Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՉԻՆՉ ՉՏՎՈՂ ՕՐԻՆԱԳԻ՞Ծ

Փետրվար 16,2010 00:00

Նոր հարկատեսակներ սահմանելու՝ կառավարության նախաձեռնությունը առնվազն
մի քանի տարի մնալու է թղթի վրա եւ համայնքներին ոչինչ չի տալու:

«Հարկերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու ՀՀ կառավարության նախաձեռնության քննարկումը ԱԺ-ում հետաձգվել է մինչեւ այս ամսվա վերջ, սակայն օրինագծի բարձրացրած աղմուկը դեռ չի մարում: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը առաջարկում է Հայաստանի 914 համայնքների ավագանիներին իրավունք տալ պարտադիր հարկերին՝ հողի հարկին եւ գույքահարկին զուգահեռ, սահմանել ութ նոր հարկատեսակ. հյուրանոցային հարկ, վաճառքի հարկ, անավարտ շինարարության (կամ ոչ պատշաճ պահպանված անշարժ գույքի) հարկ, գյուղատնտեսական նշանակության անմշակ հողերի հարկ, կառուցապատման նշանակության հողատարածքների ոչ նպատակային օգտագործման հարկ, համայնքի սեփականություն համարվող օբյեկտների վրա գովազդ տեղադրելու հարկ, տրանսպորտային միջոցների կայանատեղի հարկ, հանրային տարածքների զբաղեցման հարկ:
Օրինագծին դեմ արտահայտվողների բերած փաստարկներից մեկը հարկային բեռը մեծացնելու անթույլատրելիությունն է, մյուսը՝ հետեւյալն է. մարզերում ինչ-որ օլիգարխ, պաշտոնյա կամ նման մեկը հարյուրավոր հեկտարներով հողեր ունի, մշակում է «իր քեֆով», իսկ հազիվ կես հեկտար հող ունեցող գյուղացին զրկվում է ջրից, այս օրենքը գյուղացուն ստիպելու է չմշակվող գյուղատնտեսական հողի հարկ վճարել ու ճարահատ գյուղացին հողը «ջրի գնով» վաճառելու է հարուստին: Մի խոսքով՝ օրինագծի ընդունման պարագայում հարուստները ավելի են հարստանալու, աղքատները՝ ավելի աղքատանալու: Այս փաստարկները, անշուշտ, հիմնավոր են: Մեր զրուցակից մի քանի գյուղապետեր հենց այս հիմնավորումները ներկայացնելով, ասացին, թե նախագիծը իրենց սրտով չի եւ իրատես քաղաքականության տեսակետից՝ առնվազն անհասկանալի, քանի որ համայնքներում առաջին արձագանքը՝ վրդովմունքն ու զայրույթն է: Ով՝ ով, համայնքապետերը հո շատ լավ գիտեն, թե մարդիկ ինչ են մտածում այս իշխանությունների մասին:
Սակայն դատելով «Հարկերի մասին» օրենքում փոփոխությունների մասին օրինագծից, այն օրենք դառնալու պարագայում ձեւական է լինելու, չգործող: Համենայնդեպս, առաջիկա մեկ-երկու տարում:
Այս նախագծով սահմանված են միայն տեղական հարկերի անունները, առանց դրանց հստակ ձեւակերպումների: Ըստ նախագծի 13.1 հոդվածի, «Տեղական հարկերի տեսակները սահմանվում են սույն օրենքով: Տեղական հարկերի առանձնահատկությունները սահմանվում են յուրաքանչյուր հարկատեսակի մասին օրենքով»: Օրինակ, անավարտ շինարարության (կամ ոչ պատշաճ պահպանված անշարժ գույքի) հարկ: Տնտեսագետ լինելու կարիք չկա, հասկանալու համար, որ 10 տարի անտեր թողնված եւ 15 կամ 20 տարի անտեր թողնված եւ չպահպանված գույքը տարբեր աստիճանի մաշվածություն կունենա եւ տարբեր չափով պետք է հարկվի: Այդ չափերը եւ չափորոշիչները դեռ սահմանել է պետք: Որն է պատշաճը, որը՝ ոչ պատշաճը, որը՝ աններելի ոչ պատշաճը, որը՝ անվայելուչ աստիճանի կամ հանցավոր անփութության աստիճանի ոչ պատշաճը: Նույնը վաճառքի հարկի կամ ավտոկայանատեղերի հարկի համար՝ հստակ չափորոշիչներ են պետք, որոնք պետք է առանձին օրենքներով սահմանվեն: Ըստ այս նախագծի, «Տեղական ինքնակառավարման մարմինը, տեղական հարկի յուրաքանչյուր տեսակ կարող է կիրարկել այդ հարկի մասին օրենքի ընդունումից հետո՝ հաջորդ տարվա սկզբից»: Մի խոսքով, հասկանալի չէ, թե ինչ խնդիր է լուծելու այս նախագիծ-օրենքը, եթե, իհարկե, կառավարությունն ու Ազգային ժողովը գզրոցներում պահած այլ նախագիծ չունեն, որը հրապարակ են հանելու սրա ընդունվելուց անմիջապես հետո, բացահայտելով իրական նպատակները: Բայց, ամեն դեպքում, հստակ է, որ գոնե 2011-ից շուտ այս օրենքը չի կարող գործել: Իսկ 2012-ին նոր ԱԺ ենք ընտրելու: Հայկական պառլամենտարիզմի փորձը ցույց է տալիս, որ ընտրությունների նախորդող տարում մեր «կոճակ սեղմող» օրենսդիրները օրենք գրելու ժամանակ չեն ունենում, ԱԺ-ում քվորում չի լինում, պատգամավոր չի լինում, օրենսդրական գործունեությունը հիշեցնող ոչինչ չի լինում (այդ նույն պահին համայնքապետերը զբաղված են լինում հարազատ կուսակցության հաղթանակը ապահովելու գործով): Ու ստացվում է, որ այս ԱԺ-ն կարող է եւ չհասցնել ընդունել բոլոր ութ հարկատեսակների մասին օրենքներ ու աղմուկ հանած «Հարկերի մասին» օրենքում փոփոխությունները կարող են օրենք դառնալով մնալ թղթի վրա:
Մի խնդիր էլ կա: Հայաստանի գյուղերի կեսից ավելին փոքր համայնքներ են, ուր բոլորը բոլորին ճանաչում են, ազգակցական կապերով կապված են ու հարկային վարչարարությունը, հարկահանությունը առանձնապես չի ոգեւորում համայնքապետերին: Որոշ գյուղապետեր բարձրաձայն դժգոհել են, թե սխալ է համայնքապետարանին հարկահանի գործառույթ տալ, քանի որ գանձողն ու գանձվողը ազգականներ են, թող պետությունը հավաքի գումարը ու տա համայնքին: Այնպես որ, անգամ եթե նախագիծը օրենք դառնա, փոքր համայնքներում մնալու են միայն պարտադիր հարկերը՝ հողի հարկ եւ գույքահարկ: Համայնքը, որ կամավոր կարող է նշված հարկատեսակները կամ դրանց մի մասը սահմանել, չի սահմանելու, ինչքան էլ Երեւանում նստած պաշտոնյաները հորդորեն, հրահանգեն, կարգադրեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել