Չնայած շիրակցիները զինված են ուխտի գնում ու նախքան սրբատեղի հասնելը՝ մարդ կրակում, այդուհանդերձ, հայրենի ոստիկանները Շիրակը կրիմինալ մարզերի շարքում չեն դասում:
Երեկ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պատմության մեջ գրանցվեց աննախադեպ ու բացառիկ մի երեւույթ. տարիներ շարունակ լրագրողներից ամենահայտնի փաստերը թաքցնող ոստիկանները առաջին անգամ փորձեցին համագործակցել լրագրողների հետ՝ նրանց մամուլի ասուլիսի հրավիրելով ու իրենց գործունեության մասին հաշվետվություն ներկայացնելով: Բանախոսները երկուսն էին՝ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արամ Թովմասյանը եւ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Սայաթ Շիրինյանը: Նախքան բուն թեմային անցնելը, վերջինս նախազգուշացրեց, որ այն, ինչ հաղորդելու է մարզային վարչության պետը, աննախադեպ է, քանի որ վերջին տասը տարվա ընթացքում հանցագործությունների բացահայտման նմանատիպ աճ չի արձանագրվել: Վարչության պետ Արամ Տեր-Թովմասյանը հայտնեց, որ 2009 թ.-ին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրված հանցագործությունների քանակը աճել է 318 դեպքով կամ 41,9%-ով: Ոստիկանապետը թեեւ մանրամասնորեն ներկայացրեց տնտեսական, պետական ունեցվածքի յուրացման, սեռական բնույթի եւ այլ հանցագործությունների ցուցանիշները, սակայն նրա զեկույցում ամենամտահոգիչն այն էր, որ Շիրակի մարզում 52,4%-ով աճել են թմրամիջոցների հետ կապված հանցագործությունները, ընդ որում՝ անչափահասների ու երիտասարդների շրջանում, որոնք սկսել են ինքնաշեն՝ բենզինով եւ այլ վնասակար նյութերով համեմված թմրանյութեր օգտագործել: Մի խոսքով, ոստիկանապետը շեշտեց, որ Շիրակը բացահայտման ցուցանիշներով առաջ է բոլոր մարզերից, բացահայտման տոկոսը կազմում է 91,7, իսկ նախորդ տարի 75,5% էր: «Առավոտը» բանախոսներից հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված փաստը, որ Շիրակի մարզում ոստիկանապետեր նշանակում են դրսից, չեն վստահո՞ւմ տեղի կադրերին, թե՞ այս ձեւով փորձում են ազատվել ավելորդ ճնշումներից, եւ կա՞ն արդյոք ճնշումներ այն պաշտոնյաներից, որոնց որդիները կրիմինալ հակումներ ունեն: Սայաթ Շիրինյանը այս փաստը բացատրեց ժամանակի թելադրանքով ու նաեւ անձի պրոֆեսիոնալիզմով: Շատ ավելի հետաքրքիր էր մարզային վարչության պետ Արամ Տեր-Թովմասյանի մեկնաբանությունը: «Բնականաբար, ես հարցի մեջ ենթատեքստ եմ տեսնում, հիմնականում Շիրակի մարզի պատասխանատու գործերը տեղացի ոստիկաններն են անում, իսկ վարչության պետը հիմնականում պետք է կարողանա կոորդինացնել այդ աշխատանքները: Կոորդինացնելու համար կարեւոր չէ տեղացի լինել: Բայց ես կարող եմ ասել, որ Շիրակի մարզում, հատկապես Գյումրիում, ժողովուրդը նահապետական է, բարեկամական կապերը շատ խորացված են, եւ ես համարում եմ, որ ճիշտ են անում, որ դրսից են նշանակում, որովհետեւ խնդիրներ կան օբյեկտիվության առումով. չէ՞ որ հանցագործությունները կատարում են՝ հորեղբոր տղա է, քրոջ տղա է, եւ էդ կապերով նախաքննության, հետաքննության մեջ կարող են խոչընդոտներ առաջանալ: Ինձ չեն կարող ինչ-որ բանով համոզել, եթե ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն է կատարվել, ու էդ մարդուն ես պիտի ներեմ, չէ»,- ասաց վարչության պետը՝ վստահեցնելով, որ իր պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում իր վրա ճնշումներ չեն եղել եւ չեն էլ կարող իրեն ճնշել: Ոստիկանապետը չկիսեց տարածված այն կարծիքը, թե Շիրակի մարզը կրիմինալ է, իսկ Սայաթ Շիրինյանն ավելացրեց, որ որպես ամենակրիմինալ մարզ համարում են Լոռին: «Իսկ դուք զինված ուխտավորներ երբեւէ տեսե՞լ էիք»,- հարցրին լրագրողները: Հիշեցնենք, որ ամռանը մի խումբ երիտասարդներ, որոնց մեջ էր նաեւ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին, զինված դուրս գալով ուխտի՝ Սառնաղբյուրում կրակել էին գյուղացիներից մեկին: Պարոն Շիրինյանի կարծիքով՝ այս «սուրը իրենք փառքով դրեցին պատյան»: «Եթե ուխտավորները զենքով են գնում ուխտի, կարծում եմ՝ դա հաղորդակցության միջոց է, ոչ մի նորմալ մարդ զենքով ուխտի չի գնա»,- կատակեց Սայաթ Շիրինյանը:
Ի դեպ, բանախոսները նաեւ հայտնեցին, որ Գյումրիի ոստիկանապետ Շիրակ Շահնազարյանի ու Ախուրյանի ոստիկանապետ Աշոտ Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական գործերը կարճվել են. հիշեցնենք, որ առաջինը քաղաքացի էր ծեծել, երկրորդն էլ էլցանցերից կատարված գողությունն էր թաքցրել: Նկատենք, որ Ախուրյանի ոստիկանապետը մնացել է իր հին պաշտոնում: