Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՂՋԻԻ ԽՆԴԻՐԸ ՎԵՐՋ ՉՈՒՆԻ՞

Փետրվար 16,2010 00:00

Մարզպետը դեմ է դպրոցի տնօրենին, նախարարը՝ կողմ

Շիրակի մարզի Ողջի գյուղի դպրոցի տնօրենի հարցը արդեն հինգ ամիս է՝ դուրս չի գալիս ԱԺ ամբիոններից, կառավարությունից եւ նույնիսկ դատախազությունից: «Առավոտն» արդեն անդրադարձել է այս պատմությանը (10.12.2009, 15.12.2009, 26.01.2010): Հիշեցնենք, որ նախկին տնօրեն Գոհար Աբրահամյանը սեպտեմբերի 3-ին հաղթել է դպրոցի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթում, սակայն Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը, պատճառաբանելով, որ մրցույթը հակասում է «Հանրակրթության մասին» նոր օրենքի պահանջներին, հրաժարվում է վերջինիս հետ պայմանագիր կնքել: Բացի այդ, մարզպետարանի ներկայացուցիչները պնդում են, որ Ողջիի դպրոցի կառավարման խորհուրդն ընտրվել է անօրինական կարգով, եւ խորհրդի երեք անդամները չեն համապատասխանել սահմանված չափանիշներին: Սակայն մարզպետի տեսակետը չի կիսում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով վերջերս փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին տեղեկացնելով այս խնդրի շուրջ իր գերատեսչության ուսումնասիրությունների մասին՝ մասնավորապես գրում է. «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի խախտումը տեղին չէ, քանի որ մրցույթի հայտարարման ժամանակ օրենքն ուժի մեջ դեռ չէր մտել: Խորհրդի կազմի անօրինական ձեւավորման փաստարկը չի կարող հիմք հանդիսանալ մրցույթի արդյունքներն անվավեր ճանաչելու համար, քանի որ, համաձայն խորհրդի ընտրության կարգի 8-րդ կետի՝ տարածքային կառավարման մարմինը պարտավոր էր 7- օրյա ժամկետում ուսումնասիրել խորհրդի անդամների վերաբերյալ առաջադրողների կողմից տրամադրված արձանագրությունները եւ նոր միայն հաստատեր կազմը կամ կարգի խախտմամբ առաջադրված լինելու դեպքում մերժեր անվանական կազմում առաջադրված անձի կամ անձանց թեկնածությունը: Մրցույթն անցկացրել է մարզպետի կողմից 2007թ. սեպտեմբերի 3-ի N 389 որոշմամբ հաստատված խորհուրդը: Ավելին, մանկավարժական խորհրդի կողմից առանց համապատասխան ստաժի ընտրված անդամը՝ Կարինե Մկրտչյանը, սեպտեմբերի 3-ի մրցույթին չի մասնակցել եւ դիմում է ներկայացրել խորհրդի կազմից դուրս գալու մասին: Առաջարկում եմ մրցույթը ճանաչել օրինական եւ հանձնարարել Շիրակի մարզպետին՝ Գոհար Աբրահամյանի հետ կնքելու աշխատանքային պայմանագիր՝ հինգ տարի ժամկետով»:
Տեղեկացնենք, որ այս գրությունը ձեռք էր բերել Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը, ով ԿԳ նախարարից պարզել էր նաեւ, որ 2009թ. սեպտեմբերի 1-ից մինչեւ դեկտեմբերի 15-ը հանրապետության տարբեր մարզերում՝ Լոռու մարզի Ղուսալիի, Ահնիձորի, Սարատովկայի, Վանաձորի թիվ 25, Հնաբերդի, Արարատի մարզի Մասիսի թիվ 5, Արմավիրի մարզի Թաիրովի, Կոտայքի մարզի Պռոշյանի Պ. Ղեւոնդյանի անվան միջնակարգ, Սյունիքի մարզի Ն. Հանդի հիմնական դպրոցներում անցկացվել է գործադիր մարմնի թափուր պաշտոնի մրցույթներ: Փաստորեն, մինչեւ դեկտեմբերի 15-ը 10 մրցույթ է անցկացվել եւ բացառությամբ մեկի՝ Սյունիքի մարզի Ն. Հանդի դպրոցի, մյուս բոլոր մարզերի մարզպետները պայմանագրեր են կնքել մրցույթը հաղթած թեկնածուների հետ: Այնպես որ, մրցույթներն այդ ժամանակ դեռեւս կասեցված չէին, եւ «Հանրակրթության մասին» նոր օրենքը չէր կարող պատճառ հանդիսանալ Շիրակի մարզպետի համար:
Լեւոն Բարսեղյանը ձեռք էր բերել նաեւ մեկ այլ փաստաթուղթ, որը տեղեկություններ էր հաղորդում Գյումրիի թվով 40 դպրոցների տնօրենների ու Շիրակի մարզպետի միջեւ կնքված աշխատանքային պայմանագրերի ժամկետների մասին: Տարօրինակն այն է, որ բացի 6 տնօրենից, մնացած բոլորը ժամանակավոր պաշտոնակատարներ (ժ/պ) են, մինչդեռ գործող կարգը պահանջում է նրանց հետ պայմանագիր կնքել 5 տարի ժամկետով: Վեց տնօրենները, որոնց պարագայում մարզպետը պահպանել է օրենքը, պատահական մարդիկ չեն՝ մեկը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ է, մյուսը՝ ԱԺ պատգամավորի քույր, երրորդը՝ Գյումրու ավագանու անդամի կին եւ այլն: Իսկ մնացածների հետ Շիրակի մարզպետը 2008թ.-ին պայմանագիր է կնքել 1 տարի ժամկետով, որից հետո նրանք դարձել են ժ/պ-ներ: Այսպիսի տնօրեններին Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահն անվանում է «պատանդներ», որոնք ամեն տարի ստիպված են գնալ «սրբի դուռը». «Նրանք ժ/պ-ներ են, որովհետեւ գրեթե մեկ տարի առաջ նրանց հետ պայմանագիրը կնքվել է 1 տարի ժամկետով, եւ հիմա մրցույթները, կասեցված են, նոր մրցույթներ չեն հայտարարվել այս դպրոցների տնօրենների համար: Ժամանակին Շիրակի մարզպետը պարտավոր էր այս մարդկանց հետ կնքել 5 տարվա պայմանագիր, բայց կնքել է 1 տարվա պայմանագիր: Կարող է իրենք ասեն, թե այդ տնօրենները մրցույթով չեն ընտրվել, էդ դեպքում հարց է ծագում, թե ինչո՞ւ մրցույթով չեն ընտրվել, եթե այդ դպրոցներում եղել են խորհուրդներ, իսկ գործող կարգն ասում էր՝ տնօրենի տեղը թափուր մնալու պարագայում հայտարարվում է մրցույթ»:
«Առավոտը» այս հարցերի հետ կապված պարզաբանումներ խնդրեց Շիրակի մարզպետարանի Կրթության եւ մշակույթի վարչության պետ Սահակ Մինասյանից: Նա պարզաբանեց, որ Ողջիի դպրոցի նախկին տնօրեն Գոհար Աբրահամյանը ժամանակին դպրոցի կառավարման խորհրդի հետ կապված՝ կեղծ փաստաթուղթ է ներկայացրել մարզպետի հաստատմանը, սակայն ՀՀ ԿԳՆ կրթության պետական տեսչության ներկայացուցիչները, ուսումնասիրելով՝ հաստատել են, որ խորհրդի անդամներն իրոք չեն համապատասխանում սահմանված չափանիշներին: Ուստի, նախքան Ողջիի դպրոցի տնօրենի թափուր տեղի համար մրցույթ հայտարարելը, մարզպետարանի կրթության վարչությունն ահազանգել է Գոհար Աբրահամյանին՝ նրան նախազգուշացնելով չհայտարարել մրցույթ՝ մինչեւ խորհրդում համապատասխան փոփոխություններ չկատարվեն: Սակայն, ըստ Սահակ Մինասյանի, վերոհիշյալ տիկինն անտեսել է իրենց հորդորն ու առաջարկը, մրցույթ է հայտարարել՝ նկատի ունենալով, որ մրցույթի հրապարակման օրվանից մինչեւ կայացման օրը, գործող կարգի համաձայն, մարզպետը խորհրդում փոփոխություններ կատարել չէր կարող: Ըստ մարզպետարանի պաշտոնյայի՝ խորհրդի նախկին անդամները, այդ թվում նաեւ խորհրդի նախկին նախագահը, այժմ էլ թյուրիմացության մեջ են գցել ԿԳՆ-ին՝ նրանց կեղծ տեղեկություններ հաղորդելով, թե իբր խորհրդի միայն մեկ անդամ չի համապատասխանել չափանիշներին, մինչդեռ նրանք երեքն էին. մեկը չի համապատասխանել կրթությամբ, մյուսը՝ ստաժով, իսկ նախագահը եղել է տնօրեն Գոհար Աբրահամյանի հորեղբոր աղջիկը: Մեր հարցին, թե ինչո՞ւ է մարզպետը օրենքը խախտել՝ դպրոցի տնօրենների հետ 1 տարի ժամանակով պայմանագիր կնքելով, պաշտոնյան Լիդա Նանյանին արդարացրեց, թե նա օրենք չի խախտել: Ըստ Ս. Մինասյանի՝ վերջին տասը տարվա ընթացքում հանրակրթական դպրոցների տնօրենների նշանակման կարգը մի քանի անգամ ենթարկվել է փոփոխության, եւ եթե նախկինում մարզպետն էր նշանակում՝ համապատասխան ստորաբաժանման ներկայացմամբ, ապա հետո դարձավ մրցույթով, ընտրովի: «Լիդա Նանյանը ժառանգեց մեծ թվով տնօրենների, որոնք ՊՈԱԿ-ի կարգավիճակի անցնելուց հետո պետք է որ 5 տարին լրանալուց հետո անպայման ընտրվեին մրցույթով: Արդեն իսկ որպես պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն հինգից ավելի տարիներ անընդմեջ, առանց մրցույթի անցկացման տնօրինելու իրավունք չունեին: Այդ պահին ՀՀ ԿԳՆ-ն մշակում էր ընտրությունների նոր կարգ, եւ բնականաբար մարզպետը աշխատանքային պայմանագրեր կնքեց տնօրենների հետ մինչեւ ատեստավորման նոր կարգի գործառությունը: Քանի որ անցյալ տարվա ընթացքում նախագիծը դեռեւս գործառության մեջ չմտավ, տնօրենների հետ կնքվեց աշխատանքային պայմանագիր մինչեւ մրցույթի անցկացումը»,- պարզաբանեց Սահակ Մինասյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել