Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ ՉԵՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ

Փետրվար 16,2010 00:00

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ժամանակն աշխատում է կողմերի դեմ: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքսը», Վիգեն Սարգսյանն այդ մասին ասել է փետրվարի 12-ին Վաշինգտոնում՝ Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնում (CSIS) հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարների քննարկման ընթացքում: ՀՀ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը կարծիք է հայտնել, որ սկսելով երկխոսությունը՝ երկու կողմերն էլ ղեկավարվել են այն գիտակցմամբ, որ «ժամանակը բարենպաստ գործոն չէ այդ գործընթացում»: «Որքան երկար է ձգվում այդ գործընթացը, այնքան ավելի շատ բարդություններ են ի հայտ գալիս»,- բացատրել է Վիգեն Սարգսյանը՝ մատնանշելով ինչպես արտաքին, այնպես էլ ներքին գործոնները: Նա ընդգծել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն իր մեջ կրում է որոշակի սպառնալիքներ ԼՂ բանակցությունների համար: «Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր ցանկացած զիջումները երկրի ներսում կարող են ընկալվել որպես Թուրքիայի կողմից ճնշումների արդյունք: Այդ պատճառով մենք կարծում ենք, որ գործընթացն իր ներկայիս տեսքով, առանց հստակ ժամանակային սահմանների, կարող է վնաս հասցնել ղարաբաղյան կարգավորմանը»,- ասել է Վիգեն Սարգսյանը: «Մենք ներկայումս գտնվում ենք մի իրավիճակում, երբ պահանջվում է քաղաքական որոշում կայացնել: Գործընթացը հեռուն է գնացել, երկու կողմերը դրանում ներդրել են մեծ քաղաքական կապիտալ: Միաժամանակ, հայկական կողմը չի սահմանում վավերացման վերջնաժամկետ մի շարք պատճառներով: Նախ, նման ժամկետները այնքան էլ տեղին չեն դիվանագիտության մեջ, քանի որ ազդում են կողմերի ճկունության վրա: Երկրորդ, մենք կարծում ենք, որ դա շատ լավ մեկնարկ չէ երկու երկրների միջեւ հարաբերությունների համար, որոնք չեն խոսել տասնամյակներ շարունակ: Վերջապես, դա կարող է ստեղծել որոշակի հասարակական ակնկալիքներ, ինչը եւս կբարդացնի կողմերի գործողությունները: Միաժամանակ, մենք մեր թուրք գործընկերներին հստակ ասել ենք, թե որն է մեզ համար «անվերադարձելիության կետը»»,- ասել է Վիգեն Սարգսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել