Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՌԱԿԱՆ ՕՐԳԱ՞Ն Է ԱՐԴՅՈՔ ԿՈՒՐԾՔԸ

Փետրվար 17,2010 00:00

\"\"Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանն անպատասխան թողեց հարցի այդ մասը

Անցած շաբաթ ասուլիսի ընթացքում լրագրողները Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահից հետաքրքրվել էին, թե արդյոք «Էրոտիկ բնույթի հեռուuտառադիոհաղորդումների, uարuափ եւ ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի, ինչպեu նաեւ անչափահաuների առողջության, մտավոր ու ֆիզիկական զարգացման, դաuտիարակության վրա հնարավոր բացաuական ազդեցություն ունեցող հաղորդումների չափորոշիչներն» ընդունելու դեպքում «Միմինո» կինոնկարը պետք է ցուցադրվի կեսգիշերի՞ց հետո՝ հաշվի առնելով այն, որ տեսարաններից մեկում Մհեր Մկրտչյանը հայտնվում է մերկ: Գրիգոր Ամալյանը պատասխանել էր, թե այդ տեսարանում չեն երեւում սեռական օրգաններ: Լրագրողները կեսկատակ հարցրել էին՝ մի՞թե հետույքը սեռական օրգան չէ: ՀՌԱՀ նախագահն էլ տվել էր բացասական պատասխան:
Որքան էլ զավեշտ թվա այս հարցուպատասխանը՝ նման խնդիրներն այնուամենայնիվ մնում են պարզաբանման կարոտ, հաշվի առնելով այն, որ ՀՌԱՀ-ի հաստատած չափորոշիչների վերջնական տեքստում այս մասով փոփոխություններ չկան, եւ նշված է, թե էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումների դրվագներում «տղամարդու կամ կնոջ սեռական օրգանները կարող են պատկերվել միայն հեռավոր պլանով»: Իսկ էրոտիկ դրվագներ պարունակող հաղորդումները կարող են ցուցադրվել միայն կեսգիշերից հետո՝ մինչեւ լուսադեմ:
Այս ամենը հաշվի առնելով՝ Գրիգոր Ամալյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք սեռական օրգան համարելո՞ւ են նաեւ կուրծքը, որպեսզի պարզ դառնա, թե ո՞ր ժամին է ցուցադրվելու, ասենք, «Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են» կինոնկարը, որի մի դրվագում հերոսուհիներից մեկը ներկայանում է մինչեւ գոտին մերկ: «Դուք տվեցիք այն հարցը, որը որպես օրինակ բերում եմ ես,- պատասխանեց ՀՌԱՀ նախագահը:- Միանշանա՛կ՝ «Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են» կինոնկարը ցուցադրվելու է ցանկացած ժամի, քանի որ այնտեղ մեր սահմանած չափորոշիչներին հակասող դրվագներ չկան»:
Չափորոշիչների վերջնական տեքստի համաձայն՝ անչափահասների առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացաuական ազդեցություն ունեցող են համարվում այն հաղորդումները, որոնք «խեղաթյուրում են հանրակրթական ուսումնադաստիարակչական ծրագրերում ներառված պատմական իրողությունները, վարկաբեկում ու նսեմացնում են ազգային գործիչներին, մշակութային ժառանգությունը»: Ոլորտի փորձագետներից մեկն այս առումով հեգնել էր, թե թերեւս հարկ է, որ ՀՌԱՀ-ը նաեւ ցուցակ հրապարակի ազգային այն գործիչների, որոնց կարելի է նսեմացնել ու վարկաբեկել կեսգիշերից հետո: Նույն դիտարկումը վերաբերում է նաեւ պատմական իրողությունների խեղաթյուրմանը: Գրիգոր Ամալյանն այս ամենին ի պատասխան ասաց. «Հարցադրումը շատ ճիշտ է, քանի որ տարօրինակ մի իրավիճակ է ստեղծվում՝ կան արդար պահանջներ, որոնք խախտելն արգելված է 6-ից մինչեւ ժամը 24-ը, բայց արտաքուստ տպավորություն է ստեղծվում, թե կեսգիշերից հետո ի՜նչ ասես կարելի է անել: Այստեղ ուղղակի պետք է հաշվի առնել մի հանգամանք. մենք գործել ենք մեզ ընձեռված հնարավորությունների առավելագույնի չափով: Քանի որ օրենսդիրը նման պահանջներ սահմանելու իրավասություն մեզ տվել է առավոտյան 6-ից մինչեւ 24.00-ի ժամանակահատվածի համար՝ մենք գոնե կանխել ենք այդքա՛ն մասը: Եվ մյուս կողմից՝ տրամաբանությունը հետեւյալն է. ինչո՞ւ է օրենսդիրը ժամանակային այդ հատվածի վրա սեւեռել ուշադրությունը, քանի որ խոսքը հատկապես անչափահասների դաստիարակությանն է վերաբերում: Այսինքն՝ մի բան է, երբ ձեւավորված, չափահաս մարդն իր տարիքային գիտակցության մեջ է լսում, քննարկում տեսակետները եւ կարծիքները: Եվ բոլորովին այլ բան, երբ հաշվի առնելով լրատվամիջոցի հեղինակությունը՝ այդ կարծիքը հեռուստատեսությունից ստանում է անչափահասը»:
Լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներն արդեն իսկ կանխատեսել են, թե այս չափորոշիչները գործնականում չեն կիրառվելու կամ կիրառվելու են խտրականորեն: Մասնավորապես այն պատճառով, որ այս չափորոշիչները սուբյեկտիվ մոտեցման կամ մեկնաբանությունների տեղ են թողնում (կրծքի կամ հետույքի վերաբերյալ վերոհիշյալ հարցադրումները դրա օրինակն են): Ասենք, Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը մասնավորապես նկատի ունենալով գովազդի սահմանափակումների վերաբերյալ օրենքով նախատեսված դրույթները՝ «Առավոտին» ասել էր. «Երբ հստակ ու շատ ավելի պարզ կարգավորում նախատեսող դրույթները չեն կարողանում կիրառել, ապա այս չափորոշիչներն ինչպե՞ս են կիրառելու»: ՀՌԱՀ նախագահը նման մտահոգություններին ի պատասխան ասաց. «Իհարկե, չափորոշիչների նախագծի պայմաններում կային անորոշություններ, եւ քննարկումները ցույց տվեցին, որ ուղղումների կարիք կա: Փորձեցինք ուղղել: Թերեւս էլի կարող են նորից ասել, թե անհստակություններ կան: Բայց մենք որպես փորձագետ ենք հրավիրել հեռուստաընկերությունների ներկայացուցիչներին՝ զուտ տեքստի ընկալման իմաստով, եւ կարծես թե պատասխանը դրական էր՝ տեքստը միանշանակ հասկացվել-չհասկացվելու իմաստով: Ինչ վերաբերում է գովազդի վերաբերյալ բերված օրինակին՝ բազմիցս ասել եմ, եւ տարիներ շարունակ մենք պահանջել ենք օրենսդրական ուղղումներ անել՝ մասնավորապես գովազդի մասին օրենքում: Հույս ունեմ եւ լավատես եմ, թե կարծես թե մոտակա ժամանակներս կունենանք նման ուղղումներ»:
Հիշեցնենք, որ Գրիգոր Ամալյանը ասուլիսում խոստացել է, թե չափորոշիչների հրապարակման գործընթացն ավարտելուց անմիջապես հետո ՀՌԱՀ-ը ձեռնամուխ է լինելու հաղորդումների օրինականության, ցուցադրման օրինականության եւ գովազդի խնդիրներին. «Գովազդի հետ կապված մի լուրջ արշավ ենք նախատեսում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել