ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսին հայ լրագրողները փետրվարի 16-ին մի քանի հարցեր են ուղղել ժողովրդավարության եւ մարդու իրավունքի պաշտպանության թեմայով: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի հանդեպ դատավճռի եւ այդ գործընթացում ԵԱՀԿ դիրքորոշման վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Սերգեյ Կապինոսն, ըստ lragir.am-ի, ասել է. «Մենք ելնում ենք նրանից, որ միջամտությունը դատական գործընթացին անթույլատրելի է: Կարելի է հետագայում համաձայնել կամ չհամաձայնել դատարանի որոշմանը, դատարանի որոշումը կարելի է բողոքարկել ավելի բարձր դատական ատյաններում, Եվրադատարան ուղարկել հայց: Բայց եթե մենք ելնում ենք օրենքի գերակայության սկզբունքից, ապա պետք է հարգանք դրսեւորել դատարանի նկատմամբ»:
Հարցին, թե ինքն ինչպես է գնահատում Հայաստանի դատական համակարգը՝ Սերգեյ Կապինոսը պատասխանել է, թե իր անձնական կարծիքը պետք է որ չհետաքրքրի հանրությանը: Լրագրողներից մեկը հստակեցրել է հարցը՝ լա՞վ, թե՞ վատ եք գնահատում Հայաստանի դատական համակարգը: «Պետք չէ աշխարհը պատկերացնել սեւ ու սպիտակ: Աշխարհը բազմերանգ է: Եթե աշխարհը պատկերացնում եք մոխրագույն, ապա ես ափսոսում եմ ձեզ համար»,- պատասխանել է Կապինոսը:
Հարցին, թե ինչպես է գնահատում Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի այն կարծիքը, ըստ որի՝ ԵԱՀԿ-ն բավարար արդյունավետությամբ հետամուտ չի լինում Հայաստանում մարդու իրավունքի եւ ժողովրդավարության պաշտպանությանը՝ Սերգեյ Կապինոսը պատասխանել է. «Դա գնահատական է: Մենք՝ ԵԱՀԿ-ն, կարծիքների բազմազանության կողմնակից ենք: Իմ կարծիքով, ԵԱՀԿ գրասենյակը բավարար ուշադրություն է դրսեւորում: Կրկին մենք ելնում ենք նրանից, որ խնդիրներն այդ ոլորտում իրապես կարող են լուծվել միայն համակարգային: Առանց դատական համակարգի կատարելագործման, առանց դատարանների անկախության նշաձողի բարձրացման խոսել մարդու իրավունքների պաշտպանության մասին, երեւի թե, այդքան էլ ճիշտ չէ եւ իրատեսական չէ»: Նաեւ հավելել է. «Դա գործընթաց է, դա շարժում է: Ամենակարեւորը, որ կանգնած չմնանք տեղում, շարժվենք առաջ: Ես կարծում եմ, որ այդ շարժումը կա»: