Երեկ ԵԿՄ 8-րդ համագումարին ներկա ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, խոսելով ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին, նշեց, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծվելու է Ղարաբաղի ժողովրդի կողմից. «Ղարաբաղի ժողովուրդը բազմիցս ապացուցել է, որ հնարավոր չէ իրեն ինչ-որ բան պարտադրել»: Հարցին՝ ի՞նչ կանի նա, եթե Հայաստանի իշխանությունները հրահանգեն ազատագրված տարածքներից դուրս հանել զորքերը, նա ասել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անկախ պետություն է: Հակոբյանի խոսքով, խնդիրը մոտ չէ լուծմանը: Իսկ ինչ վերաբերում է ԼՂՀ բանակցությունների կողմ չլինելու հանգամանքին, Մովսես Հակոբյանը գտնում է, որ Լեռնային Ղարաբաղը չի լիազորել Հայաստանին իր փոխարեն բանակցություններ վարել՝ ավելացնելով, որ դա ասում է ոչ որպես պաշտպանության նախարար, քանի որ այդպիսի հայտարարություն կարող է անել միայն ԼՂՀ նախագահը: