Երեկ Կառավարության նիստերի դահլիճում կայացավ «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության 8-րդ համագումարը, որտեղ, ի հեճուկս մինչ օրս շրջանառվող բոլոր ասեկոսեների, միաձայն եւ բաց քվեարկությամբ կառույցի ղեկավար վերընտրվեց պաշտոնաթող գեներալ Մանվել Գրիգորյանը:
Ընտրություն ասվածն էլ խիստ ձեւական բնույթի էր. մեկ այլ գեներալ՝ ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանն առաջարկեց Մանվել Գրիգորյանի թեկնածությունն ու ասաց. «Բերեք շնորհավորենք Մանվել Գրիգորյանին»: Ծափահարությունների տեսքով բուռն շնորհավորանքներից հետո միայն ԵԿՄ նորընտիր վարչությունն իր քվեարկությամբ հաստատեց գեներալի վերընտրությունը: ԵԿՄ նախագահի տեղակալներ Արա Կետիկյանը եւ Խաչիկ Մկրտչյանը նույնպես վերընտրվեցին, իսկ այլախոհ երկրապահ, ԵԿՄ նախագահի տեղակալ Մյասնիկ Մալխասյանին փոխարինեց Մուշեղ Բաբայանը (Ջերմուկցի Համոն): Մյասնիկ Մալխասյանի բացակայությունը համագումարից ԵԿՄ-ի ներքին խոհանոցին լավատեղյակ մեկն «Առավոտի» հետ զրույցում պարզաբանեց, որ Մալխասյանն ինքը չի ցանկացել գալ, քանի որ մտադիր է քաղաքականությամբ զբաղվել. «Լավ է՝ չգամ, որ ոչ ձեր վրա խոսակցություն գա, ոչ էլ՝ իմ»,- իբր պարզաբանել է Մ. Մալխասյանը: Իսկ ավելի ուշ, արդեն ԵԿՄ վերընտրված նախագահ Մանվել Գրիգորյանն այսպես խոսեց թե Մ. Մալխասյանի, թե նախկին քաղբանտարկյալ երկրապահների բացակայության մասին. «Ոնց որ մեկին ասես՝ ընչի՞ չես գնում ձեր տուն: Ոչ մեկն էլ չի հրավիրվել: Նրանք անդամ էին եւ պարտավոր էին գալու, փոխնախագահը պարտավոր էր ավտոմատ գալու կամ մասնակցելու: Եթե որեւէ մեկը նեղացած է, թող գնա՝ հանգստանա»: Ինքը՝ Մյասնիկ Մալխասյանը, «Ա1+»-ին կեսկատակ-կեսլուրջ ասել է. «Մենք հիմա ուրիշ համագումարում ենք՝ քաղբանտարկյալների եւ հալածյալների համագումարում»,- ու հավելել, որ բոլոր այն երկրապահները, ովքեր համագումարին չէին մասնակցում, նշում են իր ծննդյան օրը: Նաեւ՝ «անփորձանք համագումար» է մաղթել ԵԿՄ-ին: Համագումարին ներկա չէին ժամանակին ինչ-ինչ պատճառներով ԵԿՄ-ից հեռացած «Ոգու փորձություն» հասարակական կազմակերպության անդամները, ինչպես նաեւ այլ «լեւոնական» երկրապահներ: Ներկա էր միայն վերջերս ազատության մեջ հայտնված Մկրտիչ Սափեյանը, ով նաեւ վարչության անդամ ընտրվեց: Վարչության կազմն ընթերցելիս, սակայն, Արա Կետիկյանը նրա անունը չկարդաց. ավելի ուշ պարզաբանվեց, որ Մկրտիչ Սափեյանը վարչության անդամ է:
Մանվել Գրիգորյանի տեսակետները
«Երկրապահն իր գլուխը բարձր պահելու պատիվը վաստակել է իր արյամբ: Մենք զիջելու բան չունենք, մենք դեռ շատ բան ունենք ազատագրելու»,- հայտարարեց Մանվել Գրիգորյանը՝ կոչ անելով համախմբվել, որպեսզի այլեւս չկրկնվեն հոկտեմբերի 27-ը եւ մարտի 1-ը: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սրբագրեց գեներալ Մանվելին եւ կոչ արեց համախմբվել Սերժ Սարգսյանի շուրջ: Լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով նախարարի հայտարարությունը՝ Մանվել Գրիգորյանն ասաց. «Երկրապահը միշտ համախմբված է ժողովրդի, պետության շուրջ: Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության գերագույն հրամանատարն ա. ուզեք-չուզեք: Ով շատ ա խոսում, որ՝ չէ, իրան հարցրեք՝ իրա հրամանները ոնց են կատարում, նստում կամ հլնում»: Այս միտքն արտահայտելու ընթացքում Մ. Գրիգորյանի ետեւում նստած ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը գլխով հավանություն էր տալիս: Ի դեպ, խոստացվեց, որ Սեյրան Օհանյանը կընթերցի նախագահի ուղերձը, բայց այն այդպես էլ չընթերցվեց. պարոն Օհանյանն իր ելույթն ունեցավ: Պատասխանելով ԼՂՀ հարցում հնարավոր փոխզիջումների մասին լրագրողների դիտարկումներին՝ Մանվել Գրիգորյանն ասաց. «Ինչի՞ն փոխզիջենք: Եթե որեւէ մեկը մայր կամ քույր ունի փոխզիջելու, թող փոխզիջի: Ղարաբաղն իր անկախությունը ձեռք ա բերել բոլոր օրենսդրական երեւույթներով, արյուն ա թափել դրա համար: Ես նման բաները աբսուրդ եմ համարում: Գնացեք՝ Լեւոն Տեր-Պետրոսյանից, էն ժամանակվա արտաքին նախարարից սկսած՝ խոսում են: Գործով մերն ասել ենք, Ղարաբաղն էլ, էդ տարածքներն էլ մերն են: Խոսքով՝ մեկը պտի ուզի, մյուսը՝ չտա: Բա Սերժ Սարգսյանն էլ պտի խոսա, բա պատասխանատու գործ ա, պտի բանակցի, բա ուզում եք՝ ինքը գնա խելոք նստի, ինչ ասեն՝ լսի՞: Էդ Սերժ Սարգսյանինը չի, որ տա, սաղինս ա, ոչ մեկն էլ չի կարա տա»: Ինչ վերաբերում է պատերազմի հնարավոր վերսկսմանը, ըստ նրա՝ պատերազմն անկանխատեսելի բան է եւ ամեն պահի կարող է սկսվել. «Եթե ուզում ենք, որ պատերազմ չլինի, ավելորդ վիրավորանքներ իրար հասցեի չպտի թույլ տանք, միասնական ու ուժեղ լինենք, որ պատերազմ չլինի: Եթե սենց ըլնի՝ պատերազմը մենք ինքներս ենք հրահրում: Եթե սպասում ենք, որ որեւէ մեկը ծերունի Խոտաբիչ լինի մեզ համար՝ չի ըլնի: Մենք պտի պատրաստ ըլնենք»: Թե միասնության այս կոչերի համատեքստում որքանո՞վ էր բարոյական եւ միասնական, որ երկրապահ-բանակայինները չկանխեցին մարտի 1-ը՝ Մանվել Գրիգորյանը նկատում է. «Եթե մտածում եք Երեւան քաղաքը Ֆիզուլի ա կամ ուսումնական կենտրոն, որ մարտի 1-ին ծեծեինք ու ջարդեինք՝ սխալվում եք: Ամեն օր մարդ են ծեծում ու սպանում, դրա համար է՞լ ես պետք ա պատասխան տամ: Ես եթե դուրս գայի հրապարակ, երկրի համար շատ վատ բաներ տեղի կունենային: Մյուս գեներալները պարտավոր էին հրաման կատարելու, չանեին՝ ավելի վատ կլիներ իրենց համար: Էս երկրում մենակ ես եմ խելառ եղել, որ հրաման չեմ կատարել: Երբ Ռոբերտ Քոչարյանը ինձ կանչել է, ես չեմ գնացել եւ դիմում եմ գրել, որ ինձ ազատեն աշխատանքից: Եթե նման մեկն եղել ա, որ ժողովրդի վրա կրակել ա՝ նա լավ զինվորական չի: Ումը, որ կգտնեք, որ կրակել ա՝ նա հետ ու առաջ՝ պատասխան ա տալու»: Լրագրողներից մեկի ռեպլիկին՝ «Քոչարյանը կանչել էր, որ սեփական ժողովրդի վրա կրակելու հրաման տա՞ր», գեներալը հեգնեց. «Ես չգիտեմ՝ ինչ հրաման ա եղել, ներկա չեմ եղել, չգիտեմ: Հնարավոր ա՝ կանչել էր մեդալ տալու»: Ի դեպ, Ղարաբաղում առաջին զոհի մայրը՝ տիկին Փառանձեմը, համագումարի ավարտին ամբիոնից հորդորեց, որ ներկաներն իրենց ընկերոջ՝ Սասուն Միքայելյանի մահը կանխեն եւ ամեն ինչ անեն՝ նրան ազատ արձակելու համար: Երբ լրագրողները փորձեցին ճշտել, թե ի՞նչ ընթացք կստանա հորդորը՝ նա ասաց. «Սասուն Միքայելյանը իր ազատության համար անձամբ պետք ա մտածի: Իրանից բացի՝ ոչ մեկը ոչ մի բան չի կարա անի: Էս երկրի տակ եթե որեւէ մեկը Սասունի պես Սերժ Սարգսյանին մոտիկ ա էլել՝ ամոթ իմ ծծած կաթին: Անգամ մինչեւ վերջի օրը: Էնքան մոտ են, իրար էնքան լավ են հասկանում՝ թող դիմի, էթան իրար հետ խոսան, էդ հարցերը լուծեն, ընչի են ուրիշներին դեմ տալի: Սերժին ավելի լավ ոչ ոք չի ճանաչում, քան Սասունը, Սասունին էլ ավելի լավ ոչ ոք չի ճանաչում… լուծեն: Անընդհատ բզում-բրթում եք հարցերով, էդ մարդուն խորտակում եք»: Երբ լրագրողները նախկին քաղբանտարկյալների թեմայի շուրջ սկսեցին այլ հարցեր էլ տալ՝ Մանվել Գրիգորյանը տեղից վեր կացավ ու լրագրողների վրա բարկանալով եւ մեր հասցեին «հաճոյախոսություններ» անելով՝ հեռացավ:
Մաքո՞ւր է ԵԿՄ-ականների խիղճը
Իսկ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Զ. Սարգսյանն իր ելույթում հռետորական հարցեր հնչեցրեց. «Ձեզ միավորողը իմ եղբայրն է եղել: Վազգենի առաջ ձեր պարտքը արե՞լ եք: Վազգենին հանգիստ կասե՞ք՝ ինչ կարող եք` արեցի՞ք: Ձեր խի՞ղճը մաքուր է Վազգենի, ձեր զոհված ընկերների, ձեր երեխաների առաջ: Եռաբլուր չե՞ք գնալու»: Նա հայտարարեց, որ երկրապահի համագումարներում այլեւս ելույթ չի ունենալու, եթե կազմակերպության ներսում երկրապահները շարունակեն պառակտված լինել. «Ես շատ լավ հասկանում եմ այն տղաներին, ովքեր չեն եկել, եւ չեմ մեղադրում նրանց, չեմ մեղադրում նաեւ եկածներին: Գտնում եմ, որ դեռեւս կարող են լեզու գտնել: Ես պարտավորված եմ զգում այդ խնդիրը հարթելու: Ես այս համագումարին որպես երկրապահ եմ ներկայացել, ով այս կառույցի համար ցավ է ապրում»: Նա շատ վատ համարեց, որ երկրապահները չկանխեցին մարտի 1-ը: Իսկ մինչ այդ «Առավոտի» հետ զրույցում փարատելով զարմանքս՝ նկատեց. «Պիտի զարմանայիք, որ ներկա չլինեի: Այսօրվա երկրապահն էլ իմ երկրապահն է: Այստեղ նստած տղաներից շատերը ոչ միայն իմ ընկերներն են, այլեւ՝ ախպերները: Դժբախտաբար, իմ ախպերների մի մասն այսօր էս համագումարին չի մասնակցում, եւ դա ինձ համար նաեւ անձնական բան է: Ես չէի ուզենա էդ տղերքի մեջ մտնել ու պարզել՝ ով ինչից ու ինչի համար է նեղացել: Խորհուրդ տալ չէի ուզենա: Յուրաքանչյուրի տեսակետն էլ լսել եմ: Պատճառները բոլորդ էլ գիտեք՝ քաղաքական են, բայց կա գերխնդիր: Էդ գերխնդիրը ես տեսնում եմ՝ որպես առաջիկայում մեզ սպառնացող թիվ մեկ պրոբլեմ, տեսնում եմ շատ կարճ ժամանակի մեջ ու չեմ ուզում էս կառույցի ուժն ու պոտենցիալը, հնարավորությունները կորեն, չեմ ուզում իրարից նեղացած, խռոված տեսնել: Ես հակված եմ եղածը պահելու ու ուժեղացնելու: ԵԿՄ անդամներն իրարից նեղանալու բան չպիտի ունենան»: Նրա կարծիքով՝ Հայաստանին սպառնացող աշխարհաքաղաքական վտանգները բերելու են նրան, որ ԵԿՄ հաջորդ համագումարը արտահերթ է լինելու:
Համագումարին ներկա ՀԱԿ անդամ, մտավորական Երվանդ Մանարյանը նախկին մարտական ընկերներին նույնպես կոչ արեց, որ երբեք եւ ոչ մի պատճառով միմյանցից չնեղանան: