է չգալ ու չնայել: Փչացած մարդն իր փչացածությունն այլ տեղ կանի, նույնը կարող են անել Ծերեթելիում: Մեր օբյեկտը սաունա չի, որ այստեղ նման բաներ անեն, մենք աղջիկ չենք տալիս: Կառավարության նախագծից հետո մենք այլեւս չենք կարող դրսից պարուհիներ հրավիրել ու նրանցով հաճախորդների գրավել: Իրենք պահանջում են, որ կլիենտը մի քանի մետր հեռու լինի պարուհուց, եթե մոտենա՝ կտուգանվի: Դրսից հրավիրվածներին շատ տղամարդիկ են բալետ անում ու, օրինակ, չուլկիի մեջ փող դնում: Նրա աշխատավարձը հենց հաճախորդի տված «շաբաշներից» է կազմվում, իսկ եթե դա չլինի՝ ոչ մեկը չի գա, մեզ մոտ չի աշխատի»: