ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին երեկ ԵԿՄ համագումարում լրագրողները հիշեցրեցին, որ դեռ 2008-ի նախագահական ընտրություններից առաջ ինքը եւ որոշ այլ զինվորական երկրապահներ հրապարակային հայտարարությամբ հեռացել էին ԵԿՄ-ից, բայց այսօր միավորման, համախմբման մասին հայտարարություններ է անում՝ Սեյրան Օհանյանը պարզաբանեց. «Այսօր ես ՀՀ պաշտպանության նախարարն եմ եւ գտնում եմ, որ պարտավոր եմ բոլոր այն հասարակական կազմակերպությունների կարեւոր միջոցառումներին մասնակցել, որոնք որ ձեւավորվել են արցախյան գոյամարտից հետո: Կապ չունի, որ այն ժամանակ ասել էինք, որ դադարեցնում ենք: Վերաբերմունքը ո՞նց կարող է փոխվել հաղթանակի նկատմամբ:
Համագումարն անհրաժեշտություն էր, պետք է համախմբենք մարտական մեր ընկերներին, որպեսզի նրանք էլ իրենց արժանի դիրքն ունենան պետության մեջ»: Սասուն Միքայելյանին ազատ արձակելու մասով էլ նկատեց. «Գտնում եմ, որ օրենքի առաջ բոլորը պետք է պատասխանատու լինեն՝ սկսած ինձանից: Հերոս լինելը մեկ բան է, հերոսի արժանիքները, դիրքը պահպանելը, օրինականությունը՝ այլ բան»: «Առավոտի» հարցին՝ նրան քրեական հանցագործ համարո՞ւմ եք՝ ասաց. «Այդ հարցը դատախազությանն ուղղեք»: Մեր մեկ այլ հարցին՝ պատահականությո՞ւն էր, որ Տեր-Պետրոսյանի կողքին կանգնած երկրապահները վարչությունում չընդգրկվեցին, ասաց. «Ես չգիտեմ՝ ինչու չընդգրկվեցին»: Այլ հարցերի Սեյրան Օհանյանը չպատասխանեց եւ արագ հեռացավ: