Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՃԱԽ ԵՄ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐ ՍՏԱՆՈՒՄ»

Փետրվար 17,2010 00:00

\"\"Խոստովանում է ՀՅԴ խմբակցության պատգամավոր, գրող Ալվարդ Պետրոսյանը, որի որոշ հայտարարություններ հարուցել են այլ դաշնակցականների դժգոհությունը:

Երեկ «Ուրբաթ» ակումբում հրավիրված ասուլիսում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ալվարդ Պետրոսյանն ասաց, թե հայ-թուրքական հարաբերությունների հարցերում եւս «այլակարծությունը նույնքան ժողովրդավարական արժեք է: Լավ է, որ եթե «այո» կա՝ «ոչ» էլ կա: Եվ պատճառաբանվա՛ծ «ոչ» կա»:
«Պատճառաբանված ոչ»-ի մասին արտահայտությունը որոշակիորեն հակասում էր անցած տարի դեկտեմբերի 24-ին «Փաստարկ» ակումբում նրա արած դիտարկումներին, թե հայ-թուրքական արձանագրություններին «մի մասն ասում էր այո՝ չհասկանալով ինչու, մյուսներն էլ ասում էին ոչ՝ դարձյալ խորապես չպատճառաբանելով ինչու»: Դրանից հետո «Առավոտի» հետ առանձնազրույցում պատասխանելով հարցին՝ «ՀՅԴ-ն, որի մի ներկայացուցիչն էլ Դուք եք, «ոչ» ասողների մեջ է: Այսինքն՝ համարո՞ւմ եք, թե ՀՅԴ-ն չի կարողանում լիովին պատճառաբանել իր «ոչ»-ը»՝ Ալվարդ Պետրոսյանը մասնավորապես ասել էր. «Այս հարցն այնքան տարողունակ է, որ ես բավարարված չեմ ո՛չ «այո»-ով, ո՛չ «ոչ»-ով… Ես գտնում եմ, որ ճշմարտությունը մեջտեղում է»: Նաեւ հավելել էր. «Իմ ամբողջ տագնապն այն է, որ այս խնդիրն, ըստ ամենայնի՝ յուրացված ու մարսված չէ: Չեմ կասկածում երկու կողմերի համոզվածությանը: Բայց կարծում եմ, որ այդ հարցը դեռեւս ո՛չ հոգեբանորեն, ո՛չ հասարակական ընդգրկման իմաստով այնքան «եփված» չէ, որ մենք շտապենք այս հարցի վերաբերյալ անել կատեգորիկ հայտարարություններ»:
Ըստ ամենայնի՝ նրա այս հայտարարությունները հարուցել էին իր կուսակիցների դժգոհությունը: Այդ պատճառո՞վ Ալվարդ Պետրոսյանը որոշակիորեն վերափոխեց դրանք: «Առավոտի» հետ զրույցի ընթացքում նա երեկ հաստատեց, թե «ոչ»-ը պատճառաբանել չկարողանալու վերաբերյալ իր դիտարկումների կապակցությամբ «իմ ընկերները բանավոր դժգոհել են: Դա նշանակում է, որ շատ համոզված «ոչ» ասողներ են իմ ընկերները: Ես իհարկե՝ կարող էի ավելի շքեղ բառերով ասել, թե բոլոր լավ դաշնակցականները տույժի ենթարկվում են: Սա նշանակում է, որ շատ ընդգծված բնավորություն ունես: Եվ ես դրանից չեմ խրտնում՝ լավ է: Բայց տույժը շատ է՝ չէ, տույժ չէ, չի եղել»: Վերջին դիտարկումներն արվեցին մեր այն միջանկյալ հարցին ի պատասխան, թե արդյոք ինքն այդ հայտարարությունների համար ենթարկվե՞լ է կուսակցական տույժի: Վերհիշեցինք ընդամենը մի քանիսին այն նախկին դաշնակցականներից, որոնք արժանացել են կուսակցական պատիժների՝ զորավար Անդրանիկ, Գարեգին Նժդեհ: Ալվարդ Պետրոսյանը ծիծաղեց. «Հաճախ են ինձ տույժեր տալիս: Հեչ որ չէ՝ Վահանը միշտ պատրաստ է, էլի»: Նաեւ հավելեց. «Ի վերջո՝ կուսակցություն է: Եվ եթե ես կուսակցություն եմ մտել՝ պիտի կարողանամ լեզուս մի քիչ չափի մեջ պահել, կարգապահ լինել: Մեկ-մեկ չի՛ ստացվում: Ինձ էլ ասում են՝ կարգին պահիր քեզ: Հումորով վերաբերվեցի»:
Նշենք, որ «Առավոտին» դեկտեմբերի 25-ին տված հարցազրույցում Ալվարդ Պետրոսյանը նաեւ ասել էր. «Սերժ Սարգսյանի հետ մեր բոլոր բանավեճերից, հակասություններից բացի՝ ունենք նաեւ շատ ընդհանուր դաշտ՝ արժեքային նույն համակարգը, ինչն ազգային խնդիրներին էր վերաբերում. մի ամբողջ ճանապարհ, որ անցել ենք»: Մեր հարցին, թե արդյոք դաշնակցականների դժգոհությունը վերաբերե՞լ է նաեւ Սերժ Սարգսյանի մասին արված այս արտահայտություններին՝ Ալվարդ Պետրոսյանը տվեց բացասական պատասխան. «Սերժ Սարգսյանի հետ կապ բոլորովին չունի դա»:
Ի դեպ, ասուլիսում հայտնեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նա ընդունելու է Հայ օգնության միության հայրենիք ժամանելիք կին ուխտավորներին. «Կարող էր եւ չընդունել, քանի որ մենք այլ տեսակետ ունենք: Մենք «ոչ»-ի կողմնակից ենք»,- ընդգծեց Ալվարդ Պետրոսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել