60-ամյա ավստրալուհի Պադդի Տրումբոլլը կարողացել է մերկ ձեռքերով ետ մղել իր վրա հարձակված շնաձկանն ու կենդանի մնալ: newsru.com-ի մատուցմամբ՝ չնայած ստացած վերքերին եւ արյան 40%-ի կորստին, տիկնոջ կյանքին վտանգ չի սպառնում: Ավելին, Պադդի Տրումբոլլն իր մեջ ուժ է գտել նույնիսկ կատակելու եւ հայտարարելու, թե՝ շնաձուկն իրեն օգնեց «ուղղել իր կառուցվածքի թերությունները»:
Շնաձուկը կնոջ վրա հարձակվել էր այն պահին, երբ միսիս Տրումբոլլը ամուսնու եւ մի քանի այլ ուղեկիցների հետ նավակով՝ հանգստանալու եւ լողալու նպատակով, փորձել էին հասնել Կվինսլենդ նահանգի կղզիներից մեկը: Լողալիս նա թիկունքին զգացել էր ուժգին հարված՝ մեկուկես մետրանոց շնաձուկը հարվածել էր նրան, բայց տիկինը խուճապի չէր մատնվել ու սկսել էր բռունցքներով եւ ոտքերով հարվածել շնաձկան քթին: Բարեբախտաբար, կնոջն օգնության էին հասել մոտերքում հայտնված զբոսանավի ուղեւորները եւ Պադդի Տրումբոլլին հանել էին ջրից եւ ուղղաթիռով տեղափոխել հիվանդանոց: Տրումբոլլն առաջիկայում դեռ 5 վիրահատության էլ պետք է ենթարկվի: Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ մարդիկ շնաձկան հետ մենամարտում հաղթող են դուրս գալիս: Նման եւս մի միջադեպ տեղի էր ունեցել օրեր առաջ. 14-ամյա Լիդիա Ուորդն էր կարողացել ետ մղել իր վրա հարձակված շնաձկանն ու կենդանի մնալ: