Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կրթական ծրագրերով մեկնում են ու էլ չեն վերադառնում

Փետրվար 16,2010 00:00

 ԱՄՆ ուսանելու մեկնած հայ ուսանողները օգտագործում են ցանկացած առիթ

«Irex» կազմակերպության կրթական ծրագրերը հայ ուսանողներին ԱՄՆ-ում ուսանելու լայն հնարավորություններ են ընձեռում: Արդեն 5 տարի է՝ UGRAD եւ Muskie կրթական ծրագրերով ամեն տարի ՀՀ պետական եւ ոչ պետական բուհերի տասնյակ ուսանողներ են մեկնում արտերկիր՝ անվճար ուսում ստանալու: «Առավոտի» հետ զրույցում «Irex» կազմակերպության կրթական ծրագրերի պատասխանատու Ժաննա Խաչատրյանն ասաց, որ վերջին տարիներին իրենց ծրագրերով մեկնող ուսանողների թիվը նվազել է. UGRAD-ով՝ 10 ուսանող, իսկ Muskie-ով 15 ուսանող է մեկնում: Նրա խոսքով՝ պատճառը ոչ թե նվազ գիտելիքներ ունեցող ուսանողներն են, այլ ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորումն է կրճատվել: Ըստ Ժ. Խաչատրյանի՝ UGRAD-ը ուսանողների փոխանակման ծրագիր է ու չի տալիս գիտական գործունեություն, իսկ հաջորդը նախատեսված է բակալավրի աստիճան ունեցող ուսանողների համար, ովքեր մագիստրական կրթություն են ցանկանում ստանալ. «Մեր ծրագրերով ԱՄՆ մեկնող ուսանողները 3-4 տարին մեկ անգամ խախտում են պայմանագիրը եւ ուսանելու հնարավորությունն օգտագործում Հայաստան չվերադառնալու համար, նույնիսկ հաշվի չեն առնում այնտեղ անլեգալ ապրելու վտանգները, մենք ոչինչ չենք կարող անել նրանց հետ բերելու համար»: Ծրագրերի պատասխանատուի խոսքով, իրենք համագործակցում են ԱՄՆ-ի մոտ 200 համալսարանների հետ, ու ուսանողներին տեղաբաշխում են ըստ իրենց հետաքրքրությունների, մասնագիտացման. «Մեր վաշինգտոնյան գրասենյակը կարդում է ուսանողների նշումները եւ համալսարանների ցանկը եւ հաշվի առնելով նրանց հետաքրքրությունները՝ տեղաբաշխում կատարում: Բայց միայն լավ առաջադիմություն ցուցաբերող ուսանողներին են «դեգրիներ» հանձնում»: Ժաննայի պատմելով՝ նախկինում ԱՄՆ բոլոր նահանգների համալսարաններն էին ներգրավված, իսկ հիմա մոտ 40 նահանգների հետ են միայն համագործակցում. «Հայաստան վերադարձած ուսանողների տպավորությունները խիստ տարբեր են՝ կան ե՛ւ գոհ, ե՛ւ դժգոհ ուսանողներ, դժգոհությունները հիմնականում լինում են մշակույթի տարբերություններից, կամ՝ իրենց պատկերացումները իրականացած չեն լինում»: Ժ. Խաչատրյանը պատմեց նաեւ, որ թեեւ Irex-ի կրթական ծրագրերը հասանելի են նաեւ հատուկ խնդիրներ ունեցող ուսանողների համար, բայց 5 տարվա գործունեության ընթացքում ընդամենը մեկ ուսանող է դիմել ու մեկնել ուսանողների փոխանակման ծրագրով:
 Զրուցեցի նաեւ ԱՄՆ-ից վերադարձած ուսանողների հետ: Արիադնա Գրիգորյանը ԵՊԼՀ ուսանող է եւ 2008-2009թթ. ուսանողների փոխանակման ծրագրով (UGRAD) մեկնել է ԱՄՆ Հյուսիսային Դոկոտա նահանգ եւ նահանգային պետական համալսարանում ուսանել հյուրանոցային գործ բաժնում: Նրա խոսքով՝ «Ժամանակ է պահանջվում՝ մինչեւ ընտելանում ենք, առաջին հայացքից թվում է՝ շատ նման ենք, բայց մշակութային տարբերությունները հենց գլխավոր դժվարություններն են»: Արիադնան ասում է, որ ուսումնական մեկ տարվա ընթացքում եղել են նաեւ իրենց առարկան լավ չտիրապետող դասախոսներ. «Օրինակ՝ մեզ կորեացի մի դասախոս «Տուրիզմ» էր դասավանդում, առարկային էլ այնքան լավ չէր տիրապետում ու դրա հետ մեկտեղ՝ անգլերենի իմացությունն էր վատ, նույնիսկ ամերիկացիները նրան չէին հասկանում, ու դասի ընթացքում աղմուկ-աղաղակ էր»: Արիադնայի կարծիքով, հայկական բակալավրի կրթությունը ամերիկյանից այնքան էլ ցածր չէ. «Հայկական եւ ամերիկյան կրթական համակարգի տարբերությունները հիմնականում հնարավորությունների մեջ են, այնտեղ լայն հնարավորություններ ունեն ուսանողները, բայց, այնուամենայնիվ, ես չէի ասի, որ իրենց բակալավրիատն ավելի լավն է, քան մերը, եթե մենք ունենայինք տեխնիկական հնարավորություններ եւ նորացնեինք մեր նյութերը, ամեն ինչ հավասարակշիռ կլիներ»: Արիադնայի համոզմամբ՝ հայկական կրթական համակարգը զիջում է նաեւ թափանցիկության առումով, գուցե խնդիրը կարգավորվի, երբ հայ դասախոսները դադարեն առաջնորդվել ծանոթ-բարեկամ հոգեբանությամբ: Նա նաեւ խոստովանեց, որ ամերիկացիները խորթ աչքով էին նայում հայ ուսանողներին. «Մեր նահանգում կար տարբերություն, որովհետեւ այդ նահանգում ազգային բազմազանություն չկար, մեզ խորթ էին վերաբերվում՝ այն մտայնությամբ, թե դուք ուրիշ երկրից եք, մենք ձեր երկրի մասին նույնիսկ չենք էլ լսել, իսկ Կալիֆոռնիայում դուք հաստատ վերաբերմունքի փոփոխության չեք հանդիպի»:
Շուշանիկ Կարապետյանն էլ Մինեսոտա նահանգի Բեմեջի պետական համալսարանում ուսանել է հատուկ մանկավարժություն. «Հայաստանում այդ ոլորտի զարգացման հեռանկարներ դեռ չկան, այդ առումով ինձ համար բավականին օգտակար էր ԱՄՆ-ում ուսանելը, պարապմունքներն ամբողջությամբ գործնական էին՝ ուսումնասիրությունների եւ գործնական աշխատանքի վրա հիմնված, ուսանողին լայն հնարավորություններ են տրվում ներկայանալ նախաձեռնություններով եւ աշխատաոճի նոր մոտեցումներ մշակել»: Նա պատմեց, որ իր ուսանած նահանգում հայերը սիրված են ու արդեն լավ համբավ են վայելում. «Արմենիան շփոթում էին Ռումինիայի հետ, ոչ մի կերպ նրանք չէին մտապահում Արմենիան, ու ամեն անգամ, երբ հայ ուսանողի էին հանդիպում՝ հարցնում էին, թե ինչ նորություններ կան Ռումինիայում, հետո նաեւ ամեն անգամ պատմում, որ հայերը լավ ու հավատարիմ ընկերներ են: Ես անձամբ մեծ ծանոթություններ եմ այնտեղ հաստատել, եւ իմ ընկերներից շատերը այցելում են Հայաստան եւ լավ տպավորություններով հեռանում այստեղից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել