Աշխարհի գավաթի խաղարկության մեկնարկի նախօրեին «Առավոտը» զրուցել էր Յուրի Պատրիկեեւի անձնական մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ Սամվել Գեւորգյանի հետ, որում արծարծված հարցերը սերտորեն առնչվում են մեր հավաքականի վերջին մրցելույթներին:
– Յուրայից ի՞նչ եք սպասում այս մրցումներում:
– Մրցագորգը ցույց կտա: Բայց նա պրոֆեսիոնալ մարզիկ է, ամեն ինչ քաջ գիտակցում է եւ սխալներ գործելու իրավունք չունի:
– Յուրան հիմնականում Ռուսաստանում է լինում: Դուք տեղյա՞կ եք՝ նա կանոնավոր կերպով մարզվո՞ւմ է, թե՞ ոչ:
– Արդեն ասացի, որ Յուրան պրոֆեսիոնալ է, ու նրա վրա ամենօրյա հսկողություն իրականացնելու անհրաժեշտություն չկա. երեխա կամ սկսնակ չի, արդեն 30 տարեկան է: Բացի դա, ես, հավաքականի մարզիչները եւ ֆեդերացիան մշտական կապի մեջ ենք նրա հետ ու փոխադարձաբար կոորդինացնում ենք աշխատանքները: Եվ վստահ ենք, որ Յուրան իր պարտականություններին լուրջ ու պատասխանատվությամբ է վերաբերվում: Այլապես, օլիմպիական խաղերում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում մեդալներ չէր նվաճի:
– Ի՞նչ ասել է՝ աշխատանքների հեռակա կոորդինացում:
– Ըստ նրա համար կազմված մարզումային ծրագրի՝ ֆեդերացիան զբաղվում է բոլոր խնդիրները տեղում կազմակերպելով, ընդհուպ՝ մինչեւ սոցիալական, բժշկական, խորհրդատվական կամ խորհրդակցական: Ու մինչեւ հիմա որեւէ ձախողում կամ բացթողում չի եղել: Ժամանակ առ ժամանակ, եթե անհրաժեշտ է, ես կամ հավաքականի մեկ այլ մարզիչ մեկնում ենք նրա մոտ, անձամբ ծանոթանում մարզավիճակին: Իսկ երբ հավաքականը այս կամ այն կարեւոր մրցմանը պատրաստվելու համար ուսումնամարզական հավաք է կազմակերպում, նա անպայման միանում է թիմին:
– Ավելի նպատակահարմար չէ՞ Յուրայի համար Երեւանում մշտապես մնալու պայմաններ ապահովել:
– Դա կազմակերպական խնդիր է, որը, կարծում եմ, հնարավոր է լուծել: Սակայն մարզական առումով նպատակահարմար չէ, քանի որ Հայաստանում Յուրայի քաշային կարգում շատ թե քիչ արժանի ըմբիշներ չկան: Նրան ամենօրյա մարզումային մրցակիցներ են հարկավոր: Իսկ այդպիսիք Ռուսաստանում շատ են:
– Ասացիք, որ անհրաժեշտության դեպքում նա միանում է հավաքականին: Այդ ժամանակ մրցակցի հարցն ինչպե՞ս է կարգավորվում:
– Մենք՝ մարզիչներս, եւ ինքը նույնպես, մշտապես հետեւում ենք, թե ովքե՞ր կան: Ընտրում ենք տվյալ պահին ամենահարմարին ու ֆեդերացիայի աջակցությամբ նրան էլ ենք հրավիրում հավաքների: Ընդ որում, այդ ամենը վճարովի է, ու ծախսերը հոգում է ֆեդերացիան: Օրինակ, հիմա էլ Յուրայի հետ Երեւանում է Վլադիմիր Ուրալսկին՝ միջազգային խոշոր մրցաշարերի հաղթող ու մրցանակակիր: Նա ռուսաստանցի է, բայց հանդես է գալիս Իսրայելի դրոշի ներքո: Այս աշխատաոճը, կարծում եմ, իրեն լիովին արդարացնում է: Ասեմ, որ մեր ֆեդերացիայի եւ ՀԱՕԿ-ի նախագահները նման հարցերում ոչինչ չեն խնայում: Հաճախ է լինում նաեւ, որ, ասենք, ազատ ոճի մեկ-երկու ըմբիշների համար, որոնք նույնպես իրենց քաշային կարգերում այստեղ հարմար մարզումային մրցակից չունեն, ամբողջ ուսումնամարզական հավաքներ են կազմակերպվում այլ երկրներում: