Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կոտայքում հարց չկա՞

Փետրվար 16,2010 00:00

Ինչպես Հայաստանի այլ մարզերում, Կոտայքում եւս մարզի խորհուրդը լսել է մարզպետի հաշվետվությունը անցած տարի կատարված աշխատանքների վերաբերյալ:

Ինչպես այլ մարզերում, Կոտայքում էլ քննարկմանը ներկա է եղել ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը: Ի տարբերություն այլ մարզերի, Կոտայքում, դատելով մարզպետ, հանրապետական Կովալենկո Շահգալդյանի խոսքից, խնդիրներ գրեթե չկան: Համենայնդեպս, այս տպավորությունն ես ստանում Կոտայքի մարզպետարանի տարածած հաղորդագրությունից:
Մարզի երեւացող եւ չերեւացող պաշտոնները իրենով արած, իր ընտանիքի անդամներին ու հարազատ-ընկերներին նվիրած մարզպետ Կովալենկո Շահգալդյանը հայտարարել է, որ «զգալի բարձրացել է համայնքների հողի հարկի եւ գույքահարկի հավաքագրման մակարդակը»: Ըստ թվերի, սակայն, աճը ընդամենը 3% է կամ մոտ 50 միլիոն դրամ: Նկատենք, որ պետական բյուջեից մարզերին տրվող դոտացիաները տարեկան 250 միլիոնով են աճում, իսկ Կոտայքում համայնքների ընդհանուր եկամուտների ավելի քան 55%-ը հենց պետական դոտացիաներ են, համայնքները հազիվ 45%-ն են ապահովում:
Միակ խնդիրը, որ ներկայացրել է Կովալենկո Շահգալդյանը՝ Կոտայքում բնակարանի կարիք ունեն ժամանակավոր կացարաններում բնակվող 326 փախստական ընտանիք:
Մնացած ամեն ինչ պարզապես հրաշալի է: Մարզի 67 համայնքներից գազիֆիկացված է 61-ը՝ 7 քաղաք եւ 54 գյուղ: Կոտայքում աճ կա բոլոր ուղղություններով. բնական գազ ունեցողների քանակն է աճել, բարձրացել է վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակը, բարելավվել է ցանքատարածությունների կառուցվածքը՝ հացահատիկի եւ կարտոֆիլի ցանքերը հիմնականում կատարվել են բարձր բերքատու էլիտար սորտերով, ավելացել է ինտենսիվ սորտերի տեսակարար կշիռը, ավելացել են մատակարարված ոռոգման ջրի գանձումները՝ հասնելով 94%-ի եւ այլն: Ի վերջո, Շահգալդյանը նշել է, որ «2009 թվականի ընթացքում տեղի ունեցած գործընթացների նմանատիպ վերլուծությունն ու քննարկումը ինքնին լավագույն հենք է դառնալու այս տարվա բոլոր ծրագրերի ու նախաձեռնությունների արդյունավետ իրագործման համար»:
Իսկ թե ուր մնացին այն խնդիրները, որոնց ԶԼՄ-ները եւ մասնավորաբար «Առավոտը» անդրադառնում էին ողջ տարվա ընթացքում (օրինակ, «Առավոտի» 2009 թվականի սեպտեմբերի 23-ին հրապարակված «Խաղողագործները «սպառնում» են» նյութը)՝ Շահգալդյանը չի ասել: Բայց, ըստ պաշտոնական հաղորդագրության, համայնքապետերն են Արմեն Գեւորգյանին հարցեր տվել «համայնքային կարեւորություն ունեցող մի շարք խնդիրների մասին»: Թե ինչ խնդիրներ են դրանք՝ Կոտայքի մարզպետարանը չի մանրամասնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել