Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինքնանպատակ ARTEXPO

Փետրվար 16,2010 00:00

Կամ հերթական «գալոչկան» դրված է

Փետրվարի 12-13-ը Հայաստանի նկարիչների միությունում մշակույթի նախարարության նախաձեռնությամբ անցկացվեց ARTEXPO-2010 արվեստների ցուցահանդեսը, որը, ինչպես նախարարությունն է հայտարարում, նպատակ ունի ներկայացնել հայրենական մշակույթի ժամանակակից զարգացումները, համագործակցություն, գործնական կապեր հաստատելու հնարավորություն ընձեռել մշակույթի դաշտում գործունեություն ծավալող բոլոր շահագրգիռ կազմակերպություններին ու կառույցներին։ Իրականում լատինատառ եւ օտարահունչ անվանումով այս միջոցառումը ինքնանպատակ «թամաշայի» էր վերածվել, որովհետեւ տպավորությունն այնպիսին էր, թե այն կազմակերպված է «գալոչկայի» համար. նախ 5 տասնյակից ավելի մշակութային ոչ բոլոր կառույցներն էին իրենց նախորդ տարվա աշխատանքը եւ նոր պլանները ներկայացնում, ոմանք էլ ամփոփելու բան անգամ չունեին: Տաղավար կար, որ ներկայացել էր Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի առիթով տպագրված նյութերով:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրենի օգնական Վարդան Հակոբյանը «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ նմանատիպ էքսպոները այնքան էլ իրենց պրոֆիլի համար չեն՝ լավ կլիներ կինո եւ թատերական փառատոների համար առանձին էքսպոներ կազմակերպել եւ ոչ թե ժողստեղծագործությունն ու կինոարվեստը համատեղել: Ինչպես մյուս կազմակերպությունների, այնպես էլ «Ոսկե ծիրանի» տաղավարում հին թերթեր էին դրված, որոնք, իհարկե, արագ սպառվեցին: Պատճառը փառատոնի բարձր վարկանիշն է: «Ոսկե ծիրանի» փոխտնօրեն Արա Խանջյանն էլ հավելեց, որ իրենց տաղավարին ՌԴ դեսպանատնից են մոտեցել, ու վերցրել ամսագրի այն համարը, որտեղ Սերգեյ Սոլովյովի մասին տեղեկատվություն է եղել:
«Ազգային պատկերասրահ» փառատոնի հիմնադիր Մարիամ Շահինյանը գոհ է ARTEXPO-ից՝ այն առումով, որ այն հնարավորություն է ստեղծում արվեստի բոլոր մասնակիցներին ու գործիչներին շփվել միմյանց հետ: «Այս տարի տաղավարների քանակը մեծացել է: Դա նշանակում է, որ մշակույթը Հայաստանում վերելք է ապրում, այս տաղավարներն ավելի գեղեցիկ են ձեւավորված»: Պատասխանելով «Առավոտի» հարցին, նա եւս փաստեց, որ որեւէ գործարար չի մոտեցել իրենց տաղավարին, միան «Կոնվերս» բանկից են հետաքրքրվել, դիտել տաղավարն ու ողջունել:
Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայության գիտական գծով փոխտնօրեն Արգամ Այվազյանը, ներկայացնելով իրենց տաղավարը, նշեց, որ առաջիկայում հրատարակելիք նյութեր ունեն, որոնց թվում են Թորոս Թորամանյանի գծագրերը: Նա նշեց, որ նախատեսել են կազմել հայկական հուշարձանների համահավաք ցուցակ եւս: «Որեւէ գործարարի այստեղ չենք տեսել: Ցավալի է, բայց նրանց չի հետաքրքրում մշակութային ժառանգությունը, այդ ոլորտում ներդրումներ չեն կատարում: Մեր գործարարները նախընտրում են շոու-բիզնեսը, մինչդեռ մեր մշակույթը ոչ թե դա է, այլ նյութական ու հոգեւոր ժառանգությունը»,- ասաց մեր զրուցակիցը:
Հայաստանի ազգային պատկերասրահը, որի Հրազդանի մասնաճյուղից նկարներ են գողացվել, չգիտես ինչու, ARTEXPO-ի առաջին օրը բնօրինակներ էր ներկայացրել՝ Ռոդեն եւ Սուրենյանց: Եվ դա այն դեպքում, երբ անվտանգության հարցերն առանձնապես լուծված չէին Նկարիչների միությունում: Ու, հավանաբար, որոշ խելոք մարդիկ խորհուրդ էին տվել տնօրեն Փարավոն Միրզոյանին՝ ուրիշ բան մտածել «ինքնատիպ» երեւալու համար. արդյունքում, ARTEXPO-ի երկրորդ օրը նույն տաղավարում լուսանկարներ էին, բուկլետներ ու պատկերասրահի անվճար տոմսեր:
Երվանդ Քոչարի թանգարանի տաղավարի «պատին» փակցված էր իրենց եւ վարպետի ցանկությունը՝ քաղաքային հրապարակներից մեկում տեսնել Քոչարի տարածական նկարը:
Շքեղ տաղավար ուներ «Զանգակ-97» հրատարակչությունը: Վերջինիս աշխատակից Անժելա Պետիկյանը ներկայացրեց իրենց արտադրանքը՝ նախագահի մրցանակին արժանացած «Հայ արվեստի պատմություն» գիրքը, հետաքրքիր մանկական գրականություն, պլաստիլինե հերոսներով հեքիաթները:
Հերթ էր գոյացել Ժողովրդական ստեղծագործության եւ արվեստագիտության կենտրոնի տաղավարի մոտ, որտեղ ժողովրդական վարպետ Սահակ Սահակյանը ներկայացնում էր իր քանդակները, փայտի փորագրություններն ու հարթաքանդակները:
Գեղագիտության ազգային կենտրոնի տաղավարում հանդիպեցինք ռեժիսոր Վահան Բադալյանին: Նա փաստեց, որ ARTEXPO-ն առայժմ ընդամենը ճանաչողական դեր է կատարում, գուցե հաջորդ տարիներին գործնական քայլեր էլ հետեւեն: «Կուզեի, որ այստեղ շատ լինեին պրոդյուսերները, գործարարները, ափսոս՝ չտեսա: Մյուս կողմից էլ, անկեղծ ասած, այսքան մարդու այցելություն չէի ակնկալում»,- ասաց նա: Նման էքսպոների արդյունքում գործնական քայլեր է ակնկալում նաեւ «Այսօր-պլյուս» ֆիլմարտադրության հիմնադիրներից Նարինե Մկրտչյանը:
«Նարեկացի» արվեստի միության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նաիրա Հայրապետյանը գոհ է իրենց տաղավար այցելողներից: Նա ուրախությամբ նշեց, որ «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթը, որ ընդամենը 1 տարեկան է, գարնանը համերգներ կունենա Ֆրանսիայում եւ Շվեյցարիայում:
«Հայֆեստ» փառատոնի հիմնադիր Արթուր Ղուկասյանն էլ է կարծում, որ անցյալ տարվա համեմատությամբ այս ARTEXPO-ն ավելի հետաքրքիր է. «Նախ անցյալ տարի քիչ էին մասնակիցները, հետո անպատրաստ էին… Տաղավարներն անկապ էին. կարծես «գալոչկայի» համար մի երկու աֆիշ էին կախել… Մենք պետք է ավելի ակտիվ լինենք, որպեսզի գործարարները մոտենան մեզ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել