Լրահոս
Օրվա լրահոսը

Սուտ խոստումների հերթ եւ անգրագիտության շքերթ

Փետրվար 16,2010 00:00

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը՝ Հայաստանի տարածքից դուրս գտնվող մշակույթի կոթողների վերականգնման մասին:

«Հայկական հուշարձանների մեծ մասը կորցրել ենք, դրանք անվերադարձ երկրի երեսից ջնջվել են՝ նախքան կհասցնեինք դրանք ճանաչել… Շատ քիչ վանքեր եւ հուշարձաններ կան, որ գոնե մեկ լուսանկարով անմահացել են: Եղած փշրանքները հավաքել եւ ի մի բերելը, այսինքն, մեր նախնիների հիշատակը բեկոր- բեկոր հավաքելը՝ պարտք է, որ պարտավոր ենք մատուցել մեր նախնիների հիշատակին»,- երեկ հայտարարեց «Հայկական ճարտարապետություն ուսումնասիրող» հ/կ նախագահ Սամվել Կարապետյանը: Նա խոսեց նաեւ իրենց կազմակերպության «Վարձք» հանդեսի մասին: Վերջինիս առաջին համարը նվիրված է կազմակերպության հիմնադիր-նախագահ Արմեն Հախնազարյանի հիշատակին:
Պարոն Կարապետյանն անդրադարձավ ՀՀ նախագահի այն հայտարարությանը, թե վերջին 18 տարում Նախիջեւանում ավելի շատ հայկական կոթողներ են ոչնչացվել, քան նախորդ 70 տարվա ընթացքում. «Պետական մակարդակով էր պետք հայկական մշակույթին տեր լինել: Ջուղան համաշխարհային գանձ էր, այն հիմա այլեւս չկա, ու մենք այդ փաստը, կոպիտ ասած՝ պետք է մատի փաթաթան դարձնենք ամեն առիթով: Ադրբեջանի այն բարբաջանքներին, թե պետք է ազատագրված տարածքները վերադարձնենք կամ փոխզիջումների գնանք, ես կպատասխանեմ՝ բավական է, որ մշակութակիր աշխարհին ներկայացնենք՝ ի՞նչ է կատարվել հայոց գերեվարված տարածքներում, որոնք այսօր Ադրբեջանի իրավասության ներքո են: Աշխարհի հետ ճիշտ է մշակույթի լեզվով խոսելը. սա քաղաքականությունից վեր է եւ հասկանալի է ազգերին»:
Պարոն Կարապետյանը նաեւ ասաց, որ ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնած «Հայաստանի առավել վտանգված հուշարձանների դիտանցում» ծրագրի շրջանակներում արդեն ուսումնասիրել է 26 հուշարձան. «Առավել վատ վիճակում էին Դսեղ գյուղի մոտ գտնվող Բարձրաքաշի եւ Քառասնից մանկանց վանքերը… Բարձրաքաշում երեք եկեղեցիներից բաղկացած մի վանական համալիր կա, բոլորի ծածկերն էլ վաղուց փլված են, պատերից ամեն մեկն էլ Պիզայի թեք աշտարակ է: Անմխիթար վիճակում են նաեւ Խոսրովի արգելոցի՝ Աղջոց վանքը եւ այլն»: Հուշարձանագետի տվյալներով, այս ծրագիրը արժե մոտ 8 մլն դրամ, որից 3,9 մլն է տրամադրվել: Իրենց կազմակերպությունում չկան բոլոր անհրաժեշտ մասնագետները, այդ պատճառով համատեղել են աշխատանքները մեկ այլ կազմակերպության հետ:
Պարոն Կարապետյանը անհավանական է համարում նախորդ տարեվերջին Թբիլիսիում գտնվող Մուղնու Սուրբ Գեւորգ եկեղեցին վերանորոգելու՝ վրաց իշխանությունների խոստումները. «Հերթական սուտ խոստումներն են, որովհետեւ նման խոստումներ մենք միշտ լսում ենք, այսինքն՝ նման խոստումների իրապես մեծ հերթ է գոյացել»: Պարոն Կարապետյանը «խեղկատակություն» որակեց Թուրքիայում Կարսի Ս. Առաքելոց եկեղեցու վերականգնումը. «Դա արդեն մզկիթի էր վերածված եւ վերականգնեցին որպես մզկիթ: Դա վերականգնում չէր, գիտական ամեն տեսակի նորմերի խախտումներով արված աշխատանք էր, անգրագիտության շքերթ է: Հիմա էլ Անիի Տիգրան Հոնենց եկեղեցին է վերականգնվում, արեւմտյան մարզերում էլ են վերականգնվում… Ինձ ավելի շատ հետաքրքրում է մե՛ր տունը՝ տասնյակ հազարավոր հայեր են ապրում Ստամբուլում, գործող եկեղեցիներ եւ դպրոցներ ունենք, ու ոչ մի խնդիր չկա, բայց մեկ հայի ներկայությունը Վանում, Մուշում, էլ չեմ խոսում եկեղեցու կամ դպրոցի առկայության մասին, արդեն մեծ խնդիր է: Այսինքն՝ թուրք իշխանությունները հանդուրժում են հայերին, երբ նրանք իրենց տանը չեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել