Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆԱՏՕ-ականներն էլի խաղաղ բնակիչների մահվան պատճառ են դարձել

Փետրվար 16,2010 00:00

Աֆղանստանում թալիբ գրոհայինների դեմ միջազգային կոալիցիոն ուժերի լայնամասշտաբ հարձակմանը խոչընդոտում են գրոհայինների կողմից ինքնաշեն ական-ծուղակները: Դրանք՝ ՆԱՏՕ-ում, BBC-ի աղբյուրների մատուցմամբ, 2001թ.-ից ի վեր թալիբների ռեժիմի դեմ իրականացված գործողություններից ամենալուրջն ու մեծամասշտաբը, արդեն երեք օր է, ինչ շարունակվում են եւ կրում «Մոշտարակ», թարգմանաբար՝ «Մենք» անունը: Կոալիցիայի ուժերն իրենց հարվածը կենտրոնացրել են Աֆղանստանի հարավում գտնվող Գիլմենդ գավառում թալիբների դիրքերի ուղղությամբ:
Ինչպես հայտարարել է ԱՄՆ ծովային հետեւակի բրիգադային հրամանատար Լարրի Նիկոլսոնը, ՆԱՏՕ-ի այս հարձակումները կտեւեն մինչեւ 30 օր: Նախօրեին, աղբյուրի մատուցմամբ, ծովային հետեւակն ու աֆղան զինվորականները ճեղքելով հասել էին Մարջա քաղաքի կենտրոն եւ հայտնվել գրոհայինների կողմից ինտենսիվ գնդակոծության կիզակետում: Գրոհայինների դիրքերի ուղղությամբ շարժական կայանքներից երկու հրթիռներ էին արձակվել, որոնք, սակայն, շեղվել էին իրենց ուղեգծից եւ հարվածել բնակելի տների: Արդյունքում՝ 12 խաղաղ բնակիչ է զոհվել:
Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը պահանջել է հետաքննել տեղի ունեցած միջադեպը, իսկ Աֆղանստանում միջազգային ուժերի հրամանատար, գեներալ Սթենլի Մաքքրիստալը խոր ափսոսանք է հայտնել անմեղ աֆղանցիների սպանության առնչությամբ եւ հրամայել է դադարեցնել հրթիռային շարժական կայանքների կիրառումը՝ մինչեւ հետաքննության արդյունքների հրապարակումը:
Աֆղան զինվորականները հայտարարել են, թե գործողության ընթացքում սպանվել է ամենաքիչը 20 թալիբ գրոհային, եւս 11-ը առաջին գրոհի ժամանակ գերի է վերցվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել