Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԸ՝ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

Փետրվար 16,2010 00:00

Մենք կարեւորում ենք ցանկացած առաջընթաց տարածաշրջանի ժողովուրդների եւ պետությունների միջեւ հարաբերություններում:

Իմ այցը Հարավային Կովկաս, որպես ԵԱՀԿ գործող նախագահ, առաջինն է տարածաշրջան, որտեղ կազմակերպությունը ունի դաշտային առաքելություններ: Մենք հատուկ կարեւորություն ենք տալիս այս տարածաշրջանին եւ միջազգային աջակցությանն այն բարդ խնդիրների լուծման հարցում, որոնց առջեւ կանգնած են այստեղ գտնվող պետությունները:
Ղազախստանը առաջին պետությունն է հետխորհրդային տարածքում, որն ընտրվել է որպես ԵԱՀԿ նախագահություն, եւ մենք փորձում ենք լիարժեք օգտագործել մեր պատմական մտերմությունը եւ մեր ժողովուրդների նմանատիպ մտածելակերպը, ինչպես նաեւ մեր պետությունների ղեկավարների՝ Նուրսուլթան Նազարբաեւի եւ Սերժ Սարգսյանի միջեւ բարի եւ վստահելի հարաբերությունները՝ խաղաղության միջոցով «ձգձգված հակամարտությունների» հարցում հնարավոր առաջընթացի հասնելու համար: ԵԱՀԿ-ում մեր նախագահության համար այս հարցի առանձնահատուկ նշանակությունը ընդգծվել է երկու շաբաթ առաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ելույթի ընթացքում, եւ այդ դիրքորոշումը արժանացել է այս հեղինակավոր միջազգային կազմակերպության անդամների լիարժեք հավանությանը:
Մենք իսկապես հույս ունենք լրացուցիչ խթան հանդիսանալ բոլոր կողմերի համար, որոնք ներգրավված են այս բարդ գործընթացում:
Հենց դա է փետրվարի 14-17-ը Հարավային Կովկաս կայանալիք այցի գլխավոր նպատակը:
Հուսով եմ, որ իմ առաջիկա հանդիպումը նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ինչպես նաեւ Հայաստանի գործընկերների հետ բանակցությունները խթան կհանդիսանան ԵԱՀԿ ջանքերին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում:
Մենք համոզված ենք, որ չկա այս խնդրին խաղաղ լուծման այլընտրանք, քան այն, որ խարսխված է վստահության եւ փոխըմբռնման վրա՝ առաջին հերթին հակամարտության կողմերի միջեւ: Այս գործընթացում ներգրավված մնացած բոլոր կողմերը աջակիցներ են, որոնք ցանկություն ունեն իրենց ուժերի ներածի չափով ներդրում ունենալ այստեղ կայունություն եւ խաղաղություն հաստատելու հարցում:
Այս կապակցությամբ ես լիովին սատարում եմ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին եւ բարձր եմ գնահատում իմ անձնական ներկայացուցիչ՝ դեսպան Անջեյ Կասպրչիկի աշխատանքը՝ վստահության ամրապնդման ուղղությամբ:
Սակայն շարունակում են մտահոգել միջադեպերը տեղերում: Ընդհանուր առմամբ, ձգձգված հակամարտությունների հնարավոր սրման հատկանիշների մոնիտորինգը եւ ԵԱՀԿ շրջանակներում քաղաքական խորհրդակցությունների օգտագործումը իբրեւ կանխարգելման մեխանիզմ՝ Ղազախստանի նախագահության ժամանակ կդառնան առանցքային գործիքներ: Միաժամանակ մենք ամեն ձեւով կաջակցենք խաղաղ կարգավորման ուղղությամբ դրական քայլերին եւ միտումներին:
Այս կապակցությամբ կարեւոր ենք համարում ամրապնդել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հանդուրժողականությունը, վստահությունը եւ փոխըմբռնումը: Ղազախստանը, որպես պետություն, որը մեծ փորձ ունի ազգամիջյան համաձայնության պահպանման եւ միջմշակույթային երկխոսության ապահովման ոլորտներում, պատրաստակամ է իր ներդրումը ունենալ՝ այս գործընթացում հետաքրքրված բոլոր կողմերի հետ համագործակցությամբ:
Բաց, կայուն եւ ուժեղ տարածաշրջանային ընկերակցություն կառուցելը արդի աշխարհում հնարավոր է միայն երկխոսության հիման վրա՝ թե՛ բոլոր ԵԱՀԿ պետությունների եւ թե՛ հարեւան երկրների միջեւ: Այս կապակցությամբ մենք ողջունում ենք Հայաստանի եւ Թուրքիայի կողմից արված կոնկրետ քայլերը երկկողմ հարաբերությունների նորմալացման ուղղությամբ: Հուսով ենք տեսնել այս դրական նախաձեռնության հետագա առաջընթացը եւ պատրաստ ենք հնարավորինս աջակցել ձեր երկու երկրների միջեւ վստահության վերականգմանն ուղղված ջանքերին:
Ներքաղաքական երկխոսության խթանումը Հայաստանում մշտապես իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների անբաժանելի մասն է կազմում, եւ ԵԱՀԿ-ն լիովին աջակցում է համապատասխան գործընթացներին: Օգտվելով առիթից՝ կուզենայի հատուկ ընդգծել այս գործում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կարեւոր դերակատարությունը, որը 2000 թվականին իր գործունեության մեկնարկից ի վեր Հայաստանի իշխանությունների հետ սերտ համագործակցություն է հաստատել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են Ընտրական օրենսգրքի, ոստիկանության, դատական համակարգի բարեփոխումները, ինչպես նաեւ տնտեսության ճգնաժամային իրավիճակներին դիմակայելը եւ բնապահպանական խնդիրների լուծումը:
Մենք գիտակցում ենք Հայաստանի եւ Հարավային Կովկասի կարեւորությունը ԵԱՀԿ տարածքում անվտանգության եւ կայունության հարցերում: Այս համատեքստում մենք ակնկալում ենք արդյունավետ համագործակցություն Հայաստանի իշխանությունների հետ ԵԱՀԿ հզորացման եւ նրա արդյունավետության ու պահանջարկվածության բարձրացման ուղղությամբ: Կարեւոր է նաեւ Կորֆու գործընթացի զարգացումը, որը ԵԱՀԿ մասնակից պետությունների երկխոսության առարկան է գործունեության բոլոր երեք ուղղություններով:
Ղազախստանը խորապես շնորհակալ է Հայաստանին ԵԱՀԿ-ում մեր նախագահությանը հետեւողական աջակցություն ցուցաբերելու համար, մասնավորապես նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի՝ 2010 թվականին ԵԱՀԿ գագաթաժողով անցկացնելու նախաձեռնությանը մասնակցելու համար: Ակնկալում ենք հետագա արդյունավետ համագործակցություն մեր հայ գործընկերների հետ՝ ի նպաստ մեր պետությունների եւ ամբողջ ԵԱՀԿ տարածաշրջանի անվտանգության ու բարգավաճման:
ԿԱՆԱՏ ՍԱՈՒԴԱԲԱԵՎ
Պետական քարտուղար,
Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել