Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՐՏԱԳՆԱ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՏՆԵՐ Է ՔԱՆԴՈՒՄ

Փետրվար 16,2010 00:00

Խոպանչիներն արտերկրում հաճախ նոր ընտանիքներ են կազմում

«Երկու տարի առաջ հունվարին Արշակը եկավ եւ մեկ ամիս էլ չէր անցել՝ շտապ գնաց… Հետո իմացա, որ ուրիշ կնոջից աղջիկ է ունեցել»,- պատմում է Արեւիկ Մարգարյանը:
Արդեն տասնչորս տարի է՝ Արեւիկ Մարգարյանը ամուսնացած է Արշակ Հարությունյանի հետ: Արեւիկի պատմելով՝ ամուսնու հետ շատ ծանր օրեր են ապրել. բնակվել են վարձակալած տանը, նրանցից ոչ ոք չէր աշխատում, եղել են օրեր, որ նույնիսկ հաց չեն ունեցել: «Մի օր Արշակը եկավ տուն եւ ինձ ասաց, որ իր ընկերը սալիկի արտադրամաս ունի Մոսկվայում եւ իրեն ուզում է տանի այնտեղ աշխատելու: Սկզբից դեմ էի, բայց հետո հասկացա, որ ուրիշ ելք չունենք: Եթե սոված նստենք տանը, մեզ ոչ ոք ամեն օր հաց չի տա: Նա գնաց, իսկ ես մնացի մենակ»,- ասում է Արեւիկը: Ամուսինները երեխա չունեին եւ չէին ունենալու. Արեւիկն առողջական խնդիրներ ուներ: «Ամեն ամիս Արշակը փող էր ուղարկում: Դրա մի մասով պարտքերն էի փակում, մնացածով էլ գոյատեւում»,- ասում է Արեւիկը: Նա պատմում է, որ այդ տարի ամուսինը եկավ եւ ասաց, որ Մոսկվայում առավել անվտանգ եւ ապահով ապրելու համար պետք է գրանցվի այնտեղ:
Արշակ Հարությունյանն էլ հիշողություններ ունի իր «խոպանչի» առաջին տարիներից: «Ընկերս ծանոթացրեց ինձ մի սիրուն աղջկա հետ (ծիծաղում է -Հ. Հ.) եւ ասաց, որ կարող եմ նրա հետ զագսում ամուսնանալ՝ Ռուսաստանի քաղաքացիություն ձեռք բերելու համար: Ես էլ դեմ չէի (ծիծաղում է -Հ. Հ.)»,- ինձ հետ հեռախոսային զրույցում ասաց Արշակը: «Սա արդեն իմ դուրը չեկավ: Կտրականապես դեմ էի, բայց նա հավատացնում էր, որ դա ձեւական է՝ քաղաքացիություն ձեռք բերելու համար»,- ասում է Արեւիկը: Համոզելով Արեւիկին՝ Արշակը ամուսնանում է ռուս կնոջ հետ: «Բնականաբար, ես Արեւիկին չէի ասել, որ ապրում եմ Օլյայի հետ (կինը)»,- ասում է Արշակը:
 Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող Արշակի գործերը կտրուկ լավանում են: Նա դուրս է գալիս իր նախկին աշխատանքից (սալիկի արտադրամասում «Կամազի» վարորդ էր) եւ ինքն է դառնում անհատ ձեռներեց. այժմ նա ունի իր սեփական մեքենաները: «Միանգամից մեր վիճակը լավացավ: Մի տարի էլ Արշակը եկավ, ամբողջ տան համար կահույք գնեցինք, «BMV» մակնիշի ավտոմեքենա, այն գրանցեց իմ անունով եւ գնաց, հետո գումար ուղարկեց, նոր վերանորոգված տուն գնեցի եւ նրա հանձնարարությամբ այն նույնպես գրանցեցի իմ անունով»,- պատմում է Արեւիկը: Նա ասում է, որ Արշակն ամեն տարի գալիս էր, իրեն տեսնում, բայց իրեն՝ Ռուսաստան տանելու մասին խոսակցությունները վերածվում էին վեճերի: «Հիմա էլ երեխա ունի այնտեղ… Ամեն ամիս գումար է ուղարկում, ամեն ինչով ապահովված եմ, տուն ունեմ, մեքենա ունեմ, տարին մեկ անգամ էլ գալիս է, օրն էլ մի քանի անգամ զանգում, թվում է, թե ես բողոքելու տեղ չունեմ, բայց ես… ես այնքան էլ երջանիկ չեմ,- ասում է Արեւիկը եւ ավելացնում,- այդ արտագնա աշխատանքը իմ տունը քանդեց»: Արշակն էլ պնդում է. «Արեւիկն իմ կինն է, ես նրան շատ սիրում եւ հարգում եմ, մենք միասին շատ դժվար օրերի միջով ենք անցել, հիմա ի՞նչ անենք, որ էսպես էղավ»:

Հ. Գ. Նյութում նշված հերոսների անունները փոխված են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել