Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լոռվա բնաշխարհի գույները՝

Փետրվար 16,2010 00:00

Հրանտ Թադեւոսյանի վրձնահարվածներում

Էն Լոռու ձորն է, ուր հանդիպակաց
Ժայռերը՝ խորունկ, նոթերը կիտած,
Դեմ ու դեմ կանգնած,
համառ ու անթարթ
Հայացքով իրար նայում են հանդարտ:
Հովհաննես Թումանյան
Հովհաննես Թումանյանի ծննդյան 140-ամյակի առթիվ «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը եւ Ախթալայի քաղաքապետարանը նախաձեռնեցին մի միջոցառում, որի ակունքները տանում են դեպի 1952 թվականի օգոստոս: Մարտիրոս Սարյանի գլխավորությամբ այն ժամանակ գործող շրջիկ ցուցահանդեսների անդամները (Հակոբ Կոջոյան, Մհեր Աբեղյան, Գաբրիել Գյուրջյան, Հովհաննես Զարդարյան, Մարիամ Ասլամազյան եւ ուրիշներ) որոշում են մեկնել Հովհաննես Թումանյանի ծննդավայր, վրձնել Դսեղը եւ նրա շրջակայքը, թումանյանական աշխարհը: Շուրջ մեկ ամիս անցկացնելով Դսեղում եւ շրջակայքում, հանդիպելով Թումանյանի ընտանիքի անդամներին, հյուրընկալվելով նրանց տանը, միայն Մարտիրոս Սարյանը ստեղծում է 12 գեղանկարչական աշխատանք, այդ թվում՝ «Քարինջ գյուղը Թումանյանի լեռներում» գլուխգործոցը, որն այսօր զարդարում է Հայաստանի ազգային պատկերասրահի սարյանական ցուցադրությունը: Հետեւելով Մարտիրոս Սարյանի կողմից հիմք դրած ավանդույթին՝ 2009 թվականի օգոստոսին 15 ճանաչված նկարիչներ մեկնեցին Դսեղ՝ նույն արահետներով ու ճամփաներով յուրովի իրենց հարգանքի տուրքը մատուցելով մեծ լոռեցուն: Արդյունքը այն բազմաթիվ կտավներն են, որոնք ծնունդ առան այդ ընթացքում: Լոռվա ձորն այնքան գերեց գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանին, որ նա եւս երկու անգամ եղավ Լոռվա բնաշխարհում՝ այն ավելի ընդարձակելով նոր երթուղիներով՝ Դսեղից Մոտկոր, Օձուն, Հաղպատ, Ախթալա, Շամլուղ, եւ ստեղծվեցին այն 70 բնանկարները, որոնք Լոռվա ձորի ինքնատիպ գեղանկարչական անդրադարձներն են: Ի դեպ, Հ. Թադեւոսյանի՝ Լոռվա բնաշխարհի նկատմամբ սերը եւ հարգանքը նոր պատմություն չունի: Այն սկսվում է Թումանյանից, շարունակվում Հրանտ Մաթեւոսյանով եւ հասնում մեր օրերը: Միայն Հրանտ Մաթեւոսյանի ստեղծագործություններով ոգեշնչվելը, նրա հետ ջերմ բարեկամությունը սկիզբ են տվել ավելի քան քսան աշխատանքների, որոնք եւս իրենց արժանի տեղը կգտնեն ցուցահանդեսում:
«Թումանյանական աշխարհը, Լոռվա ձորերը՝ իրենց անկրկնելի գույներով ու երանգներով միշտ ձգում են ինձ,- սիրում է կրկնել Հրանտ Թադեւոսյանը,- ու եթե ես կարողանում եմ դրանց մի փոքր մասը փոխադրել իմ կտավների վրա, դա իմ սիրո եւ հարգանքի դրսեւորումն է այդ բնաշխարհին, այնտեղ ապրող մարդկանց եւ, իհարկե, ցուցահանդեսի այցելուների նկատմամբ, որոնք թումանյանական աշխարհից մի մասնիկ կտանեն իրենց հետ»:
Ավելի քան 57 տարի առաջ Մարտիրոս Սարյանը իրեն բնորոշ գույներով ու երանգներով իր կտավներում անմահացրեց այդ աշխարհը՝ սերունդներին թողնելով Մեծ լոռեցի բանաստեղծի հայրենի եզերքի սարյանական ինքնատիպ անդրադարձները:
Մեր ազգի մեծերը որքան հեռանում են մեզանից, նույնքան նրանց կարիքը մենք ավելի շատ ենք զգում, քանզի նրանք միշտ որեւէ կերպ վերադառնում են մեր ապրած օրերը նաեւ այս կերպ՝ նման ցուցահանդեսների տեսքով: Իսկ ցուցահանդեսը պարզ եւ խոսուն էր վերնագրել Հրանտ Թադեւոսյանը՝ «Լոռվա ձորում»:

ՍԵՐԳՈ ԵՐԻՑՅԱՆ
«Լոռվա ձոր» հայրենակցական
միության նախագահ,
բանասիրական գիտությունների
դոկտոր, պրոֆեսոր

Հ. Գ. ՀՀ վաստակավոր նկարիչ Հրանտ Թադեւոսյանի «Լոռվա ձորում» խորագիրը կրող գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը կբացվի փետրվարի 17-ին, ժամը 15-ին (կգործի մինչեւ փետրվարի 27-ը)՝ ՀՀ նկարիչների միության ցուցասրահում, Աբովյան 16 հասցեում: Կազմակերպիչներ՝ «Լոռվա ձոր» հայրենակցական միություն, Լոռու մարզի Ախթալայի քաղաքապետարան, ՀՀ նկարիչների միություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել